ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների իրավիճակն աշխարհում. Amnesty International–ը հրապարկել է ամենամյա զեկույցը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 24-ին հրապարակել է 2012թ. տարեկան զեկույցը՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին։
Անդրադառնալով Հայաստանին, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, 2011թ.–ին առանձնացրել է հատկապես երեք խնդիր. հավաքների ազատություն, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունք ու կրոնական հայացքների պատճառով զինծառայությունից խուսափողների ազատազրկում։
«Հանվել է երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արգելքը և ընդունվել է Հավաքների մասին օրենքի բարեփոխված տարբերակը: Այնուամենայնիվ, մտահոգություններ են մնում խաղաղ հավաքների ազատության իրավունքը գործնականում կիրառելու առումով: Խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ ձևերը ոստիկանական բաժիններում նույնպես մտահոգության առարկա են հանդիսանում»,– ասված է զեկույցում:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը՝ ստորև.
Ընդհանուր տեղեկություններ
Հայ ազգային կոնգրեսը 2011թ. փետրվարին անց է կացրել լայնածավալ բողոքի ցույցեր: Նրանք կոչ են արել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, որոնք բանտարկվել էին 2008թ. հետընտրական բողոքներից հետո, նոր հետաքննություն նշանակել ոստիկանության և ցուցարարների միջև բախումների առնչությամբ, ինչի հետևանքով զոհվել են 10 և վիրավորվել 250 մարդ: Մայիսի 26-ին հայտարարվել է համաներում ` 2008 թ. տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ բանտարկված բոլոր անձնաց նկատմամբ: Ապրիլի 20-ին ՀՀ Նախագահը կարգադրել է նոր հետաքննություն անցկացնել դեպքերի ընթացքում 10 զոհերի գործով, սակայն տարվա վերջի դրությամբ ոչ ոք արդարադատությանը չի հանձնվել այս մահերի առնչությամբ:
Հավաքների ազատություն
Հավաքների ազատության հետ կապված մի շարք բարելավումներ են արձանագրվել: Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արգելքը հանվել է: Հրապարակը փակ էր ցույցեր անցկացնելու համար 2008թ. մարտին տեղի ունեցած բախումներից հետո:
Այնուամենայնիվ, մտահոգությունները շարունակվում են: Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նախորդ տարվա մայիսին հաղորդել էր «խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի ապօրինի և անհամարժեք խոչընդոտների մասին: Դրանք են` սպառնալիքները և հավաքների մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների աշխատանքի խախտում և որոշ վայրերում հավաքներ անցկացնելու լրիվ արգելքները»։
«Հավաքների մասին» նոր օրենքը Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն մտահոգություններ դեռևս կան: Այս առումով, հանձնաժողովը մտահոգիչ է համարում այն, որ ըստ օրենքի՝ արգելվում է հավաքներ կազմակերպել նախագահական նստավայրից, Ազգային ժողովից և դատարանների շենքերից որոշակի հեռավորության վրա, ցույցից առաջ 7-օրյա ծանուցման ժամկետի արտասովոր երկար լինելը, և այն, որ սահմանադրական կարգի ուժով տապալում, ռասսայական, էթնիկ կամ կրոնական ատելություն կամ բռնություն հրահրող հանրահավաքներն արգելող հոդվածները չափազանց ընդհանրական են:
Խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր
Խոշտանգումը և վատ վերաբերմունքի այլ ձևերը շարունակում են մտահոգության առարկա մնալ: ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման գծով Աշխատանքային խումբը փետրվարին հրապարակած զեկույցում նշել է, որ իրենց հետ զրուցած կալանավորվածներից և դատապարտյլաներից շատերը ենթարկվել են վատ վերաբերմունքի և ծեծի ոստիկանության բաժիններում: Ոստիկանությունը և քննիչները կիրառում են վատ վերաբերմունքը խոստովանություն ստանալու նպատակով, իսկ դատախազները և դատավորները հաճախ հրաժարվում են դատաքննության ընթացքում ընդունել վատ վերաբերմունքի հետ կապված ապացույցները:
Օգոստոսին Խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն հաղորդել է, որ զգալի թվով փաստարկված մեղադրանքներ է ստացել խոշտանգումների մասին: Որոշ դեպքերում այդ մեղադրանքները կարելի է որակավորել որպես խոշտանգում, որը կիրառվել է ոստիկանների կողմից սկզբնական հարցաքննությունների ժամանակ:
Մեկ տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել Ազգային կանխարգելման մեխանիզմ` ազատազրկման վայրերում դիտորդություն իրականացնող անկախ մարմին ստեղծելու ուղղությամբ` ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ Հայաստանի ստանձնած պարտականություններին համաձայն: Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ներսում ստեղծվել է մասնագիտական խորհուրդ, որը պետք է գործի որպես Ազգային կանխարգելման մեխանիզմ: ՀԿ-ների և փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել և հաստատվել են Ազգային կանխարգելման մեխանիզմի կազմը և ուղենիշները: Ազգային կանխարգելման մեխանիզմի կազմը ձևավորելու գործընթացը սկսվել է հոկտեմբերին:
•Օգոստոսի 9-ին յոթ երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք ձերբակալվել են ոստիկանության հետ բախումից հետո, հայտնել են, որ ծեծի և վատ վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանությունում: Հաղորդվել է, որ ակտիվիստները ծեծի են ենթարկվել և ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանք փորձել են միջամտել ոստիկանների կողմից մեկ այլ մարդու խուզարկությանը: Ակտիվիստները համացանցում տեղադրել են լուսանկարներ, որոնք, իրենց խոսքերով, արել են բջջային հեռախոսներով: Դրանց վրա երևում են վնասվածքներ նրանց դեմքի և մեջքի վրա: Տարվա վերջի դրությամբ, չի իրականացվել հետաքննություն ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի կիրառման մեղադրանքների առնչությամբ:
Խղճի բանտարկյալներ
Դեկտեմբերի դրությամբ, 60 մարդ ազատազրկման է ենթարկվել իրենց համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունը կատարելուց հրաժարվելու համար: Այլընտրանքային ծառայությունը շարունակում է մնալ զինված ուժերի վերահսկողության տակ:
