Եզդիական համայնքներում մայրենի լեզվի մասնագետների պահանջ կա

Արագածոտնի
մարզի Թալինի տարածաշրջանում ապրող եզդիական համայնքների դպրոցներից ոչ բոլորում է
եզդիերեն ուսուցանվում: Թեև, ՀՀ օրենսդրությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների
կրթության իրավունքը (նաև իրենց մայրենի լեզվով), սակայն եզդիական համայնքներում կան
ոչ տառաճանաչ երեխաներ: Հիմնական պատճառը մասնագետների բացակայությունն է:  

Խնդիրը
հայտնաբերել են «Վորլդ վիժն» ՄԲԿ Հայաստանի մասնաճյուղի Թալինի տարածքային զարգացման
ծրագրերի գրասենյակը և «Թալին-Հույս» ՀԿ-ն՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»
և «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ների հետ համատեղ իրականացված՝ «Համայնքների
ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում:

«Կրթության
իրավունքը եզդիական համայնքներում» ծրագրի շրջանակներում անցած տարվա մայիս-սեպտեմբեր
ամիսներին մոնիթորինգ է իրականացվել Թալինի տարածաշրջանի 8 գյուղերում (Դդմասար, Սորիկ,
Հակո, Կանչ, Արևուտ, Օթևան, Մեծաձոր, Թլիկ): Դրանք բոլորը եզդիական միատարր գյուղեր
են, որտեղ գործում են հիմնական դպրոցներ: Ութ դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը
111 է:

«Միայն
7 համայնքում է իրականացվում եզդիերեն լեզվի ուսուցում: Դդմասար համայնքի աշակերտները
իրենց մայրենի լեզվով գրել-կարդալ չգիտեն, որովհետև դպրոցում արդեն ութ տարի է՝ եզդիերեն
առարկան չի դասավանդվում մասնագետ չունենալու պատճառով: Երեք տարի եզդիերեն չի դասավանդվել
Հակո համայնքում, քանի որ ուսուցիչը մեկնել է Ռուսաստան»,- ասում է «Թալին-հույս» ՀԿ
նախագահ Անահիտ Աբգարյանը:

Մոնիթորինգի
արդյունքների համաձայն՝ եզդիերեն լեզվի ուսուցիչները հիմնականում տվյալ համայնքում
բնակվող, գոնե միջնակարգ կրթություն ունեցող անձինք են: Միայն  երկու համայնքում կա բարձրագույն կրթությամբ եզդիերենի
ուսուցիչ, ովքեր միաժամանակ այլ առարկաներ էլ են դասավանդում:

Արևուտի
հիմնական դպրոցի տնօրեն Խաթուն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցում
դասավանդող եզդիերենի ուսուցչի մահվանից հետո իրենք մնացել են առանց մասնագետի: «Նույնիսկ
չկա 10-ամյա կրթությամբ մեկը, ով եզդիերենին լավ է տիրապետում և կկարողանա դասավանդել»,-
ասում է տնօրենը:

Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ դպրոցում
եզդիերեն է դասավանդում 22-ամյա եզդի մի տղա: «Ընտրել ենք մեր դպրոցն ավարտած աշակերտի,
որը դպրոցում լավ է սովորել: Խմբակի կարգով պարապում է շաբաթը 6 ժամ, ստանում է
20.000 դրամ աշխատավարձ: Բայց դա էլ է կասկածի տակ, որովհետև դպրոցը երեխա թվով է ֆինանսավորվում
(ունենք 17 աշակերտ և չնչին ֆինանսավորում) և գուցե պահ գա, որ դա էլ չկարողանանք ապահովել»,-
իր մտահոգությունն է հայտնում Խաթուն Հարությունյանը: Նա գոհ չէ եզդիերենի դասավանդման
որակից, որովհետև ուսուցիչը մանկավարժական հմտություններ չունի և չի կարողանում դասը
ճիշտ պլանավորել:

«Թալին-հույս» ՀԿ ղեկավարի խոսքերով՝ դպրոցների տնօրենները և
ուսուցիչները դժգոհ են եզդիերենի դասագրքերի բովանդակությունից և կարծում են, որ դրանք
հետաքրքիր չեն աշակերտների համար: Հարցումների ժամանակ եզակի աշակերտներ են նշել, որ
սիրում են եզդիերեն առարկան:

Մոնիթորինգի գնահատականով՝ կրթության մակարդակը բավականին ցածր
է Թալինի տարածաշրջանի եզդիական բոլոր համայնքներում: Ծնողների կարծիքով՝ պատճառը դպրոցի
ոչ բավարար պայմաններն են: Իսկ ուսուցիչները պնդում են, որ եզդիները չեն կարևորում
կրթությունը և ծնողները հետևողական չեն իրենց երեխաների ուսման նկատմամբ:

Այդ մասին են վկայում նաև մոնիթորինգի շրջանակներում կատարված
հարցումները: «Կշարունակե՞ք ձեր կրթությունը հետագայում» հարցին ոչ ոք վստահորեն չի
պատասխանել «այո»: Իսկ ծնողները, թեև նշել են, որ կարևորում են դպրոցն ու կրթությունը,
սակայն «Ձեր երեխան կշարունակի՞ իր կրթությունը» հարցին հիմնականում պատասխանել են՝
«ոչ»:

Անահիտ Աբգարյանը կրթության նկատմամբ ցածր հետաքրքրվածությունը բացատրում է եզդիների ազգային առանձնահատկություններով: Տղաները դեռ փոքր տարիքից զբաղվում են անասնապահությամբ, օգնում ծնողներին: Իսկ աղջիկները ամուսնանում են վաղ տարիքում և զբաղվում տնային տնտեսությամբ:



Հատկանշական է ծնողներից մեկի պատճառաբանությունը, որը վերաբերում է կրթությունը շարունակելուն: «Եթե մեր երեխան այդքան պիտի տանջվի, մենք էլ՝ հետը, հետո ի՞նչ է անելու, նորից անասուն է պահելու, որովհետև ուրիշ զբաղմունք չկա: Ուրեմն՝ թող առանց կրթություն ստանալու պահի»:

Մերի Ալեքսանյան