ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական ֆիլմերը չցուցադրվեցին, բայց կրքերը դեռ չեն հանդարտվել

«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շրջանակում Հայաստանում անցկացվող ցուցադրությունը տապալվեց, բայց քննարկումները չեն դադարում հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Հենց այստեղ էր, որ մի շարք մարդիկ սկսեցին ակտիվորեն պայքարել Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբում ապրիլի 12-ին նախատեսված ցուցադրության դեմ:
Կրքերը դեռ չեն հանդարտվում, քանի որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստվում է տարածք տրամադրել ֆիլմերի ցուդարության համար Վանաձորում ապրիլի 17-ին՝ ժամը 16:00-ին: «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը, չնայած նախորդ փորձի տապալմանը, ասում է, որ այս անգամ էլ կփորձի ցուցադրություն անցկացնել, նրա նախաձեռնության դեմ պայքարողները պատասխանում են՝ «Վանաձորում նրան սպասում են, ցուցադրությունը չի կայանալու»:
Ինչ կատարվեց ապրիլի 12-ին
«Ֆեյսբուքում» բարձրացած աղմուկի ու «թասիբի» մասին խոսակցություններից հետո Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի աշխատակիցները դեմ արտահայտվեցին ապրիլի 12-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանն իրենց քաղաքում:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անձամբ հայտարարեց, որ ցուցադրության կազմակերպման հեղինակ Գեորգի Վանյանը «հայի զավակ չէ և պետք է վռնդել քաղաքից նմանատիպ դավաճաններին»:
Անցկացվեց բողոքի ակցիա քաղաքապետարանի առջև, որտեղ հնչեցին ինչպես Վանյանի, այնպես էլ՝ «Ասպարեզի» ղեկավար Լևոն Բարսեղյանի կյանքին սպառնացող հայտարարություններ: Հաջորդ օրը Երևանից ու Գյումրիից հավաքվեցին մարդիկ՝ փակելով «Ասպարեզ» մամուլի ակումբի շենքը և Երևանից ֆիլմերը դիտելու համար Գյումրի եկող մարդկանց ճանապարհը:
Բողոքի ակցիայի ժամանակ ներկա են եղել նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ Հայաստանի հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություններից, ինչպես նաև ազատամարտիկներ, ովքեր Վանյանին դավաճան են անվանել:
«Հրմշտեցին Վանյանին, հետո էլ երբ ներս եկան, մի քիչ խոսելուց հետո նորից հրմշտոց սկսվեց, անգամ տեսել եմ ոնց հարվածեցին Վանյանին»,- պատմում է Լևոն Բարսեղյանը:
Դրանից հետո ոստիկանների հորդորով Վանյանը հայտարարեց, որ ցուցադրությունը չի լինելու՝ իր և այլ մարդկանց կյանքի անվտանգության համար, այնուհետ Վանյանը հեռացավ Գյումրիից՝ ոստիկանների ուղեկցությամբ:
«Գյումրեցիները բունտ չեն արել, ու ես կարծում եմ, որ նրանց անունից ահաբեկչության դրսևորում է տեղի ունեցել իշխանության, հասարակական քաղաքական կուսակցությունների ու կրիմինալի կողմից, որն ավարտվել է հասարակական ընդվզմամբ: Իսկ փառատոնը տեղի չունեցավ, որովհետև ոստիկանությունը չկարողացավ ապահովել փառատոնի մասնակիցների անվտանգությունը»,- իրողությունը մեկնաբանում է Վանյանը:
«Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարդեղյանը ոչ մի անօրինական քայլ չի տեսնում ֆիլմերի ցուցադրության համար տարածք տրամադրելու մեջ: «Ես չգիտեմ որևէ իրավական ակտ, որը թույլ չի տալիս, որ Հայաստանում ցուցադրվեն ադրբեջանական ֆիլմեր: Զուգահեռներ անցկացնելով «Ոսկե Ծիրան» և այլ փառատոնների հետ չեմ հասկանում, թե ինչու այլ փառատոններում թույլատրում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ՝ թուրքական ֆիլմեր: Իսկ երբ ասում եմ, թե ինչու այդ դեպքում աղմուկ չեք հանում, ասում են՝ թուրքականն ուրիշ է, այսինքն շուտ են եղել իրադարձությունները, ուրեմն կարելի՞ է ցուցադրել»,- հարցնում է Լևոն Բարսեղյանը:
Բարսեղյանը, ինչպես նաև իր ակումբի շատ աշխատակիցներ, գաղափարակից չեն Վանյանին, բայց դա չի խանգարում տարածք տրամադրել նրա կազմակերպած ցուցադրությանը։
«Մեր մամուլի ակումբը պարզապես ազատ խոսքի հարթակ է, քանի որ եթե մենք չենք թույլատրում, որ ինքը կարծիք արտահայտի, միևնույն է նա դա կանի օրինակ՝ Վրաստանում: Բացի այդ, եթե դեմ եք, այնպես արեք, որ ընդհանրապես մարդ չգա ցուցադրությանը ու այն տապալվի, թե չէ մարդուն հրելը, խփելը, սպառնալիքներ հնչեցնելը, ավտոմեքենայիս վրա վիրավորական բառեր գրելը ի՞նչ է նշանակում»,- զարմանում է Բարսեղյանը:
Ադրբեջանական ֆիլմերը կցուցադրվե՞ն Վանաձորում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ փոխանցեց, որ ֆիլմերը ցուցադրելու են իրենց գրասենյակում՝ անկախ Գյումրիի օրինակը կկրկնվելու վտանգից:
«Իրավապաշտպանի գործառույթն է պաշտպանել նաև այն մարդկանց, ովքեր փոքրիկ թիրախային խումբ են կազմում, բայց դրա կարիքն ունեն: Ես էլ որոշ հարցերում միգուցե համաձայն չեմ իր հետ, բայց գիտեմ, որ իրավական տեսանկյունից կարող եմ նրան տարածք տրամադրել ու տրամադրելու եմ»,- ասում է Սաքունցը:
Սաքունցին համակարծիք չեն Վանյանին «խեղկատակ» համարող մի շարք քաղաքացիներ, ովքեր շարունակում են բոյկոտել Գեորգի Վանյանի նախաձեռնությունը:
«Մենք դեմ չենք հայ ադրբեջանական շփումներին, մենք դեմ ենք այն մարդկանց, ովքեր այդ պատրվակով գումար են վաստակում: 20 տարի առաջ, ապրիլի 10-ին Մարաղայի 51 անմեղ բնակիչ զոհվեց, և մենք թույլ չէինք տա Մարաղայի 20-ամյակի օրերին անցկացնեն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն, դա անբարոյականություն է, նրանք պղծում են մեր զոհերի հիշատակը: Դա նույն է եթե թուրքական երգի փառատոն անցկացնենք ապրիլի 24–ին»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նորից հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:
Նա համոզված է, որ Վանյանն ամեն անգամ սադրանքի է դիմում, որպեսզի հետո զոհի կարգավիճակով հայտնվի իր հովանավորյալների առաջ:
Տիգրան Քոչարյանը դիմել է ԱՄՆ դեսպանին հատուկ նամակով, որտեղ մասնավորապես ասված է. «Կցանկանայի Ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ որոշ անձանց համար ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ծրագրերը դարձել են ուղղակի հարստացման միջոց, առանց լուծելու այն խնդիրները, որոնց համար և ուղղվում են ԱՄՆ-ի հարկատուներից հավաքված միջոցները»: Քոչարյանը այնուհետև պարզաբանում է, որ արդեն 3-րդ տարին է, որ Գեորգի Վանյանը փորձեր է կատարում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում, որը միշտ անհաջողության է մատնվում, քանի որ երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է երկրորդ կողմի մասնակցությունը, ինչն ի սկզբանե բացառված է` հաշվի առնելով այն հակահայկական հիստերիան, որը տիրում է Ադրբեջանում վերջին տարիներին: Իսկ նման ցուցադրության անցկացումը Ադրբեջանում մոտակա տարիներին, առնվազն մանկամտություն է համարում: «Երբ փորձ կատարվեց փառատոնն անցկացնել Երևանում, կազմակերպիչները բախվեցին հասարակության լայն շերտերի դիմադրությանը, քանի որ այդպես էլ չկարողացան բացատրել միջոցառման նպատակները և անհրաժեշտությունը: Ավելին, Վանյանի պահվածքն ամբողջ դիմակայության ընթացքում ապացուցեց, որ ինքը շահագրգռված է ավելի շատ աղմուկ հանելու և իրեն ազգայնականների զոհ ներկայացնելու , քան փառատոնը անցկացնելուն»,- համոզված է Քոչարյանը:
Բլոգեր Կարեն Վրթանեսյանն էլ «Ֆեյսբուքի» իր անձնական էջում գրել է, որ միակողմանի ու պրիմիտիվ «խաղաղասիրական» ակցիաների երևացող ուղերձը սա է. «Եթե մենք քանդենք հակամարտող կողմերի մոտ եղած իրար հանդեպ թշնամու կերպարները, ապա հակամարտությունը կկարգավորվի»։
«Բայց հաշվի առնելով, որ այդ միջոցառումները հիմնականում հայկական լսարանի վրա են ուղղված, իսկ Ադրբեջանում շարունակվում է հայատյացության քարոզչությունը, ապա ստացվում է, որ դա իրական ուղերձը չէ, իրականը սա է. «Հակամարտության պատճառը հայերի՝ ադրբեջանցիների նկատմամբ ունեցած ատելությունն է»։ Ինչից բխում է. «Հայե´ր, դուք եք մեղավոր, ընդունեք ձեր մեղքը, հանձնեք «գրավածն» ու լավ կլինի»,- գրել է Վրթանեսյանը:
Չնայած խոսակցություններ են տարածվում, որ Վանյանը դիմելու է այլ երկրների քաղաքական ապաստարան ստանալու համար, Վանյանն ինքը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերն ասելով` չի պատրաստվում հեռանալ հայրենիքից: Նրա առաջիկա պլաններում է Վանաձորում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպումը:
