Մայրը պահանջում է պատժել որդու սպանության գործը կոծկած քննիչին

Դեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արմեն Խաչատրյան) անհիմն համարեց և վերադարձրեց զինծառայող Վալերի Մուրադյանի գործով ներկայացված հայցը:

Զինվորի մայրը՝ Նանա Մուրադյանը և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարան էին դիմել՝ ճանաչելու Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա՝ 2-րդ հոդված) և պետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը՝ զորամասում տիրող բարձիթողի վիճակի և արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ:

Դատարանն ավելի արժանահավատ համարեց ՀՀ պաշտապնության նախարարության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Թամրազյանի բերած փաստերը, և գտավ, որ բոլոր փորձաքննությունները ժամանակին են կատարվել, ուստի հայցն անհիմն է:

Տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանը և նրա փաստաբանը պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ ատյանում: «Ես նշել էի, որ առաջին հերթին խախտվել է իմ տղայի կյանքի իրավունքը: Չէ՞ որ զորամասի ներսում խաղաղ պայմաններում իմ երեխային սպանել են: Դատավորը չի ուզում դա ընդունի և ընդհանրապես չանդրադարձավ կյանքի իրավունքի խախտմանը»,- www.hra.am–ին ասաց Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 14-ի լույս 15-ի գիշերը կասկածելի հանգամանքներում մահացել է ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Նրան գտել են կախված վիճակում: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով, սակայն տղայի մայրը՝ Նանա Մուրադյանը, պնդում է, որ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ իր որդուն սպանել են:

Վալերի Մուրադյանի մահվան փաստի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է և նախաքննությունն իրականացվել է ԼՂՀ-ում, այնուհետև մոտ 3 ամիս անց գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական վարչություն: Քրեական գործի հարուցումից անցել է մոտ 1 տարի և 7 ամիս: Գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:

Զինվորի մայրը ԼՂՀ Պաշտպանության բանակի քննչական վարչության քննիչ Արման Ապրեսյանին մեղադրում է գործը կեղծելու և դեռ քննություն չիրականացրած՝ դեպքն ինքնասպանություն որակելու համար:

Իսկ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ արդյունավետ հետաքննությունը ձախողվել է քննչական մարմնի գործելաոճի պատճառով: «Դատարանը պետք է իրավական գնահատական տա քննիչ Արման Ապրեսյանի գործողություններին, որոնց պատճառով ձախողվել է Վալերի Մուրադյանի մահվան իրական հանգամանքները պարզելու հավանականությունը»,- ասում է փաստաբանը՝ հավելելով, որ բացի դատաբժշկական փորձաքննությունից, մնացած բոլոր փորձաքննությունները նշանակվել են դեպքից 3-4 ամիս անց:

«Ի սկզբանե կանխակալ մոտեցում է ցուցաբերվել, որ Վ.Մուրադյանն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով, փորձաքննություններ չեն նշանակվել ծանրակշիռ ապացույցներ ձեռքբերելու համար»,- նշում է փաստաբանը: Նրա խոսքերով՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Արմեն Թամրազյանի նշանակած փորձաքննությունների եզրակացություններում գրված է, որ ուշ նշանակելու պատճառով՝ փորձագետները որոշակի հարցերի պատասխաններ չեն կարող հստակ տալ:

Տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանն իր տղայի մահվան մեջ մեղադրում է օրվա հերթապահ սպային, ով դեպքի օրը նույնիսկ անվանականչ չի արել՝ քննիչին պատճառաբանելով, որ այդ ժամին հեռուստացույց է դիտել և մոռացել է:

Իսկ սպանության պատճառը, նրա կարծիքով, կարող էր լինել «վառելիքի գողությունը», որին երեքուկես ամսվա ծառայող Վալերին ականատես էր եղել մահվանից 4 օր առաջ:

Մայրը պատմում է, որ դեպքից 4 օր առաջ հեռախոսով տղան ասել է, որ վառելիքի գողության ականատես է դառել, իրեն ասել են՝ ձայն չհանես, քեզ 3000 դրամ կտանք: Տղան չի համաձայնվել: «Ասացի, բա կամադիր-բան չկա՞, չե՞ն վախենում, որ տեսնի: Ասաց՝ «ի~նչ կամանդիր, աֆիցերը իրա մեքենայով զադնիյով գալիս ա», հենց էդպես էլ ասաց, «տղերքն էլ լցնում են մեքենան, գնում ա»: Ասացի՝ տղաս, գործ չունես, կարողա բռնվեն, գցեն քո վրա: Հենց հիմա գնա, իրենց ասա՝ ես ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, ինձ փող պետք չի, մենակ ինձ չխառնեք էս ամեն ինչին: Ասեց՝ հա, հենց հիմա կգնամ, կասեմ: 4 օր հետո իմանում եմ տղայիս մահվան մասին»,- պատում է մայրը:

Նանա Մուրադյանը ենթադրում է, որ տղայի մահվան օրը հերթապահ է եղել հենց այն նույն սպան, որի մեքենան լցրել են գողացած վառելանյութը: «Այդ նույն սպան է եղել ուրեմն այդ օրը հերթապահ, էդ զինվորներն էլ, ովքեր մասնակցել են վառելիքի գողությանը, մասնակից են դառել նաև իմ տղայի սպանությանը. բռնել են, որ սպան խեղդի, և հետո տարել են կախել են, որ ինքնասպանության սցենարի նմանեցնեն: Բայց ինձ չեն կարող համոզել»,- ասում է որդուն կորցրած մայրը:

«Իմ տղայի վզին պարանի երկու հետք կա: Նրան խեղդել են, հետո կախել, որ ինքնասպանություն որակեն: Իմ տղայի թևերին մատերի հետքեր կան՝ կապտուկներ, վզին մատի սեղմած տեղ կա, քթի, բերանի վրա սեղմած տեղեր կան: Այդ հետքերը խոսում են այն մասին, որ իրեն օգնել են, որ խեղդվի»,- նշում է Նանա Մուրադյանը՝ ավելացնելով, որ Վալերին չէր կարող իր հասակից ցածր բարձրության ձողից կախվել և ծնկները ծալված խեղդվել:

Վալերի Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ պարանի խորը ակոսին զուգահեռ կա նաև ժապավենաձև արյունազեղում: Սակայն, Նանա Մուրադյանի խոսքերով, այդ կարևոր վնասվածքը գրված չէ վնասվածքների մասում, այսինքն՝ դատաբժիշկը դա վնասվածք չի համարել:

Վալերիի մայրը նախաքննության առաջին իսկ օրից նշել է վառելանյութի գողության դեպքի մասին, սակայն քննիչն ինքնասպանության վարկածն է առաջ տարել:

Ծնողը հրաժարվում է հավատալ ինքնասպանության վարկածին, որովհետև, իր խոսքերով, Վալերին շատ լավ է անցկացրել ծառայության 3,5 ամիսները, 2 խրախուսանք է ստացել. «էդ ի՞նչ եղավ նրան, որ մի օրվա մեջ որոշեց ինքնասպան լինել»:

Տղայի ծնողների և նրանց փաստաբանի համար համոզիչ չէ նաև այն վարկածը, որն առաջ է քաշել քննիչ Ապրեսյանը: «Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ զորամասի 4 զինծառայողների հետ վիճաբանություն է եղել: Զինծառայող Ավետիք Խաչատրյանը Վալերի Մուրադյանին ասել է, որ մինչև ժամը 12-ը պարտք գումար չբերես, գումարն էլ վերաբերում է ինչ-որ 2000 դրամի, լավ չի լինի քո համար, ու եթե քնած էլ լինեմ, պիտի բերես ու տաս: Մինչև ժամը 12-ը Վալերի Մուրադյանին հայտնաբերում են կախված վիճակում»,- նշում է Սեդա Սաֆարյանը՝ սա համարելով անհեթեթ վարկած:

«Էն որ ասում են՝ 2000 դրամի համար ինքնասպան է եղել, դա խելքին մոտ բան չի: Իմ տղան, եթե իմանար, որ կյանքին վտանգ է սպառնում, հավար կգցեր, կասեր՝ մամ ինձ շուտ 2000 դրամ հասցրեք»,- ասում է մայրը:

«Մանրուքային քննություն է տարվում, և այդպես էլ չեն կարողանում բերել համոզիչ փաստարկներ, որ Վալերի Մուրադյանը գտնվել է այնպիսի անելանելի իրավիճակում, որ ինքն իր վրա ձեռք բարձրացներ: Նրա բնութագիրը երբ կարդում ես, թե ինչպիսի երեխա է եղել, ուղղակի համոզիչ չէ, որ նորմալ, առողջ մարդը մեկ րոպեում կարող էր որոշել ինքն իրեն սպանել»,- հավելում է փաստաբանը:

Սաֆարյանը հարց է տալիս՝ գիշերվա ժամը 10-ից հետո ինչո՞ւ Վալերի Մուրադյանը քնած չի եղել, ինչպե՞ս է նա հայտնվել զորամասի սպորտային հրապարակում, և ինչո՞ւ զորամասի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:

Մեկ այլ հանգամանք. դեպքի օրը երեկոյան անվանականչը սպայի կողմից չի կատարվել:

«Ես գտնում եմ, որ դա միտում է այդ սպայի կողմից, նա այդ ժամին կազմակերպել էր իմ տղայի սպանությունը: Իսկ երբ ր քննիչը հարցնում է՝ ինչի՞ երեկոյան անվանականչ չես արել, ասում է՝ հեռուստացույց էի նայում, մոռացել եմ անվանականչ անեմ: Ինչի զինվորական ծառայությունը տե՞նց բան է, որ դու կարող ես մոռանալ, հեռուստացույց նայել, կարող է մի օր էլ թուրքը մտնի քո քնած զինվորին մորթի գնա, ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- վրդովվում է Նանա Մուրադյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի վայրում այլ զիվորների պատկանող իրեր են եղել՝ գոտի, բաճկոն, գլխարկ: Ընդ որում դրանք եղել են Վալերիի հետ կոնֆլիկտ ունեցած տղաների իրերը: Քննիչը չի կարողացել պարզել, թե դրանք ինչպե՞ս և ինչո՞ւ են հայտնվել «ինքնասպանություն գործած» Վալերի Մուրադյանի կողքին: Տղաներից մեկն ասել է, թե բաճկոնը մեկ-երկու օր առաջ Վալերիի հետ փոխել է, իսկ գոտու և գլխարկի տերերը պարզապես ասել են, որ չգիտեն՝ ինչպես են իրենց իրերը հայտնվել սպորտային հրապարակում:

Սեդա Սաֆարյանը բերում է ևս մի քանի օրինակներ: Վալերի Մուրադյանի մարմինը և հագուստը թաղված են եղել փոշու մեջ, քննությամբ դեռ չի պարզվել, թե ինչու: Զինվորի հագուստի վրայի կեղտերը նույնպես հայտնի չէ, թե ինչի արդյունք են, քանի որ փորձաքննությունն ուշ է նշանակվել:

«Այսօր Հայաստանի բանակում եղեռն է, ցեղասպանություն: Ես ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ է ձեռնտու այս ցեղասպանությունը: Միայն նախագահը կարող է պարտադրել, որ այս սպանությունները բացահայտվեն: Եթե ինքը ցանկանա, որ բացահայտվեն գործերը, ուրեմն կբացահայտվեն, եթե ոչ՝ ուրեմն մեր երկրի նախագահին են ձեռնտու այս սպանությունները»,- հայտարարում է Վալերի Մուրադյանի մայրը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am