Ներառական կրթություն. վերաբերմունքի խնդիրն ամենախոցելին է

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հանրակրթական դպրոցը ներառական կրթություն է իրականացնում 2008թ.-ից: Այսօր դպրոցում սովորում է հատուկ կարիքներով 41 աշակերտ (մտավոր թեթև խնդիրներով, հենաշարժական, լսողության և այլ խնդիրներով երեխաներ):

«Կարելի է ասել, ես մի կերպ եմ իմ երեխային տեղավորել այդ դպրոց, որովհետև ասում էին տարեք գիշերօթիկ կամ հատուկ դպրոց՝ հաշվի չառնելով, որ երեխան ընդամենը ֆիզիկական պրոբլեմներ ունի, առանց ստուգելու նրա մտավոր կարողությունները»,- պատմում է տիկին Լուսինեն, ում աղջիկը սովորում է երրորդ դասարանում:

Երեխան ունի տեղաշարժման դժվարություններ (ձախ կողմը թույլ է և նա միշտ հենված է մի կողմի վրա): Տիկին Լուսինեն ասում է, որ իրենք շատ դժվարությունների են հանդիպել այս տարիների ընթացքում՝ սկսած դպրոց ընդունվելու խնդրից մինչև ֆիզիկական դժվարություններ ու հոգեբանական բարդույթներ հաղթահարելը:

Լուսինեի խոսքերով՝ դպրոցի շենքային պայմանները լիովին հարմարեցված չեն հատուկ կարիքներով երեխաների համար: Միայն դպրոցի գլխավոր մուտքն ունի թեքահարթակ:

«Զուգարանները ոչ մի կերպ հարմարեցված չեն, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն օգտվել: Չկա դայակ կամ խնամող, ով չեմ ասում ամբողջ օրը, բայց գոնե կարիքի դեպքում օգնի երեխաներին, գոնե մինչև ճաշարան ուղեկցի, որովհետև դասամիջոցներին ահավոր աժիոտաժ է միջանցքներում և մեր երեխաները չեն կարողանում տեղաշարժվել»,- Լուսինեն թվարկում է իրենց ամենօրյա խոչընդոտները:

Երեխաներն առայժմ դպրոցի առաջին հարկում են (տարրական դասարանների դասասենյակները գտնվում են առաջին հարկում), սակայն միջին դասարաններում պետք է 2-րդ հարկ բարձրանան: Այդ ժամանակ մայրը չի պատկերացնում, թե ինչպես պետք է ամեն օր երեխան այդքան աստիճաններ հաղթահարի: Նշված խնդիրների մասին մայրը շատ անգամ խոսել է դպրոցի տնօրինության հետ:

«Արդեն 3-րդ տարին է ես պայքարների մեջ եմ, եթե կարելի է այդպես ասել: Վերջին անգամ դեկտեմբերին եմ խոսել նախկին տնօրենի հետ: Ասացին, որ պատրաստվում են ինչ-որ վերանորոգումներ անել, ինչ-որ ապրանքներ են պատվիրել, որ բերեն: Բայց տնօրենը փոխվեց, հիմա սպասում ենք, թե ինչ կլինի»,- ասում է տիկին Լուսինեն:

Ստեփանավան քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մելիքջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև 2-րդ հարկ տանող թեքահարթակ չունեն, բայց առաջին հարկը հիմնականում հարմարեցված է հենաշարժական խնդիրներով երեխաների համար, և իրենք աշխատում են ավելի հարմարեցնել:

Վերաբերմունքի խնդիր

Տիկին Լուսինեի խոսքերով՝ ներառական կրթության կարիք ունեցող երեխաները բացի ֆիզիկական անմատչելի պայմաններից, բախվում են նաև խտրական վերաբերմունքի:

«Մեր երեխաները բարդույթներ են ձեռք բերում շատ հաճախ դասընկերների կամ այլ երեխաների վերաբերմունքի պատճառով: Ես չեմ ասում, որ դա հնարավոր է լիովին բացառել, բայց գոնե ինչ-որ ձևով աշխատանք տարվի բոլոր երեխաների հետ, գոնե զրույցի ձևով, բացատրեն, որ նրանք էլ նորմալ, լիարժեք մարդիկ են»,- ասում է Լուսինեն:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես չի ժխտում, որ վերաբերմունքի խնդիր կա, և դա, նրա կարծիքով, ներառական կրթության ճանապարհին ամենամեծ խնդիրն է:

«Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ ճանաչմանը: Շատ հաճախ ծնողը բողոքում է, որ իր երեխայի կողքին նման երեխաներ կան: Այստեղ արդեն խառնվում են ուսուցիչները, դասղեկները, դպրոցի տնօրինությունը. բացատրում ենք, հասկացնում ենք, որ սա ներառման խնդիր է, ընկալման խնդիր է, որ հաշմանդամին էլ ընկալեն որպես լիարժեք մարդ: Սա ավելի մեծ հարց է, քան մնացած հարցերը»,- ասում է Հասմիկ Մելիքջանյանը:

Նրա կարծիքով՝ նոր սերունդը համեմատաբար ավելի հանգիստ է նայում այդ ամենին, և ժամանակ է պետք վերաբերմունքի խնդիրը լուծելու համար:

«Մեր ուսուցիչը սկզբում չէր պատկերացնում, թե ինչպես պիտի աշխատի, մի քիչ բարդություններ եղան, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցին, հիմա արդեն համակերպվել ենք: Չէի ասի, թե հատուկ մասնագետները պրոֆեսիոնալ են, գիտեն՝ ինչպես երեխաներին ինտեգրել դասարանին: Ավելի շուտ սկսնակ են, ուղղակի մի քիչ անհատական աշխատանք է տարվում երեխաների հետ»,- պատմում է տիկին Լուսինեն:

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Մելիքջանյանն ասում է, որ իրենց բոլոր ուսուցիչները վերապատրաստում են անցել, որպեսզի հատուկ կարիքներով աշակերտների հետ աշխատելու և նրանց ներառելու հմտություններ ձեռք բերեն:

«Բացի այդ, հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար տարեսկզբին կազմվում է անհատական ուսումնական պլան՝  ծնողի, հոգեբանի, հատուկ մասնագետի, սոցիալական մանկավարժի համատեղ ուժերով: Ըստ այդ պլանի՝ աշակերտն առանձին' ավելի թեթև չափորոշիչներով, ստանում է համապատասխան կրթություն»,- նշում է Մելիքջանյանը:

Լոռու մարզում ներառական կրթության կարիք ունի 280 երեխա: Այժմ նրանցից 113-ը ներառական կրթություն է ստանում մարզում գործող ներառական կրթություն ապահովող 3 դպրոցներում՝ Ալավերդիում, Վանաձորում և Ստեփանավանում:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝www.hra.am