Թեղուտի պաշտպանության խումբը կառավարության համար «մտրակ» է փնտրում

«Մեր բոլորի խնդիրն է կանխել, որպեսզի հանքը Թեղուտում չբացվի, որովհետև եթե հանքը բացվի, ապա դրանից հետո առաջանալու է Հայաստանում ամենամեծ պոչամբարը: Եվս մեկ այդպիսի հանքավայրի շահագործում և պոչամբարի առկայություն մենք մեզ չենք կարող թույլ տալ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Թեղուտի խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները վերջերս դիմել են Օրհուսի համապատասխանության կոմիտեին, քանի որ կարծում են` ՀՀ կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքները:

ՀՀ կառավարությունը Օրհուսի կոնվենցիան վավերացրել է 2001թ. և պարտավորվել իր բնակչությանը տեղեկացնել և մասնակից դարձնել բնապահպանական որոշումների կայացման գործում, ինչպես նաև ապահովել դատական կարգով այդ որոշումները բողոքարկելու հնարավորություն:

Թեղուտի հանքի շահագործման մրցույթը հայտարարվել է դեռևս 2000թ. և մրցույթում հաղթող է ճանաչվել «Էյ Սի Փի» ընկերությունը: «Թրանսփարեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրեն Սոնա Այվազյանի խոսքերով՝ այս գործընթացում կառավարությունը չի ապահովել թափանցիկություն: Միայն 6 տարի հետո է հասարակությանը հայտնի դարձել, որ Թեղուտի հանքը պատրաստվում են շահագործել:

Հանքի շահագործման համար դրական եզրակացություն տալիս կառավարությունը չի ապահովել հասարակական մասնակցությունը և հաշվի չի առել մարդկանց կարծիքը:

Սոնա Այվազյանն ասում է, որ հանքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը նույնպես անվավեր է, քանի որ այն տրամադրվել է 670 հա համար, որից 510 հեկտարը պետք է լիներ անտառածածկ: Սակայն հետագայում «Էյ Սի Փի»-ն փոխել է նախագիծը՝ անտառածածկ տարածքը կրճատելով և դարձնելով 310 հա: Փոփոխված նախագիծը բնապահպանական փորձաքննություն չի անցել:

Ըստ բնապահպանների՝ հանքի շահագործման հետ կապված բոլոր գործընթացները կատարվել են ներպետական և միջազգային օրենքների խախտումներով: Այդ պատճառով 2009թ. «Էկոդար» ՀԿ-ն դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու «Էյ Սի Փի»-ին լիցենզիայի տրամադրումը: Սակայն դատարանը հայցը հետ է ուղարկել՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը նման իրավասություն չունի:

Վճռաբեկ դատարանը «Էկոդարի» բողոքը բավարարել է և պարտավորեցրել է Վարչական դատարանին վարույթ ընդունել և քննել հայցը, քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ն իրավասու է իր ոլորտին առնչվող խնդիրներով դիմել դատարան:

Երկրորդ անգամ նույն հիմքով մերժվելով՝ «Էկոդարը» նորից է դիմել Վճռաբեկ դատարան: Այս անգամ դատարանը կայացրել է իր նախորդ որոշմանը հակառակ որոշում՝ գտնելով, որ ՀԿ-ն իրավունք չունի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրումը վիճարկել դատարանում:

Հասարակական կազմակերպությունները Թեղուտի խնդրով 2009թ. նույնպես դիմել են Օրհուսի համապատասխանության կոմիտե: Կոմիտեի եզրակացության համաձայն՝ ՀՀ կառավարությունը խախտել է կոնվենցիայի երկու դրույթը միայն՝ հասարակության իրազեկում և մասնակցություն: Երրորդ դրույթով (արդարադատության մատչելություն) խախտում չի արձանագրել, քանի որ այդ նույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել էր բավարարել «Էկոդարի» հայցը:

Սակայն կոմիտեի որոշումից հետո Վճռաբեկ դատարանը փոխեց իր կարծիքը: Այդ պատճառով ՀԿ-ները նորից են դիմել համապատասխանության կոմիտեին՝ արդեն պահանջելով Օրհուսի բոլոր 3 սկզբունքների խախտման փաստն արձրանագրել:

Օրհուսի համապատասխանության կոմիտեն թեև արձանագրել է ՀՀ կառավարության թույլ տված խախտումները կոնվենցիայի երկու սկզբունքներով, սակայն մեր իշխանությունները ոչինչ չեն արել խախտումները վերացնելու ուղղությամբ:

Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները ՀՀ կառավարությունը հակված չէ կատարելու, որովհետև կոմիտեն չունի «մտրակ», այլ կերպ ասած՝ պատժամիջոց:

«Մեր կառավարությունը ցույց է տալիս, որ ենթարկվում է միայն այն կառույցներին և այն պարտավորություններն է կատարում, որտեղ իրեն կարող են մտրակել: Իսկ որտեղ մտրակ չեն կիրառում, այնտեղ ինքը համարում է, որ կարելի է և չկատարել: Ի՞նչ է, ուզում է, որ մենք ինքնե՞րս դառնանք մտրակ»,- նշում է փաստաբանը՝ հիշեցնելով, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է, որ միջազգային պայմանագրերը պարտադիր են և ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ներպետական օրենքները:

Հայկ Ալումյանն ասում է, որ եթե Օրհուսի համապատասխանության կոմիտեն խախտված համարի նաև արդարադատության մատչելիության սկզբունքը, իրենք նորից կդիմեն դատարան և կպնդեն նույն հայցը:

Փաստաբանը կարծում է, որ իրենք բավականին ծանրակշիռ հիմնավորումներ ունեն: «Ես գտնում եմ, որ եթե մեր հայցադիմումն ունենար թույլ կողմեր, ապա մեր դատարաններն այդ աստիճան սանձարձակ չէին լինի, որ մեզ զրկեին դատարան դիմելու իրավունքից: Պարզապես կքննեին հայցը և կմերժեին: Բայց այդպես չարեցին, որ մեր փաստերը չքննվեն հրապարակային դատավարության ընթացքում, որովհետև դրանք անվիճելի փաստեր են»,- կարծում է Ալումյանը:

Հիմնավորումներից մեկը, նրա խոսքերով, այն է, որ օրենքով ուղղակիորեն, առանց վերապահումների արգելված է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել այն վայրերում, որտեղ կան կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանիներ: «Որպեսզի շրջանցեն այս արգելքը, եզրակացության մեջ նկարագրել են ոչ թե Ալավերդու, այլ Դիլիջանի Թեղուտը, որտեղ նման բույսեր և կենդանիներ չկան»,- ասում է փաստաբանը:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաստիացնում է, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը հետամուտ է լինելու, որպեսզի կառավարությունը կատարի Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքերով՝ իրենք մտադիր են որպես «մտրակ» օգտագործել նաև տարբեր միջազգային կառույցների և Թեղուտի խնդիրը բարձրացնելու են նաև Եվրախորհրդում և ԵԽԽՎ-ում:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am