Բռնության սպառնալիքների պատճառով «Բազմազանության շաբաթը» չի կայանա

Երեկ «Բազմազանության
շքերթով» մեկնարկած «Բազմազանության շաբաթ» միջոցառումների շարքը չի կայանա: Այս
մասին www.hra.am –ին հայտնեց «Հանրային
տեղեկատվություն և գիտելիքի կարիք»
(PINK Armenia) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

Միջոցառումները չեղյալ են
հայտարարվել՝ ելնելով մարդկանց անվտանգությունից:
Այդ որոշումն այսօր կայացրել են
միջոցառումների կազմակերպիչներ PINK Armenia և Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ները՝ համատեղ քննարկման արդյունքում:

Մայիսի 21–ին մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված երթին զուգահեռ կազմակերպվել
էր հակադիր երթ (նրանք դեմ էին բազմազանության երթին՝ ներկայանալով միասեռականների
դեմ ուղղված պաստառներով և հայտարարություններով). միայն ոստիկանների միջամտությամբ
էր հնարավոր լինում կանխել բռնության դեպքերը։

Ազգայնականների հակացույցն ինքնաբուխ չէր

«Հայաստանի
հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում
հայտարարել է, որ «Բազմազանության երթի» դեմ ազգայնականների կողմից անցկացված բողոքի
ակցիան իրականում կազմակերպված էր իշխանությունների կողմից:

«Սա
շատ հարմար էր ընտրություններից հետո՝ մոռացնել տալու դրա խայտառակությունը, որ ապացուցեց,
որ ժողովրդավարություն չկա Հայաստանում: Սա առաջինն էր կազմակերպված իշխանության կողմից,
և էլի է լինելու»,- ասել է Դանիելյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդուրժողականություն
չկա Հայաստանում ո՛չ իրավապաշտպանների, ո՛չ իշխանությունների, ո՛չ լրագրողների կողմից:

Գրող, հրապարակախոս Մարինե
Պետրոսյանը համամիտ է, որ ազգայնականների ակցիան ինքնաբուխ չէր, այլ կազմակերպված
էր: Նա նշել է, որ կազմակերպիչներից մեկը բլոգեր Տիգրան Քոչարյանն է՝ Փիղ
մականունով:

Մարինե Պետրոսյանը,
վերլուծելով տարածաշրջանում կատարվող գոևծընթացները, ենթադրում է, որ դա
Ռուսաստանից ուղղորդվող ծրագիր է: «Սա արվում է, որպեսզի մենք խնդրենք, որ
ռուսական բանակը գա, մեզ փրկի: Ուզում են, որ միասեռականների իրավունքներով
տարվելով` մարդիկ մոռանան այլ իրավունքների մասին, ինչը նաև մեր իշխանությունների
շահերից է բխում: Բայց դա շատ կարճատես ծրագիր է, քանի որ եթե Հայաստանը փլվի,
առաջին հերթին, իշխանության գլխին է փլվելու»,- ասել է հրապարակախոսը:

Անբարոյականության նկատմամբ հանդուրժող չեն
լինելու

«Հայացք» մամուլի ակումբում
«Հայազն» միության անդամները հայտարարեցին, որ ակցիան ինքնաբուխ էր և իրենք էլ
մասնակցում էին՝ պայքարելու «մարտնչող անբարոյության քարոզի դեմ»:

«Մենք դեմ ենք մարտնչող
անբարոյականությանը: Անբարոյականություն ասելով՝ նկատի ունեմ արժեքներ, որոնք
խեղում են հասարակությանը, համասեռամոլների պրոպագանդան, որ այսօր արվում է: Մենք
այդքան համասեռամոլներ չունենք, ինչքան դրա պրոպագանդան է շատ: Մարդիկ դրսից
ֆինանսավորվում են՝ եվրոպացիների կապույտ գրպաններից, և էդ փողի դիմաց այստեղ
անբարոյականություն են քարոզում: Մենք այդ երևույթի դեմ ենք պայքարում, մենք
կոնկրետ համասեռամոլներին դեմ չենք»,- նշեց «Հայազն» միության անդամ Դավիթ
Խոսրովյանը:

Իսկ նույն միության մեկ այլ
անդամ՝ Արմեն Աղայանն ասաց, որ իրենք ավելի խորքային խնդիր են տեսնում:

«Մարդու իրավունքները կոնկրետ
այս դեպքում շատ ակնառու ձևով բախվում են մեզնից յուրաքանչյուրի պարտականությունների
հետ, ասենք՝ երեխա դաստիարակելու, երկրի անվտանգությունն ապահովելու
պարտականության, և այս բախման մեջ մենք պետք է կատարենք շատ լուրջ ընտրություն»,-
նշում է Աղայանը:

«Միասեռականին անբարոյական
ասելը (Սահմանադրությունը թույլ տա-չտա) դա իմ պարտականությունն է, ոչ թե
իրավունքը: Ամեն անբարո երևույթ ես պետք է ասեմ իմ երեխային՝ տղա՛ ջան, այ սա
անբարոյություն է»,- ասում է «Հայազն» միության անդամը՝ հավելելով, որ «Սահմանադրությունը
հավերժական չէ, փոփոխական է»:

Դավիթ Խոսրովյանն էլ իր
հերթին հայտարարում է, որ իրենք անբարոյականության նկատմամաբ հանդուրժող չեն
լինելու:

Մայիսի 22-ին «Հայազն»
միության անդամները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Եվրամիության
բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի՝ «Ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի
միջազգային օրվան» նվիրված մայիսի 17-ի հայտարարությունը և դրան պաշտոնական Երևանի
միանալը:

Բողոքում են` ՀՀ սահմանադրության համաձայն, բայց նաև «թքած
ունեն» ՀՀ սահմանադրության վրա

Ինչպես արդեն նշեցինք,
մայիսի 21-ին մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթին զուգահեռ մի խումբ
երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Մինչ շքերթի մեկնարկը սոցիալական ցաներում կարծիքներ էին շրջանառվում, թե  «Մշակութային բազմազանության» խորագրի տակ իրականում
«գեյ շքերթ» է լինելու:

«Հեռու պահեք երեխաներին», «Սրանք գոլուբոյ են», «Ոչ այլասերմանը» և այլ ցուցապաստառներով
երիտասարդները բազմազանության շքերթի մասնակիցների հասցեին հնչեցված տարբեր վանկարկումներով
և պիտակներով փորձում էին ասել, որ իրենք «միշտ հայ» կմնան, իսկ «գոմիկներին կուղարկեն
Բաքու»:

Նույնասեռականությանը դեմ արտահայտվող
երիտասարդները տարբեր հայտարարություններ էին 
հնչեցնում, որ պատրաստ են վառել, ծեծել ու երկրից վտարել համասեռամոլներին:

Ակցիայի մասնակիցներից մեկը
լրագրողներին տված հարցազրույցում բացահայտ հայտարարել է, որ իրենք «թքած ունեն ՀՀ սահմանդրության»
վրա, իսկ մեկ այլ մասնակից նույն Սահմանադրությունն է ցիտել՝ արդարացնելու համար իրենց
ինքնաբուխ ակցիան:

Մի երիտասարդ էլ զգուշացրել
է, որ «DIY ակումբի պայթյունը չարյաց փոքրագույնն է»:

Ակցիայից հետո՝ մայիսի
21-ի գիշերը, մի խումբ երիտասարդներ հարձակում են գործել  DIY ակումբի վրա՝ ջարդելով և վնասելով ակումբի
գույքը: Սա արդեն երկրորդ հարձակումն է նույն ակումբի վրա:

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ մայիսի 8-ին,
երկու երիտասարդ հրկիզել էին DIY
ակումբը, որտեղ հաճախում են տարբեր սեռական կողմնորոշում
ունեցող մարդիկ:
«Բազմազանության շքերթի» մասնակիցների մի մասն այդ ակումբի հաճախորդներ
են:

Հավելենք, որ ԱԺ երկու պատգամավորներ՝ ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր
Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իրենց կողմից
արված հայտարարություններով սատարել են ակումբը հրկիզողներին, որի վերաբերյալ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն արտահայտել է իր բացասական դիրքորոշումը:

Ծայրահեղականներն ամեն
կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը

Մայիսի 21-ին հայտարարություն են տարածել «Բազմազանության շքերթի»
կազմակերպիչ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպությունները:

«Երթի վերաբերյալ սոցիալական ցանցերով տարբեր անձանց կողմից
տարածվել էր ապատեղեկատվություն, թե իբր միջոցառումն այլ ենթատեքստ ունի` «գեյ շքերթ»
է: Այդ կապակցությամբ ծայրահեղական տրամադրված խմբերը, «հայրենասիրության» լույսի ներքո,
կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ
բռնություն գործադրելու նպատակով: 

Ֆաշիստական լոզունգներ, մասնավորապես` «zieg heil» գոռալով,
սպառնալիքներով, հայհոյելով, ֆիզիկական բռնության կոչերով ու գործողություններով` ծայրահեղականներն
ամեն կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը` ահաբեկելով խաղաղ երթի մասնակիցներին»,- նշված
է հայտարարության մեջ:

Կազմակերպիչները համոզված են, որ տեղի են ունեցել քրեորեն պատժելի
արարքներ, մասնավորապես` ՀՀ սահմանադրությամբ արգելված խտրականության վրա հիմնված ատելության
բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ:

Մերի Ալեքսանյան

Կարինե Իոնեսյան