ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդար դատավարության իրավունք. 2011թ. ձեռքբերումների տարի չէր

Ամփոփելով 2011 թ.՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ամենասուր և ամենահամակարգային խնդիրն արդար դատաքննության պակասն է և մարդու իրավունքների ոլորտում այս խնդիրն առկա է Հայաստանի անկախությունից ի վեր:
Այսօր դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում»,-ասել է նախագահ Սարգսյանը: Խորհրդակցության արդյունքում նախագահն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:

Նշենք, որ ՄԻ պաշտպանը երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, որին ընթացք չտրվեց: «Դա 2011 թվականի իմ ամենամեծ հիասթափությունն է»,- ասաց Անդրեասյանը՝ կոչ անելով քաղաքական ուժերին ոչ միայն քննադատելդատական իշխանության ներկայիս վիճակը, այլև ընտրողներին ներկայացնել արդար դատարան ունենալու իրատեսական ծրագրեր:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը նույնպես կարծում է, որ 2011թ. արդար դատավարության իրավունքի ոլորտում էական բարելավումներ և փոփոխություններ չեն եղել.
«Կառավարությունը մշակել է քրեական դատավարության հայեցակարգ, սակայն այս տարի գործնականում որևէ փոփոխություն չի եղել»,- նշում է նա:
Կազմակերպությունը հետևում է մի շարք գործերի նախաքննության և դատավարության ընթացքին: Դանիելյանի խոսքերով՝ ընտրված են գործեր, որոնք մարդու իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր են: «Դրանք գործեր են, որոնք իրենց հետևանքով գուցե շատ ծանր չեն, բայց վտանգավոր են նախադեպային դառնալու իմաստով»,- ասում է ՔՀԻ նախագահը:
Իրավապաշտպանը նման գործ է համարում Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի դեմ կայացված դատավճիռը, որով կրոնական կազմակերպության քարոզիչը դատապարտվեց 6 ամիս ազատազրկման:

«Մեզ համար մտահոգիչ է դատարանի կայացրած որոշումը, որովհետև վտանգավոր նախադեպ է ստեղծում, որ ոչ առաքելական եկեղեցու ներկայացուցչի կողմից ցանկացած քարոզչության փորձ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,- մեկնաբանում է Արման Դանիելյանը:
www.hra.am կայքում ստեղծված է բազա, որտեղ տեղադրված են ՔՀԻ ուշադրության կենտրոնում գտնվող գործերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: «Փորձում ենք հետևողականորեն լուսաբանել գործի ողջ ընթացքը, որովհետև շատ դեպքերում սկսում են զբաղվել ինչ-որ գործով, հետո ընթացքում մոռանում են դրա մասին: Որպես ապացույց նշեմ Լևոն Գուլյանի գործը, որով մենք 4 տարուց ավել հետևողականորեն զբաղվում ենք»,- նշեց ՔՀԻ նախագահը:
ՀՀ շատ քաղաքացիներ, սպառելով ներպետական դատական բոլոր ատյանները և արդար որոշում չգտնելով, դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն վերջին մեկուկես տարում 9 բողոք է ուղարկել ՄԻԵԴ: Եվ ըստ ՄԻԵԴ կայքի տվյալների՝ Եվրադատարանը 2011 թ. Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է 5 որոշում:
«Արդար դատավարության իրավունքն ամենակարևոր իրավունքն է, ես կասեի՝ իրավունքների իրավունքը, որովհետև բոլոր խախտված իրավունքների պաշտպանության հիմնական միջոցը դատարանն է: Եթե չունենք արդար, անկախ դատական համակարգ, չենք կարող պաշտպանել մեր խախտված իրավունքները»,- կարծում է Արման Դանիելյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
