Զինծառայողների իրավունքները պաշտպանված չեն. արձանագրում են իրավապաշտպանները

Հասարակական կազմակերպությունների հաշվարկներով՝ 2011թ. հայկական բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած դժբախտ դեպքերի թիվը նվազել է: Եթե նախորդ տարի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն հաշվարկել էր 44 դեպք, այս տարի այդ թիվը նվազել է՝ 38, բայց սա առաջընթաց չի համարվում:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ 2005թ.-ին արձանագրվել էր 47, 2006-ին՝ 33, 2007-ին՝ 41, 2008-ին՝ 69, 2009-ին՝42, իսկ 2010-ին՝ 54 դեպք:

«Նախորդ տարի, պաշտոնական տվյալներով, հաղորդվեց 54 թիվը, ու քանի որ մեզ այդպես էլ տվյալներ չհաղորդեցին մնացած տասը զոհերի մասին, չի բացառվում, որ այդ թիվն իրականում ավելի մեծ լինի նաև այս տարի»,- ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը: Նա կարծում է, որ ամեն դեպքում առաջընթաց է այն, որ այս տարի հասարակությունն անհամեմատ ավելի ակտիվ է հարցը բարձրացնում ու քննարկումներն էլ ավելացել են, բայց այս ոլորտում դեռ անելիքներ կան:

«Պաշտպանության նախարարն ինքն է հայտարարել, որ այս տարի կանոնադրական հարաբերությունների խախտումների պատճառով դեպքերի թիվն ավելի է շատացել, որը մտահոգիչ է»,- նախարարի ասածին համաձայնում է Սաքունցը: Նա ասում է, որ շուտով կներկայացն են ոչ պատշաճ ծառայության կազմակերպման հետևանքով հրազենի կիրառմամբ սպանության մի դեպք, որի մասին ընդհանրապես չի խոսվել:

Սաքունցի հաղորդած տվյալներով՝ այս տարի 11 հոգի զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով է մահացել, 3 հոգի՝ անվտանգության կանոնների խախտման, 8 հոգի՝ ինքնասպանության, 6 հոգի՝ կանոնադրական հարաբերությունների խախտման, 6 հոգի՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով: Մեկ դեպք դիտավորյալ սպանություն է եղել, մեկի մասին ոչ մի բան հայտնի չէ:

Մահվան դեպքերն այս տարի հիմնականում որպես  ինքնասպանություն որակվեցին, իսկ ձերբակալությունները հիմնականում պաշտոնեական դիրքի չարաշահման հիմքով էին: Զինծառայողների խեղումների, հոգեկան խանգարմուների առաջացման դեպքեր նույնպես արձանագրվեցին. սեպտեմբերին հոգեբուժարան տեղափոխվեց զինծառայող Հովհաննես Վարդանյանը, հոկտեմբերին   բանակում սուր փսիխոզ ստացավ զինծառայող Ժորա Մկրտչյանը, դեկտեմբերին զինծառայող Նարեկ Ավետիսյանը դեմքին ստացած հարվածներից կորցրեց աջ աչքի տեսողությունը:

Բանակում տեղի ունեցած սպանությունների գործերով զբաղվող փաստաբաններից Սեդա Սաֆարյանն այս տարի արդեն հայց է ներկայացրել երեք քննիչների դեմ՝ բանակում մահացած զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի ու Վալերի Մուրադյանի գործերով քննիչներ Գնել Մանուկյանի, Արտակ Ապրեսյանի և Արտակ Թամրազյանի: Նա այս քայլով ուզում է ցույց տալ, որ մյուս քննիչներին էլ նույնն է սպասվում, եթե նրանք փորձեն ոչ արդյունավետ ու ոչ բազմակողմանի քննություն իրականացնել:

«Այս մեկ տարվա մեջ զինվորական հանցագործություններն իրականում վերհանելու միտում կա: Խնդիրները վերհանելու տեսանկյունից պետական մարմիններն ուշադրություն դարձնում են, բայց չեն պատժում, իսկ ես շարունակում եմ վախենալ նախաքննական մարմինների սխալներից ու դատական մարմինների մոտեցումներից, քանի որ նրանց գործողությունների պատճառով է, որ դեպքի վայրից ոչ ճիշտ զննություն է իրականացվում, ոչ ճիշտ փորձաքննություններ, ցուցմունքներ են գրվում, որոնք հետագայում հերքվում են»,- ասում է փաստաբանը:

Տարին դրական է համարում միայն քաղաքացիական դիրքորոշման տեսանկյունից բանակում տեղի ունեցած դեպքերը լուսաբանող լրագրող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, բայց գործերը բացահայտելու տեսանկյունից նա չի տեսնում որևէ փոփոխություն:

«Սա անպատժելիության այն մթնոլորտն է, որը բերում է նոր հանցագործությունների: Վերջին տարիներին տարածված խնդիր է նաև այն, որ ինքնասպանության հոդվածներով են գործը հարուցում, չնայած ասում են, որ դրանք կարող են հետագայում վերաորակվել, բայց իրականում դա չի լինում, այն դեպքում, երբ ակնհայտ փաստերով սպանություն է լինում»,- անհանգստանում է Ժաննա Ալեքսանյանը:Նա կոչ է անում պետական կառույցներին վերջ տալ ծնողներին մեղադրել՝ ասելով թե իրենց երեխան իրենց դաստիարակության պատճառով է ինքնասպան եղել, քանի որ դա պետության կողմից ոչ կանոնակարգված բանակ ունենալուպատճառով է լինում:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հատկապես «Բանակն իրականում» նախաձեռնությունը, ամեն հինգշաբթի բանակում մահացած զինվորների մայրերի հետ միասին բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի առաջ, կազմակերպել  քննարկումներ:

Սեպտեմբերին տաս ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ պահանջելով ՀՀ գլխավոր գերագույն  հրամանատարից անհապաղ՝ մեկ ամսվա ընթացքում, քայլեր ձեռնարկել բանակում հատկապես ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ: Հայտարարությունից մեկ ամիս անց ՀԿ-ները ոչ մի էական փոփոխություն չարձանագրեցին և տարածեցին հաջորդ հաղորդագրությունը. «Համարում ենք, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը և չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից»:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am