ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հիվանդ զինվորականին տարել են շարային ծառայության
ՀՀ ժամկետային զինծառայող 23 ամյա Սուրեն Կիրակոսյանը իրավունք ուներ բանակում ոչ շարային ծառայություն անցնել առողջական խնդիրներ ունենալու պատճառով, սակայն ծառայել է լիարժեք, որի հետևանքով հիվանդություններն ավելի են զարգացել:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն Կիրակոսյանը պիտանի է ոչ շարային ծառայության։ Սակայն այդ կարգը չի պահպանվել, որի պատճառով տղան փորձել է ծառայությունից խուսափել։ Դրա համար արդեն երկրորդ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվում: Նա բանակ է զորակոչվել 2009 թ. հունիսին: Առաջին անգամ նրան մեկ տարով քրեական պատասխանատվության են ենթարկել ծառայությունից մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 7-ին:
Նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որը պատասխանատվության է ենթարկում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպեu նաև, առանց հարգելի պատճառների, ժամանակին ծառայության չներկայանալու համար: Կալանքը կրել է Գորիսի քրեակատարողական հիմնարկում: 2011թ. փետրվարի 14-ին պայմանական վաղաժակետ ազատ է արձակվել:
Այնուհետև ծառայությունը շարունակել է ԼՂՀ նույն զորամասում: 2011թ. սեպտեմբերի 17-ին զորամասի հրամանատարի հրամանով մեկնել է հերթական արձակուրդ, որի ժամկետը լրանալուց հետո զորամաս չի վերադարձել: Դրա պատճառով նորից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով: Իր նկատմամբ որպես խափանման միջոց կրկին ընտրվել է կալանավորումը։ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանի կողմից:
«Որդիս երկրորդ անգամ էլ փորձեց խուսափել ծառայությունից, քանի որ վատառողջ է ու հենց սկզբից էլ գրել են, որ նա պիտանի է շարային ծառայությանը սահմանափակումներով, բայց ինքը ծառայել է մյուս բոլոր զինծառայողների նման»,- www.hra.am –ին հաղորդում է մայրը:
«Գորիս» բժշկական կենտրոնի մաշկաբան Լ. Հարությունյանը գրել է, որ նրա մոտ առկա է «Աճուկային էպիդերմոֆիտիա, ձախից թույլ արտահայտված էկզեմատիզացիայով»: Ի ծնե տղայի մոտ ձախ ուսագոտու և կրծքավանդակային առաջնային մակերեսի ձախ կեսում պիգմենտային խալեր կան, որոնք վնասել չի կարելի, այսինքն՝ տղան ի սկզբանե պետք է չկրեր զենք ուսին ու չհագներ զինվորական որոշ շորեր:
«Բայց այդ մասին նրանք հիշեցին այն ժամանակ, երբ տղայիս խալը ճաք տվեց ու մեծացավ ծառայության 11 ամիսների ընթացքում: Նրան անգամ տարել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (ԿԿԶՀ) և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտ, որտեղ ասել են, որ վիրահատեն, բայց ասել են, որ չգիտեն կապրի թե ոչ, քանի որ խալը հանելուց հետո կարող է հակառակ ռեակցիա սկսվել, դրա համար տղաս հրաժարվել է վիրահատությունից»,- պատմում է մայրը:
Մայրը խնդրել է, որ տղային արձակուրդ տան, որ նրան տանի բժիշկների մոտ:
«Ես խնդրեցի, որ թողնեն գոնե ես բուժեմ, որովհետև բացի առկա հիվանդություններից նրա մոտ հայտնաբերեցինք նաև ասկարիդներ աղիքներում, բայց չթողեցին, և տղաս էլ որոշեց էլ բանակ չգնալ: Մեր բնակության վայրից՝ Աբովյանի ռազմական ոստիկանությունից, 15 հոգի ինձ ծեծեցին, ատամս վնասեցին, ձեռքս, եղբորս տղային շպրտեցին, կնոջը ևս, իմ տղաս դիմադրություն ցույց չտվեց ու հանձնվեց»,- պատմում է Կիրակոսյանի մայրը:
2012թ. փետրվարի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանը նորից կալանավորելու մասին որոշում կայացրեց՝ հաշվի չառնելով, որ մեղադրյալ Կիրակոսյանը խնդրեց իրեն ուղարկել դատաբժշկական փորձաքննության, քանի որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որի համար էլ չի ներկայացել բանակ:
Սակայն դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքը՝ որոշելով, որ նա խուսափել է քրեական պատասխանատվությունից, նախկինում դատապարտված է եղել, հետևաբար բոլոր նյութերը բավարար հիմք են տալիս նրան կալանավորելու՝ ոչ պատշաճ վարքագիծը հետագայում կանխելու նպատակով:
Կիրակոսյանի պաշտպան Միհրան Խանամիրյանը բողոքարկել է դատարանի վճիռը Վերաքննիչ դատարան:
Այժմ տղան գտնվում է նորից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (ԿԿԶՀ), բժիշկները նորից առաջարկում են վիրահատել նրան, բայց այս անգամ նշում են, որ տղային ոչ մի վտանգ չի սպառնում:
Մայրն արդեն չի հավատում բժիշկներին՝ ասելով, որ նախորդ անգամ ասել են, որ չի բացառվում որ վիրահատությունը տղայի կյանքին վնասի: Նա ուզում է այլ բժիշկների մոտ տանել տղային, բայց դրա համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ, որը նրան չեն տրամադրում:
«Չգիտեմ էլ ինչ անել: Միայն գիտեմ, որ եթե այդ խալը չվնասվի զենք կրելու կամ զինվորական հագուստ կրելու միջոցով, հաստատ կվերականգնվի»,- համոզված է մայրը:
Նա իր տղայի օրինակով համոզվում է, որ հիվանդություններով տառապող զինվորները մահանում են բանակում, կամ էլ վերադառնում են կիսառողջ վիճակում, քանի որ պատշաճ բուժում չեն ստանում, իսկ ծնողներին էլ զրկում են իրենց երեխաների առողջական խնդիրները սեփական ուժերով լուծելու հնարավորությունից։
