Հայկ Գևորգյան. «Ես էլ մտածեցի, որ իր պլանավորածը տեղի չունեցավ ու գնացի»

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանն այսօր ներկայացրեց իրեն ձերբակալելու  համար հիմք ծառայած դեպքի մանրամասները' նշելով, որ այդ ամենն արվել է նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակով:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի առավոտյան ձերբակալվել էր Հայկ Գևորգյանը 20 օր առաջ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու համար: Փետրվարի 6-ին Հայկի խափանման միջոցը փոխվեց՝ նա ազատ արձակվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հ.Գևորգյանը ներկայացրեց հուվարի 13-ին տեղի ունեցած դեպքի  մանրամասները, որը պաշտոնապես վրաերթ է որակվել. «Ես նստեցի մեքենան, փորձեցի ետընթացով դուրս գալ, երբ տեսա, որ հետևում մեկը կանգնած է։ Մտածեցի, որ կանգառներում փող հավաքողներից է ու հարյուր դրամ պատրաստեցի, որ մոտենա, բայց չմոտեցավ:  Հետո ինքը գնաց մի քիչ ձախ, տեսա որ հեռու է ու մի քանի սանտիմետր շատ դանդաղ հետ տվեցի մեքենան, հետո նայեմ, տեսնեմ նորից հետ եկավ մեքենայի հետևը։ Սպասեցի, ինքը նորից գնաց մյուս կողմ ու դա եղավ երևի մի 6-7 անգամ, վերջում ձայնային ազդանշան տվեցի, ինքը գնաց մի կողմ: Սկսեցի կամաց հետ գնալ, հենց գլուխս թեքեցի, որ տեսնեմ ավտոմեքենա չի գալիս, հետ նայեցի, գոռաց «վախ»՝ կանգած մյուս մեքենայի հետևում, որից հետո դուրս եկա ու ասեցի, որ ոստիկանություն կկանչեմ, ինքը ձայն չհանեց, ես էլ մտածեցի, որ իր պլանավորածը տեղի չունեցավ ու գնացի»:

Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն, բայց իրեն ծանուցագիր են ուղարկել դրանից առաջ՝ հունվարի 17-ին, ինչը հակաօրինական է: Հակաօրինական է նաև այն, որ ձերբակալելիս նրան թույլ չեն տվել հեռախոսով զանգել հարազատներին ու փաստաբանին: Միայն 24 ժամ հետո Գևորգյանի տուն է հասել մի նամակ՝ ձերբակալության մասին տեղեկատվության։

Նա դատարանների հետ հույս չի կապում, սակայն ստիպված է անցնել ներպետական ատյաններով, որպեսզի կարողանա դիմել Եվրադատարան: Հիմա նրա համար կարևորն այն է, որ ամբողջ գործը բացահայտվի, մեղավորները պատժվեն ու իր «բարի համբավի վրա բիծ չմնա»:   

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am