ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակություն և քաղաքական կուսակցություններ. համագործակցության ուղիները մասամբ են տեսանելի

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն անդրադառնում են քաղաքացիական հասարակության գոյության կարևորությանը երկրում, սակայն նրանցից ոչ բոլորն են հստակորեն պատկերացնում համագործակցության ուղիները:
Ապրիլի 28-ին «Պրոֆեսիոնալներ հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ն կազմակերպել էր «Քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն.գործընկերության հեռանկարները» ֆորում, որտեղ ԱԺ ընտրություններին մասնակցող ինը կուսակցությունների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ առաջիկա 5 տարիների ընթացքում համագործակցելու են քաղաքացիական հասարակության հետ:
Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն ասում էին, որ իրենք միշտ համագործակցում են՝ տարբեր պետական գերատեսչություններ են ստեղծվել , որտեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները: Հասարական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչները պնդում էին, որ նման գերատեսչությունների ստեղծումը ողջունելի է, բայց եթե դրանք չեն ստեղծվում ուղղակի հաշվետվություն ներկայացնելու համար, իսկ համագործակցության արդյունքն այդպես էլ տեսանելի չի դառնում:
Կուսակցությունները հիմնականում առաջարկում են կատարել օրենսդրական փոփոխություններ ու քաղաքացիական հասարակության գործունեությունը ամրապնդել՝ նրանց մասին օրենք ընդունելով, որի նախագիծը նախորդ խորհրդարանում արդեն 2 անգամ քննարկվել է, բայց այդպես էլ ՀԿ-ների կողմից ողջունելի տեսք չի ստացել:
Կանանց քաղաքականության մեջ ներգրավելու խնդիրը չէր քննարկվի, եթե ՀԿ-ները չբարձրաձայնեին
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ նայել է բոլոր կուսակցությունների ծրագրերն ու այժմ լսում է ինչ-որ նոր խոստումներ, որոնք ընդհանրապես ոչ մի տեղ արձանագրված չեն, իսկ կուսակցության առաջնորդները նախընտրական արշավի ժամանակ «քաղաքացիական հասարակություն» բառերն ընդհանրապես չեն շեշտում, ուստի չկա որևէ երաշխիք, որ խոստումներն իրականություն կդառնան:
«Պրոֆեսիոնալներ հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի ուսումնասիրությունը պարզել է, որ կուսակցությունների ներկայիս նախընտրական ծրագրերում 56 տոկոսով նշված է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ համագործակցության հարցը, իսկ 44 տոկոսով այն ուշադրության չի արժանացել:
Հասրաթյանը դժգոհեց, որ կուսակցություններն այդպես էլ հստակ չասացին իրենց հուզող գերակա ոլորտների մասին.
«Միթե չեք տեսնում՝ ինչպե՞ս կարելի է մասնատել խնդիրներն ու ասել՝ ում հետ ոնց եք պատկերացնում ձեր աշխատանքը: Ինձ, օրինակ ,անհանգստացնում է, որ ոչ մեկը կանանց իրավունքներով զբաղվելու մասին խոսք չասաց, այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության մեծ մասը կանայք են կազմում»:
Հասրաթյանը նշեց, որ թեև այժմ կանանց ներգրավվածությունը 20 տոկոս է կազմում կուսակցությունների համամասնական ցուցակներում, բայց նրանք կամ ոչ անցանելի հորիզոնականում են գտնվում, կամ էլ ընտրելուց հետո կուսակցությունները պարտադրում, հորդորում են նրանց հանձնել մանդատները:
«Արդյունքում այդ 20 %-ը դառնում է 9 %»,- փաստեց Հասրաթյանը:
Ջեմմա Հասրաթյանի խոսքից հետո կուսակցությունների ներկայացուցիչները հերթով սկսեցին նշել, որ իրենք կարևորում են կանանց դերը քաղաքականության մեջ: ՀՀԿ ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ կանանց ներգրավածության աստիճանն այժմ 20 % են դարձրել, հաջորդ տարիներին էլ կմտածեն, թե ինչպես անեն, որ կանայք հաստատապես հայտնվեն ԱԺ-ում:
ՀՅԴ-ն հիշեց, որ տասնյակ տարիների ընթացքում են կանայք մեծ թիվ կազմել իրենց կուսակցության մեջ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ ոչ մի կին դուրս չի գալու իրենց շարքերից: «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանն էլ նշեց, որ իրենք գործով են ապացուցել, որ կանայք պետք է տեղ ունենան ԱԺ-ում:
«Բացի այդ սա ինձ համար առաջնահերթ ծրագիր է, քանի որ կանայք մեծամասնություն են կազմում իմ ընտանիքում ու ես համարում եմ ինձ Հայաստանի ամենամեծ ֆեմինիստներից մեկը»,- ասաց Պողոսյանը:
Հաշմանդամների խնդիրները գործնական լուծումներ չեն ստանում
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը թերհավատորեն է վերաբերում կուսակցությունների խոստումներին, քանի որ իրենց կազմակերպած քննարկումները արհամարվում են կուսակցությունների մեծամասնության կողմից: 2007թ. ընտրություններից առաջ կազմակերպված քննարկմանը քաղաքական 48 կուսակցություններից ներկայացել էին միայն 7-ը, իսկ 2012թ.՝ ուղիղ երկու ամիս առաջ, 65 կուսակցությունից քննարկմանը ներկա էին ընդամենը 4-ը՝ «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԿԿ և «Մայր Հայրենիք» կուսակցություններից:
Օհանյանը նաև նշեց, որ նախընտրական շրջանում արդեն 10 օր է չեն կարողանում միջոցառում անցկացնել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Մասիս քաղաքի քաղաքապետարանից կամ մարզպետարանից հրաժարվում են տարածք տրամադրել՝ ասելով «ասեք ում օգտին եք քվեարկելու, որ իմանանք տարածք տանք, թե՝ ոչ»:
«Շատ լավ է, որ ՀԿ-ները ներգրավված են տարբեր հանձնաժողովներում, խորհրդում, բայց փաստն այն է, որ մեր ձայնը լսելի չէ, ու մենք ազդեցություն չենք կարողանում ունենալ գործընթացների վրա»,- ասաց Օհանյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ Էլինա Վարդանյանը նշեց, որ իրենք պարբերաբար համագործակցում են ու կշարունակեն համագործակցել, իսկ ՀՀԿ ներկայացուցիչը ընդունեց, որ ԱԺ-ում անելիքներ ունեն հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից:
Երիտասարդ ակտիվիստներին ԱԺ-ում սատարելու պատրաստակամություն հայտնեց միայն 3 քաղաքական ուժ
ԱԺ ընտրություններին մասնկացող կուսակցությունների մեծամասնությունը, այդ թվում՝ կոալիցիոն ուժի՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ ներկայացուցիչները նպատակահարմար չգտան պատասխանել www.hra.am –ի այն հարցին, թե ԱԺ-ում հայտնվելու դեպքում Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդներն աջակցություն կստանա՞ն ԱԺ-ից, և ընդհանրապես քաղաքացիական ակտիվիստների բարձրաձրած խնդիրները կկարևորվեն իրենց կողմից առաջիկա 5 տարիներին:
Միայն ՀԱԿ-ի, «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները
նշեցին, որ միշտ պայքարել են և աջակցել են երիտասարդ ակտիվիստների նախաձեռնություններին:
«Մաշտոցի խնդրի պարագայում շատ բարձր եմ գնահատում մեր երիտասարդական ինքնաբուխ, բովանդակային ազատ մտքով լի շարժումը ու համարում եմ, որ կարևոր նախաձեռնություն է, որը քաղաքացիական լայն հասարակության կարևոր մասն է կազմում, գուցե շատ ավելի կարևոր է ՀԿ- ներից»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Նատալիա Մարտիրոսյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը հայտնեց, որ միշտ եղել են նման ակտիվիստների կողքին ու այս անգամ ԱԺ-ում հայտնվելու դեպքում խնդրի լուծումը տեսնում է արդեն ոչ պետական, ոչ եկամուտ հետապնող կազմակերպությունների ու միավորումների մասին օրենք ընդունելու տեսքով, որով կամրագրվեն քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բոլոր օղակների իրավունքներն ու պարտականությունները:
Կուսակցությունները համակարծիք էին, որ պետք է ստեղծել քաղաքացիական հասարակության իրավունքները պաշտպանող հատուկ օրենք: Բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները պարտավորվեցին այս հարցը բարձրացնել Ազգային ժողովում:
ՕԵԿ-ի ներկայացուցիչ Պողոս Շահինյանն առաջարկեց թույլ տալ ՀԿ-ներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ բայց սահմանափակելով նրանց եկամուտների շրջանառությունը մինչև 2-5մլն դրամով, որ ՀԿ գործունեությունը բիզնեսի չվերածվի:
ՀԿ-ները ողջունեցին մասամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու գաղափարը, քանի որ երկրի զարգացմանը զուգահեռ քչանում են արտասահմանյան երկրների ներդրումները:
Ֆորումի վերջում կուսակցությունների ներկայացուցիչներն ստորագրեցին մի հռչակագրի, որով իրենց պատրաստակամությունն են հայտնում ձևավորվելիք խորհրդարանում հայտնվելու դեպքում նպաստել քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն գործընկերության զարգացմանը:
