ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՇՄԱՓ օրենքը ընդունված է. նախագահը կհաստատի՞ այն

ՀՀ ազգային ժողովը, հաշվի չառնելով բնապահպանների ու հասարակական ակտիվիստների բողոքը, փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ)ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Բնապահպաններն այժմ պահանջում են, որ ՀՀ նախագահը չվավերացնի օրենքը և այն հետ ուղարկի Ազգային ժողով, որտեղ էլ նրանք կներկայացնեն իրենց գործնական առաջարկությունները:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն արդեն մեկ տարուց ավելի է քննարկվել է տարբեր բնապահպանական հավաքների ժամանակ: Փոփոխությունների մասին դժգոհություն էին արտահայտել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:
Դժգոհությունների ալիք բարձրացավ հատկապես երբ օրենքը 2011թ.-ի հոկտեմբերի վերջին դրվեց քննարկման Ազգային ժողովում: Եւ բնապահպանները նորից բացասական արդյունք գրանցեցին՝օրենքը արագացված կարգով 2 ամսվա ընթացքում ամբողջությամբ հաստատվեց:
«Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո այս օրենքը նորից փոխելու են, քանի որ այն այս տեսքով չի կարող գործել»,- ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Գոռ Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ այս օրենքը սահմանափակում է սովորական քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունները: Նրանք չեն կարող մասնակցել շրջակա միջավայրի փորձաքննության որևէ գործընթացի և ընտրել փորձագետների, ովքեր կարող են բարձրաձայնել իրենց տեսակետը:
Օրենքի համաձայն՝ փորձաքննության եզրակացությունն իրավական ակտ չի համարվում, ուստի ոչ ոք չի կարող այդ որոշումը բողոքարկել դատարանում:
Բնապահպանները պահանջում են, որ պահպանվի իրենց սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածով՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Ուստի օրենքի նախագծում պետք է տեղ գտներ նաև այդ կարգը, սակայն այն բացակայում է:
ՀՀ նախագահի նստավայրում փետրվարի 14-ին ընդունել են բնապահպան-ակտիվիստների բողոքը: Նախագահը 10 օրվա ընթացքում կամ կհաստատի, կամ հետ կուղարկի օրենքը Ազգային ժողով:
Կարինե Իոնեսյան
Լուսանկարը՝ Երվանդ Կարապետյանի
Տեսանյութը պատրատվել է Ինտերնյուսի կողմից կազմակերպված «Մեդիան իրապաշտպանների համար. գործիքներ և հմտություններ» դասընթացի շրջանակներում
Աղբյուրը՝ www.hra.am
