ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխաների իրավունքներ. գիտակցությունը փոխվել է, գործողություններն ուշանում են

«Երեխաների իրավունքների պաշտպանվածության առումով խոսակցություններն ավելի շատ են, քան իրական գործերը»,- ամփոփելով 2011 թվականը՝ նշում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Անցնող տարվա դրական փոփոխություններից մեկը, Անտոնյանի կարծիքով, այն է, որ բարձրացել է գիտակցումը, որ երեխաներին օգնելու համար շատ ծառայություններ են պետք. «Սկզբում դա համարվում էր ընդամենը ՀԿ-ների ցանկությունը և մենաշնորհը, հիմա բոլոր մակարդակներում խոսում են դրա մասին, այդ թվում՝ նաև պետական մակարդակում»:
Նրա խոսքերով՝ 2011թ. պետական քաղաքականությունը և ռազմավարությունը չեն փոխվել. ռիսկերի նվազեցումը և մանկատների բեռնաթափումը շարունակում են մնալ առաջնահերթություն:
Միրա Անտոնյանի կարծիքով՝ մյուս դրական տեղաշարժն այն է, որ պետությունը կարևորում է օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների համար յուրահատուկ արդարադատության համակարգի ստեղծումը, որը հաշվի կառնի երեխաների առանձնահատկությունները:
«Պետությունն այս ամենը սկսել է գիտակցել, բայց գործողությունները աններելիորեն և չպատճառաբանված ուշանում են, ձգձգվում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ այն պատճառաբանությունը, թե ֆինանսներ չկան, իր համար ընդունելի չէ:
«Գումար ունեն, պարզապես ճիշտ տեղում չեն ծախսում, գումարները պետք է վերահասցեագրեն, բյուջեի տողերը փոփոխեն»,- կարծում է Անտոնյանը։ Այս առումով նա կարևորում է նաև սփյուռքի և տեղի բարերարների ու գործարարների ներդրումները ճիշտ համակարգելն ու ուղղորդելը:
Մի կողմից պետությունը որդեգրել է մանկատների բեռնաթափման քաղաքականություն, մյուս կողմից՝ շատ քիչ են կանխարգելող ծրագրերը և այն ծրագրերը, որոնք երեխաներին հաստատություններից տանում են ընտանիքներ:

«Օգնության կարիք ունեցող երեխաների մեծ մասը օգնությունը շարունակում են ստանալ հաստատությունների պայմաններում։ Օգնության նշանակետը պետք է լինեն սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքները, այլ ոչ թե հաստատությունները»,-ասում է Անտոնյանը, ավելացնելով, որ սխալը հենց այստեղ է, քանի որ շատ երեխաներ մանկատուն են գնում, որովհետև ոչ թե որբ են, այլ՝ սոցիալական օգնության կարիք ունեն:
2011 թվականը, Միրա Անտոնյանի դիտարկմամբ, բացասական էր երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության աղմակահարույց դեպքերի վիճակագրությամբ:
Դրանցից մեկը Գորիսում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա դեպքն էր: Մայրը ոստիկանություն էր դիմել և հայտնել, որ աղջիկը բռնության է ենթարկվել հոր կողմից և հղիացել, սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ բռնարարը հայրը չի եղել: Գործի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Գորիսեցի աղջիկը որոշ ժամանակ մնացել է Միրա Անտոնյանի ղեկավարած Երեխաների աջակցության կենտրոնում և համապատասխան օգնություն ստացել: Նա վերադարձել է Գորիս, սակայն Անտոնյանը ցավով նշում է, որ շրջապատը մերժողական վերաբերմունք ունի աղջկա նկատմամբ:
2011թ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց մեկ այլ աղմկահարույց գործով: Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ և համասեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նա վճիռը բողոքարկել է վերաքննիչ ատյանում:
«Վիճակագրությունը տխուր է: Գուցե առանձին դեպքերում բռնարարը պատժվում է և բանտարկվում, բայց ասել, որ իրավիճակը կփոխվի, այսուհետ չեն լինի այդպիսի դեպքեր և երեխաները չեն ենթարկվի բռնության, չենք կարող, որովհետև ոչ մի կանխարգելող մեխանիզմ մշակված չէ»,- ասում է Անտոնյանը:
Հատուկ դպրոցներ. Մշտադիտարկման խումբն ամփոփում է տարին
2011 թ. Կրթության և գիտության նախարարության հատուկ դպրոցների մշտադիտարկման խմբի գործունեության առաջին տարին էր: Խումբն իր աշխատանքը կենտրոնացրել է երկու ուղղությամբ՝ հատուկ դպրոցների շենքային պայմանները և վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Դիտարկումն իրականացվել է 10 հատուկ դպրոցներում:
Ամփոփելով 2011 թ. աշխատանքը՝ մշտադիտարկման խմբի ղեկավար Արտակ Կիրակոսյանը նշում է, որ երկու ուղղությամբ էլ շատ խնդիրներ են հայտնաբերվել: Դպրոցների շենքերը կառուցված են խորհրդային տարիներին և հիմնանորոգման կարիք ունեն, չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին, հարմարեցված չեն հատուկ կարիքներով երեխաների համար:
«Չկան տարրական պայմաններ՝ սկսած թեքահարթակներից: Մթնոլորտը գորշ է: Տնօրեններն աշխատում են իրենց ուժերի սահմաններում ինչ-որ բաներ վերանորոգել, սակայն դպրոցին հատկացվող բյուջեն ճկուն չէ»,- ասում է Արտակ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ այդ դպրոցներում սովորում է թեկուզ մեկ երեխա, պետք է նրա համար ապահովել նորմալ պայմաններ:
Պետությունը գնում է դեպի ներառական կրթություն, և հատուկ դպրոցները վաղ թե ուշ պետք է փակվեն: Մշտադիտարկման խմբի անդամների կարծիքով՝ հատուկ դպրոցները պետք է վերածվեն վերապատրաստման, վերականգնողական կենտրոնների և փակելը չպետք է դառնա լուծարում:
Կիրակոսյանը օրինակ բերում է Դանիայի փորձը, որտեղ հատուկ կարիքներով երեխաները կարճ ժամանակում վերապատրաստում են անցնում հատուկ կենտրոններում և ուղղորդվում ներառական դպրոցներ:

«Մեզ էլ նմանատիպ կենտրոններ են պետք, որովհետև այդ երեխաները ամեն դեպքում ինչ-որ խնդիրներ ունեն և ինչ-որ բանից հետ են մնացել: Նրանց պետք է նախապատրաստել և որոշակի մակարդակի բերել»,- ասում է մշտադիտարկման խմբի ղեկավարը:
Արտակ Կիրակոսյանի խոսքերով՝ խնդիրներ կան հատուկ դպրոցներում սովորող երեխաների՝ այդ դպրոցում հայտնվելու պատճառների հետ կապված: Շատ երեխաներ սոցիալական խնդիրների պատճառով են հայտնվում դպրոցում: Իսկ ԿԳՆ գնահատման կենտրոնը, որը պետք է երեխաներին գնահատի և համապատասխան դպրոց ուղղորդի, լավ չի կատարում իր գործառույթը:
«Մեր փորձը ցույց է տալիս, որ կենտրոնը պրակտիկորեն չի գործում: Այն ունի մեծ ֆինանսավորում և աշխատակազմ, բայց ստացվում է, որ ձևական բնույթ է կրում»,- նշում է Կիրակոսյանը: Նրա խոսքերով՝ գնահատման թերթիկները լրացվում են միանման և եթե ուսումնասիրում ես դրանք, տեսնում են, որ ժամանակին երեխան ընդունվել է սոցիալական խնդիրներով, իսկ երկու տարի հետո թերթիկում գրված է, որ մտավոր խնդիր ունի:
Կիրակոսյանը նաև մտահոգիչ է համարում, որ հատուկ կարիքներով շատ երեխաներ հատուկ դպրոցներում չեն. «Եվ չկա որևէ ուսումնասիրություն, թե որտեղ են նրանք՝ հանրակրթական, ներառական դպրոցներում, թե դուրս են մնացել կրթությունից»:
Երեխաների նկատմամբ վերաբերմունքի խնդիրը, ըստ Արտակ Կիրակոսյանի, մտահոգիչ է առաջին հերթին այն առումով, որ երեխաները և, առհասարակ, հասարակությունը շատ ցածր գիտակցում ունի «բռնություն» երևույթի նկատմամբ. «Երբ խոսում ես տնօրենների, ուսուցիչների հետ բռնության մասին, իրենց մոտ ոչ մի նման խնդիր չկա՝ չնայած որ աղմկահարույց դեպքեր ունենք՝ ընդհուպ մինչև սեռական բռնություն և ծեծ»:
Կիրակոսյանի խոսքերով՝ զրույցների ժամանակ ուսուցիչները նույնիսկ ասում են, որ ոչ մի պատիժ չեն կիրառում, այլ միայն զրուցում են երեխայի հետ: Իսկ երեխաների հետ զրույցում պարզվում է, որ պատիժներ կիրառվում են: «Ապտակ, ականջ քաշել, մի ոտքի վրա անկյուն կանգնեցնել, չեմ ասում՝ գոռալ, սեղանին դմփացնել և այլն: Ու իրավիճակն այնպիսին է, որ երեխաների մոտ բռնության ընկալման սահմանագիծը շատ ցածր է, հասարակության մեջ՝ նույնպես. պետք է դառնա մի մեծ պատմություն, որ նոր դա բռնություն համարեն»,- նշում է մշտադիտարկման խմբի ղեկավարը:
Նրա կարծիքով՝ խնդիրը լուծելու համար նախ պետք է ընդունել այն փաստը, որ համակարգում բռնություն կա: Հետո անել համապատասխան հետազոտություններ, քայլեր, բռնությունների կանխարգելման մեխանիզմներ մշակել: Բոլորը պետք է գիտակցեն, որ գոռալը, անպատվելը և արհամարհելն էլ է բռնություն:
Իսկ այն, որ առանձին դեպքերում տնօրինությունը և ԿԳՆ-ն համապատասխան քայլեր են ձեռնարկում բռնարար ուսուցիչների նկատմամբ՝ ընդհուպ մինչև աշխատանքից հեռացնել, ըստ Կիրակոսյանի՝ բավարար չէ:
Ամփոփելով իրենց աշխատանքը՝ Արտակ Կիրակոսյանն ասում է, որ մշտադիտարկումներն իրենց արդյունքը տալիս են: Որպես օրինակ՝ նա նշում է Կապանի հատուկ դպրոցներից մեկը, որտեղ տարիներ շարունակ ննջարաններում պահարան չի եղել և երեխաներն իրենց հիգիենայի բոլոր պարագաները մեկ ընդհանուր սենյակում են պահել: Խմբի կողմից խնդիրը հայտնաբերելուց հետո հաջորդ այցելության ժամանակ արդեն սենյակներում պահարաններ են դրվել, իրերն առանձնացվել են:
Հատուկ կարիքներով երեխաների իրավունքներ
Հատուկ կարիքներով երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը 2011թ. ձեռքբերում է համարում ներառական դպրոցների թվի ավելացումը. 15-ով ավելացել է ներառական դպրոցների թիվը՝ դառնալով 81:
«Դա երեխաների կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից շատ կարևոր քայլ է»,- նշում է նա: 2011 թ. ձեռքբերումներից է նաև «Ինտեգրացված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի» հայեցակարգի հաստատումը, որը ենթադրում է ծառայությունների հասանելիության խթանում Հայաստանում: «Սրանք դրական փոքրիկ տեղաշարժերն են, սակայն երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար անելիքները դեռ շատ են»,– կարծում է Թադևոսյանը:
Ամենակարևորը, նրա խոսքերով, երեխաներին ուղղված ծառայությունները հասանելի դարձնելն է: Ընդ որում, խնդիրները տարբեր են քաղաքային և գյուղական բնակավայրերի համար:
«Քաղաքային և գյուղական բնակավայրերում ապրող երեխաների համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Քաղաքային բնակավայրերում, եթե նվազագույն որոշակի պայմաններ ստեղծված են երեխաներին հասանելիք ծառայությունների մատչելիության առումով, ինֆորմացիայի ստացման առումով, քանի որ մեծ ՀԿ-ներ կան, ապա գյուղական վայրերի և հատկապես հեռավոր գյուղերի երեխաներն ավելի խոցելի վիճակում են՝ զրկված են ինֆորմացիայից կամ ծառայություններն այնքան հեռու են, որ ընտանիքն այդքան հնարավորություն չունի դրանցից օգտվելու համար երեխային տանել-բերելու»,- ասում է Սուսաննա Թադևոսյանը:

Ներառական դպրոցները շատանում են, սակայն շատ բնակավայրերում դեռ խնդիրներ կան հատուկ կարիքներով երեխաների կրթության իրավունքը ապահովելու հարցում: «Որոշ դպրոցներ կա՛մ տեղյակ չեն, որ այդպիսի երեխաներ կան համայնքում, կա՛մ տեղյակ են, բայց չգիտեն ինչպես կազմակերպել նրանց կրթությունը»,- նշում է «Հույսի կամուրջի» նախագահը՝ հավելելով, որ անելիքները շատ են:
Անցնող տարվա դրական փոփոխություններից նա ևս կարևորում է մանկատների բեռնաթափման ծրագիրը: Թադևոսյանի խոսքերով՝ եթե պետությունը հավատարիմ մնա «երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսին, շատ խնդիրներ կլուծվեն:
Մերի Ալեքսանյան
Նկարները` www.forum.armkb.com, www.hra.am/artak, www.hra.am/mira, www.bravo.am
Աղբյուրը՝ www.hra.am
