ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ–ի մոտեցումները՝ մարդու իրավունքների կոնկրետ հարցերին

«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 ուժերին հարցեր էր ուղղել՝ պարզելու նրանց դիրքորոշումը մարդու իրավունքներին առնչվող կոնկրետ խնդիրների վերաբերյալ։
Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրեսի պատասխանը մեր հարցադրումներին։
Մարդու իրավունքները Հայաստանում. ո՞ր իրավունքներն են հիմնականում խախտվում, ո՞ր ուղղությամբ աշխատանքներ կտանեք։ Ձեր առաջնահերթությունները.
ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է միջազգային հանրաճանաչ փաստաթղթերում սահմանված գրեթե բոլոր իրավունքները, սակայն Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը սահմանադրական ամրագրում ստացած իրավունքների կենսագործումն է: Մարդու իրավունքները Հայաստանում խախտվում են զանգվածաբար և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Այս անընդունելի վիճակի հիմնական պատճառը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդաիշխանության սկզբունքի և դրա դրսևորումը հանդիսացող ու 4 –րդ հոդվածում տեղ գտած ընտրական իրավունքի ոտնհարումն է: ՀՀ քաղաքացիները փաստացի օտարված են իշխանության ձևավորման գործընթացից, ինչի հետևանքը մեր երկրում ոչ օրինակարգ (լեգիտիմ) վարչակազմի գոյությունն է: Այսօրվա Հայաստանում կոպտորեն ոտնահարվում են նաև խոսքի և խաղաղ հավաքների իրավունքները:
Հետևաբար Հայ ազգային կոնգրեսի առաջնահերթ նպատակն է Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը, որի հիմքը իշխանության ձևավորման ժողովրդի իրավունքի իրացումն է: Օրինական իշխանության առկայության պայմաններում ամուր հիմքեր կստեղծվեն մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ողջ համալիրի գործողության համար:
Խնդրում ենք ներկայացնել Հայ ազգային կոնգրեսի տեսակետը հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Խոշտանգումներ և վատ վերաբերմունք. ի՞նչ քայլեր եք նախատեսելու դրանց կանխարգելման և բացահայտման համար:
Խոշտանգման արգելումը միջազգային հանրաճանաչ պայմանագրերով նախատեսված և jus cogens կարգավիճակ ունեցող նորմ է, ինչը նշանակում է, որ այն պարտադիր է բոլոր պետությունների համար: Հայաստանը միացել է խոշտանգումն արգելող միջազգային համաձայանագրերին, որոնցից են Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիան և այլն: Այդպիսով մեր պետությունն իր վրա պարտավորություն է վերցրել պայքարել խոշտանգման և վատ վերաբերմունքի դրսևորման երևույթների դեմ ու կանխարգելել դրանք: Որպես խորհրդարանում էական դերակատարություն ստանձնելու հավակնություն ունեցող քաղաքական ուժ` Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածում փոփոխություն կատարելու նպատակով: Այդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում խոշտանգման համար, թերի է և հանցակազմի իմաստով չի արտացոլում խոշտանգման էության և բովանդակության այն բնորոշումները, որոնք նախատեսված են վերը նշված միջազգային պայմանագրերով: Իրավական այս բացի հետևանքով նախ չի ապահովվում խոշտանգման կանխարգելման և պատժի ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, խնդիր է առաջանում նաև իրավական որոշակիության և պատժի անխուսափելիության սկզբունքի տեսանկյունից: Ուստի մեր առաջին քայլերից մեկը կլինի ՀՀ քրեական օրեսնգրքում խոշտանգման հանցակազմի համապատասխանեցումը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերում տեղ գտած սահմանմանը: Խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ մեր քաղաքական ուժի կողմից ձեռնարկվելիք քայլերի շարքում կարելի է նշել իրավապահ և դատական համակարգերում բարեփոխումների կատարումը և այդ համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: (Դատաիրավական ոլորտում Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներն արտացոլված են դատաիրավական բարեփոխումների ծրագրում, որին կարելի է ծանոթանալ Կոնգրեսի կայքում (www.anc.am):
2. Դատական իշխանության և դատավորի անկախության ապահովում.ինչպե՞ս եք ծրագրում հասնել առավել անկախության ապահովման:
Հայ ազգային կոնգրեսը դատական իշխանության և դատավորի անկախության ամենալուրջ քաղաքական գրավականը համարում է իշխանության թևերի իրական անջատումը։ Մի իրոություն, որը այսօրվա Հայաստանում խաթարված է և ըստ էության չի գործում: Խորհրդարանի, որպես գործադիր իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական մարմնի չգոյությունն է հնարավոր դարձնում, որ իշխանության գործադիր թևը իր տակ ճզմի մյուս թևերին՝ օրենսդիր եւ դատական։
Այս խնդրին մանրամասն անդրադարձ է արվել դատաիրավական բարեփոխումների մասին Հայ ազգային կոնգրեսի կետերը:
3. Ի՞նչ գործողություններ եք պլանավորում աշխատանքային օրենսդրության խախտումների դեմ պայքարելու համար: Մասնավորապես, ի՞նչ եք անելու առանց աշխատողի հետ պայմանագիր կնքելու նրան աշխատանքի ընդունելու, ինչպես նաև օրենքով սահմանված առավել աշխատանքային ժամանակից ավելի աշխատեցնելու երևույթները կանխելու դեմ:
Այսօր Հայաստանում աշխատողը գտնվում է իրավազուրկ և գործատուից կախյալ վիճակում: Գործատուների կողմից խախտվում են աշխատողների իրավունքները. գործատուներն աշխատողների հետ պայմանագիր չեն կնքում և նրանց վերցնում են աշխատանքի բանավոր պայմանավորվածության հիման վրա կամ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որը կրում է ձևական բնույթ` իրականում որևէ ազդեցություն չունենալով աշխատողի իրավական դրության վրա:
Հայ ազգային կոնգրեսը ծրագրում է իր խորհրդարանական գործունեության հանդես գալ աշխատանքային օրենսդրության, այդ թվում արհմիությունների մասին օրենսդրության բարեփոխման առաջարկությամբ: (մանրամասնորեն տես. Կոնգրեսի 100 քայլ ծրագրի 73 և 74 կետերը http://www.anc.am/am/60/359)
Ամփոփելով հարկ ենք համարում նշել, որ աշխատավորների և ընդհանրապես մարդու և քաղաքցու ցանկացած իրավունքի լավագույն պաշտպանությունը դիտում ենք անկախ և էֆեկտիվ դատարանի գոյության մեջ, որի կայացման մեխանիզմի մասին խոսեցինք նախորդ կետում։
4. Նշեք ձեր գործողությունները Հայաստանում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումների ուղղությամբ:
ՀՀ-ում քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրությունն ունի լուրջ բարեփոխումների կարիք: Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներն արտացոլված են դատաիրավական բարեփոխումների ծրագրում, որին կարելի է ծանոթանալ Կոնգրեսի կայքում (www.anc.am):
5. Մարտի 1–ի զոհերի ընտանիքներին պետք է տրամադրվի փոխհատուցում: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո՝ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը հանդիսանում է Հայ ազգային կոնգրեսի հիմնական նպատակներից մեկը:
Հայ ազգային կոնգրեսը բազմիցս հանդես է եկել մարտի 1-ին սպանված և վիրավորված անձանց ընտանիքներին պետության կողմից նյութական փոխհատուցում տրամադրելու պահանջով: Իրավական տեսանկյունից իշխանությունների անիրավաչափ գործողությունների հետևանքով սպանված քաղաքացիների ընտանիքները կամ մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով վիրավորված քաղաքացիները և նրանց ընտանիքներն ունեն վնաս պատճառած կողմի` պետության կողմից նյութական փոխհատուցում պահանջելու իրավունք: Այդ իրավունքը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-1087 հոդ.։ Հարկ է ընդգծել նաև, որ Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիայով և Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախադեպային իրավունքով նույնպես նախատեսված է անձի կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար արդարացի փոխհատուցման իրավունք:
Հայ ազգային կոնգրեսը գտնում է, որ մարտի 1-ի արյունալի էջը կարող է փակված համարվել միայն այդ սարսափելի ոճրագործության լիակատար բացահայտումից և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուց հետո։ Դա կարող է տեղի ունենալ միայն սահմնադրական կարգի վերականգնումից և օրինակարգ իշխանության հաստատումից հետո: Այդուհանդերձ քանի դեռ այս նպատակը ամբողջովին չի իրագործվել, Հայ ազգային կոնգրեսը հետամուտ է լինելու մարտի 1-ին սպանված կամ վիրավորված քաղաքացիների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը. խորհրդարանում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ու մարտյան իրադարձություննրի հետևանքով վիրավորված քաղաքացիներին և նրանց ընտանիքներին պետության կողմից նյութական փոխահատուցում տրամադրելու մասին:
6. Բանակում խաղաղ պայմաններում մահացածների ընտանիքներին պետք է տրամադրվի փոխհատուցում: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո՝ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահվան դեպքերի պատշաճ քննության և իրականության բացահայտման ուղղությամբ իշխանությունների կրավորական կեցվածքը: Մենք գտնում ենք, որ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահացած կամ վնասվածքներ ստացած զինծառայողների ընտանիքներին պետք է տրամադրվի փոխհատուցում: Ինչպես և մարտի 1-ի զոհերի պարագայում, այս դեպքում ևս պետությունն է կրում զինծառայողների մահվան համար պատասխանատվությունը: Այդ պատասխանատվության իրավական հիմքերը նախատեսված են ՀՀ քաղ. օրենսգրքում: ՀՀ քաղ. օրենսգրքի հոդ. 1077-ը նախատեսում է զինծառայության ընթացքում անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար նյութական պատասխանատվություն: Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիան և դրա նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախադեպային իրավունքը նմանատիպ դեպքերում նույնպես նախատեսում են արդարացի փոխհատուցման իրավունք:
Հայ ազգային կոնգրեսը խորհրդարան անցնելու պարագայում անպայման օրենսդրական մակարդակով բարձրացնելու է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին ու վնասվածքներ ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին նյութական փոխհատուցում տրամադրելու հարցը:
7. Պե՞տք է արդյոք ավելացնել կրթության բյուջեն.
Այո: (ի՞նչ միջոցների հաշվին) Այս հարցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներին կարող եք ծանոթանալ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագրից և սոցիալ-տնտեսական ծրագրից (www.anc.am):
8. Համարո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ նախագահի կողմից դատավոր նշանակելու հայեցողական լիազորությունը պետք է սահմանափակել:
Այո (ի՞նչ քայլեր կնախաձեռնեք այս ուղղությամբ)։ Այս հարցի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը և կատարվելիք քայլերը տեղ են գտել դատաիրավական բարեփոխումների ծրագրում (anc.am):
9. Անհրաժե՞շտ եք համարում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո։
Հայ ազգային կոնգրեսը, սկզբունքորեն կողմ է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացմանը: Դա կբարձրացնի հնարավոր հակամարտության կողմերի պատասխանատվությունը գործելու միջազգային մարդասաիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների շրջանակներոմ: Սակայն հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության անավարտ բնույթը և տարածաշրջանային կայունության և զարգացման ապահովման հրամայանականը` Հայ ազգային կոնգրեսը գտնում է, որ Հայաստանը միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պետք է վավերացնի տարածաշրջանի մյուս պետություների և մասնավորապես Ադրբեջանի հետ մեկտեղ:
10. Անհրաժե՞շտ եք համարում Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիային կից 13–րդ արձանագրության վավերացումը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո։
Սկզբունքորեն դեմ լինելով մահապատժի ցանկացած դրսևորումների` Հայ ազգային կոնգրեսը կողմ է հանդես գալիս եւրոպական կոնվենցիային կից 13-րդ աևձանագրություն վավերականացումանը, որը արգելում է մահապատժի կիրառումը նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
11. Անհրաժե՞շտ է արդյոք համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի խոշտանգման սահմանումը ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերում առկա խոշտանգման սահմանմանը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո։
Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ շարադրված է 1-ին հարցին տրված պատասխանում:
12. Անհրաժե՞շտ եք համարում ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի նպատակով հատուկ օրենքի ընդունումը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող հասարակական կազմակերպություններից մեկը` Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի հայկական կոմիտեն, տարիներ շարունակ մասնակցել է գենդերային բռնության (Gender Based Violence) դեմ հայաստանյան և տարածաշրջանային կոալիցիաների աշխատանքներին և մասնակցել հասարակական կազմակերպությունների կողմից մշակված բազմաթիվ փաստաթղթերի և հրամայանկանների ստեղծմանը: Նաև ՀՔԱ-ի կողմից կուտակված փորձի հիման վրա Հայ ազգային կոնգրեսը հստակ պատկերացում է ձևավորել Հայաստանում գենդերային բռնության հիմնահարցերի և դրանց հնարավոր լուծումներ տալու ճանապարհների մասին:
Բռնությունը մի գործողություն է, որն առաջացնում է քրեաիրավական հետևանքներ: ՀՀ-ում բոլոր այն արարքները, որոնք առաջ են բերում քրեական պատասխանատվություն, նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքում: Բռնության, այդ թվում ընտանեկան բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը քրեական և քրեադատավարական օրենսդրութան շրջանակներում բռնության դեպքերի կանխումը, բացահայտումը և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելն է: ՀՀ քրեադատավարական օրնեսդրությամբ էլ կարգավորված են հանցագործությունների բացահայտման, մեղավորների հայտնաբերման և պատժի հետ առնչվող հասարակական հարաբերությունները:
Հայ ազգային կոնգրեսի համոզմաբ կարիք չկա գենդերային կամ կանանց դեմ բռնության առանձին օրենքի ընդունման, առավել ևս այն պարագայում, երբ ՀՀ քրեական օրենսդրությամբ ըստ էության արգելվում է քրեական օրենսգրքի շրջանակներից դուրս, առանձին օրենքով որևէ արարքի քրեականացումը կամ քրեական պատասխանատվության փոփոխումը: Սակայն պետք է լրացնել ՀՀ Քրեական և Ընտանեկան օրենսգրքերը` ներգրավելով և քրեականացնելով այնպիսի inter alia հասկացություններ, ինչպիսիք են ընտանեական բռնությունը, ամուսնական բռնաբարությունը, արյունապղծությունը և այլն: Օրենքներում փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ է հենվել Կանանց դեմ բռնության, ներառյալ ընտանեկան բռնության կանխարգելման և վերացման կոնվենցիայի վրա (Convention on Preventing and Combating Violence against Women and Domestic Violence): Համագործակցելով ոլորտի ՀԿ-ների և Միջազգային կազմակերպությունների հետ ձևավորել էֆեկտիվ հայեցակարգ և կյանքի կոչել այն:
Օրեսդրական փոփոխություններից զատ, Հայ ազգային կոնգրեսը շատ է կարևորում գենդերային և ընտանեկան բռնության դեմ պետական մակարդակով իրականացվող պրակտիկ գործողությունները: Այն է, Հայաստանում գենդերային և ընտանեական բռնության խնդիրների ուսումնասիրությունը և բարձրաձայնումը, բռնության զոհերին պետական մակարդակով օգնության ցուցաբերումը (պետական հովանավորության տակ կացարանների (shelters) գործունեության ապահովումը), գոնդերային և ընտանեկան բռնության բոլոր ձևերի կանխանգերլմանը ուղղված գործողություններ իրագործումը:
