Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2011թ. իր դիտարկումները

«Մենք եղել ենք ազնիվ դիտորդ, փոքրիկ հարցերում որպես միջնորդ հաղթանակ ենք ունեցել, իսկ մեծ հարցերում մեր դերը տապալվել է, բայց անհատական գործերի դեպքում մենք ուժեղ ենք». ընդհանուր առմամբ այսպես գնահատեց 2011թ.-ի ընթացքում իր գործունեությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով տարեկան զեկույցը:

Մեկ տարվա ընթացքում 34 % աճել են այն գործերը, որոնք իրական իրավական պաշտպանություն են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից, 29 %–ով ավելացել է նաև դիմումների ընդհանուր քանակը:

«Ես ինձ ուժեղ եմ համարում ու համոզված եմ, որ դեռ 5 տարի էլ կղեկավարեմ այս պաշտոնը՝ չնայած բոլոր հնչող քննադատություններին»,- հայտարարեց պաշտպանը:

Դրա համար գրասենյակը պատրաստել է 5 տարվա ռազմավարության նախնական ծրագիր, որով էլ կառաջնորդվի առաջիկա տարիների ընթացքում:

Անդրեասյանի համոզմամբ՝ ամենամեծ խնդիրն արդար դատաքննության ոլորտն է, սակայն այս տեսանկյունից ՄԻՊ-ի ձեռքերն այսպես ասած կապված են, քանի որ ՄԻՊ գրասենյակն օրենքով չի կարող դատական ոլորտում ազատ գործել:

Մարդու իրավունքների խախտումները,Կարեն Անդրեասյանի կարծիքով, 4 պատճառով են լինում՝ կոռուպցիա, պետության որոշ ոլորտներում ֆինանսական միջոցների անբավարարություն, վատ վարչարարություն և օրենսդրական բացեր:

Պետական 4 կառույցներ քննադատել են ՄԻՊ-ի զեկույցը

ՄԻՊ–ն արդեն 4 արձագանք է ստացել պետական կառույցներից, որոնք անդրադառնում են 2011թ.-ի զեկույցում արծարծված տվյալներին:

ՀՀ ոստիկանությունը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ-ն) ՄԻՊ-ի հայտարարությունները ոչ հավաստի են հայտարարել:

Անդրեասյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մեղադրել է վիճակագրական տվյալներն իրենց պաշտոնական կայքում չունենալու մեջ: ՀՀ ՏՄՊՊՀ-ն գրավոր պատասխանել է, թե տվյալներն առկա են կայքում, այն դեպքում, երբ ցանկացածը կարող է համոզվել, որ դրանք բացակայում են՝ այցելելով այստեղ:

«Ժամկետանց սննդի մասին մեր բարձրացրած հարցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պատասխանել են, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում, այն դեպքում, երբ մակնշման պահանջները չկատարած ձեռնարկությունների ներկայացուցիչներին պարոն Շաբոյանն (ՏՄՊՊՀ նախագահ) անձամբ է ժամանակին հայտնել, որ այդ խնդրի հարցում իրենց կառույցը հետևողական է լինելու ապագայում»,–ասում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Անդրեասյանը համոզված է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն նաև չի իրականացնում իր գործառույթները «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու գործում:

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2,5 միլիոն դրամով տուգանել էր «Ալեքս Գրիգ» ընկերությանը՝ օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար։

«Իհարկե, նրանք տուգանել են, բայց հետո դատական քաշքշուկ է գնացել 2 տարի: Օրենքն ասում է, որ այդ որոշման դատարան բողոքարկելը չի նշանակում, որ հանձնաժողովի որոշումը չպետք է կատարվի, ու ավելին, օրենքն ասում, որ եթե այդ որոշումը չի կատարվել նույն ընկերությանը կարելի է լրացուցիչ տուգանել»,- փաստում է Անդրեասյնաը՝ նշելով, որ սա միակ դեպքը չէ:

Կրթության և գիտության նախարարությունը ՄԻՊ-ին մեղադրել է ոչ մասնագիտացված զեկույց պատրաստելու մեջ, իսկ ՀՀ դատախազությունից օրինակներ են պահանջել:

Դատախազությունից մասնավոր օրինակներ են ուզել Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց մասսայական կիրառելու վերաբերյալ:

«Ի՞նչ կապ ունի կոնկրետ օրինակը, եթե գործ ունենք մասսայական հայտնի դեպքերի հետ»,- զարմանում է Անդրեասյանը:

ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չի պատասխանել ՄԻՊ-ին, թե ինչո՞ւ մշտական հաշվառում չունեցող մարդիկ խնդիրներ են ունենում ոստիկանությունում: Անդրեասյանը համոզված է, որ չէր ստանա տասնյակ բողոքներ, եթե ոստիկանությունն իրականցներ իր գործառույթները՝ հաշվառեր ու գրանցեր մարդկանց:

«Ոստիկանության պատասխանի 2-րդ նախադասությունից ես ինքս բան չեմ հասկացել, ու կարծում եմ, ձեզ էլ դժվար կլինի հասկանալ»,- ոստիկանության պատասխանն այսպես ներկայացրեց Անդրեասյանը:

Կրթության և գիտության նախարարությունն էլ ՄԻՊ-ին մեղադրել է ոչ մասնագիտացված զեկույց պատրաստելու մեջ: Անդրեասյանը չի հասկանում նման պատասխանը, քանի որ համոզված է, որ պետք չէ կրթության ոլորտի մասնագետ լինել հասկանալու համար, որ դպրոցում կա կոռուպցիա ու դրամահավաք, իսկ ֆրանսերենի դպրոցական գրքի առաջին էջում «ֆրանսերեն» բառը տառասխալով է գրված: Զեկույցի մեջ նա հրապարակել է մանրամասն փաստեր, որոնք արձանագրել է «Հանուն կրթության և գիտության» ՀԿ–ն:

Այս պատասխանների մեջ Անդրեասյանը տեսնում է խնդիրներից խուսափելու միտում և ոչ հիմնավորված պատճառաբանություններ: Ամեն դեպքում նա սպասում է նաև այլ կառույցների պատասխանների:

Քաղաքական գործիչների ծրագրերի ու մարդու իրավունքների խախտումների հատման եզրերը

«Կարկանդակի մեջ շատ քիչ միս են դնում, մի անգամ կծում են ու մսին չեն հասնում, մյուս անգամ են կծում, արդեն անցնում են միսը»,– Անդրեասյանը հիշեց այս անեկդոտը, երբ խոսում էր քաղաքական գործիչների՝ հաճախ դեմագոգիայով զբաղվելու և այդպես էլ կոնկրետ խնդիրների լուծմանը չհասնելու մասին:

«Մի անգամ խոսում են թաղային խնդիրներով՝ ով ում եղբայրն է սկզբունքով, ու հետո մոռանում են ամեն ինչ՝ անցնելով վերամբարձ խոսքերի»,- համոզված է օմբուդսմենը:

Քաղաքական գործիչները ժամանակ էլ չունեն կարդալու, թե ինչ է կատարվում մարդու իրավուքների խախտման բնագավառում՝ ՄԻՊ զեկույցի համաձայն: Անդրեասյանը համոզված է, որ դա չի նշանակում, որ այդ խնդիրները պետք է անտեսվեն:

Նա հայտարարեց, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Սամվել Նիկոյանը պարտավոր է մինչև ընտրությունները կազմակերպել ՄԻՊ-ի զեկույցի քննարկումը ԱԺ-ում:

Ընտրական իրավունքի մասին խոսեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը՝ նշելով, որ զեկույցում անդրադարձ չի արվել բնակարաններում ապրող հիվանդ մարդկանց ընտրական իրավունքը պաշտպանելու հարցին: Կարեն Անդրեասյանն ընդունեց, որ դա բացթողում է, ու խոստացավ անդրադառնալ այդ խնդրին:

Սպասվող ընտրությունների առթիվ Անդրեասյանը նշեց, որ ՄԻՊ գրասենյակն արագ արձագանքման ծառայություն է ունենալու և մոնիտորինգ է իրականացնելու:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դիմումին՝ ոստիկանության կողմից ընտրողների թվային տվյալները ուռճացնելու վերաբերյալ, պաշտպանն ասաց, որ հետևելու են՝ պաշտոնական կառույցները ինչպես կարձագանքնեն:

«Իհարկե կա տրամաբանություն բարձրացվող խնդրի վերաբերյալ, պետք է քննարկել ու անդրադառնալ, ու եթե պետական կառույցները լրջորեն չպատասխանեն նրան, դա կարող անվստահություն առաջացնել մարդկանց շրջանում, անգամ եթե ընտրությունները պատշաճ ձևով անցկացվեն »,- համոզված է Անդրեասյանը: