Անհրաժեշտ է դատարան կանչել նախաքննությունը կեղծող քննիչներին (տեսանյութ)

Դատավոր Սամվել Մարդանյանը տուժողի կողմից ներկայացրած ոչ մի միջնորդություն չբավարարեց. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ բանակում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով  հերթական դատական նիստը։

Արտակ Նազարյանը 2010թ. հուլիսի 27-ին ծառայության վայրում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել, իսկ  հարազատների պնդմամբ՝ սպանվել: Դժբախտ դեպքը պատահել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված « Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:

ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել «ինքնասպանության դրդում» որակմամբ:

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: 

Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ում ներկայացնում են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Սեդա Սաֆարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: 

Նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով

Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում: Հենց դրան էր ուղղված նաև տուժող կողմի փաստաբանների ներկայացրած միջնորդությունները իմանալ՝ ինչ ընթացքի մեջ է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկված իրենց ներկայացրած հայտարարության քննարկումը դատավորի կողմից և դատակոչի ենթարկվող վկաների ցանկի մեջ ներառել գործը քննած երկու քննիչներին:

«20-25 օր առաջ տուժող կողմը հայտարարություն է ուղարկել գլխավոր դատախազին նախաքննության ընթացքում սույն քրեական գործով կատարված հանցագործությունների վերաբերյալ. իրեղեն ապացույց պարկուճի ոչնչացումը և փորձագետին կեղծ պարկուճ ներկայացնելը, ինքնաձիգի վրայից մատնահետքերի ոչնչացումը նախաքննական մարմնի կողմից, դատաբժշկական կենտրոնի կողմից ուղարկված փաստաթուղթ լուսանկարների երեքի ոչնչացումը»,- հայտնեց տուժողի իրավահաջորդի փաստաբան Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ քրեական գործ հատոր 5-ում կա փաստաթուղթ, որ Նազարյանի դիակը հայտնաբերվել է ոչ թե բարձունքում, այլ՝ խրամատում, բայց թե ինչպես դիակը խրամատից հայտնվեց բարձունքում, խորհրդավոր գաղտնիք է մնում:

«Անհասկանալի է նաև, թե ինչպես գործով երկրորդ քննիչ Պետրոսյանը  գնում է դեպքի վայր, կազմում մի հանցավոր արձանագրություն, թե ինքը դեպքի վայրում ժայռաբեկորի վրա հայտանաբերել է արնանման հետքեր, ու հետո նմուշ չի վերցնում, որ պարզեն՝ մարդու թե կենդանու արյուն է, եթե մարդու է, ապա, որ խմբի արյուն է ու արդյոք պատկանում է հանգուցյալին»,- հայտարարեց Մարտիրոսյանը միջնորդելիս:

Սպանությունից մեկ օր անց գործով առաջին քննիչը՝ Սարգիս Մադաթյանը դեպքի վայրում հայտնաբերել է դիակը և լուսանկարել, այն դեպքում, երբ այն գտնվել է դատաբժշկական կենտրոնում: Փաստաբանները չեն հասկանում նաև, թե ինչո՞վ է ինքնասպան եղել Նազարյանը, եթե նրա ստացած 120 փամփուշտները տեղում են եղել:

«Դատաբժշկական փորձաքննությունն ասում է որ 54 վնասվածք կա Նազարյանի մարմնի տարբեր մասերում՝ կապտուկների և արյունազեզումների տեսքով, բայց ինչպե՞ս է հաջողվում երկու քննիչներին գործը քննել այնպես, որ ոչ մի խոսք չասվի այդ մարմնական վնասվածքների մասին»,- հարցադրում է անում Մարտիրոսյանը:

Փաստաբանները միջնորդեցին հարցաքննել քննիչներ Սարգիս Մադաթյանին և Լևոն Պետրոսյանին, բայց դատավորը որոշեց այդ միջնորդությունը քննարկել դատաքննության այլ փուլում՝ չնայած վկաներին հարցաքննելու փուլն արդեն սկսված է:

Արտակի մայրը քննչական բացթողումների մեջ դիտավորություն է տեսնում

Դատավորի հայտարարած մեկժամանոց ընդմիջումից հետո Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, տվեց այս գործով առաջին ցուցմունքը:

«Արտակը իր բնույթով ազնիվ, բարի, պարկեշտ, բարոյական մարդ էր: Նա որևէ մեկին որևէ անգամ անտեղի չէր վիրավորի, ցավ չէր պատճառի: Նա իր էությամբ սկզբունքային էր»,- ասաց մայրը:

Արտակը ՀՀ Զինված ուժերում պայմանագրային ծառայության է անցել 2009թ. դեկտեմբերից: Մայրն ու հայրը վերջին անգամ իրենց տղային ողջ են տեսել հուլիսի սկզբին, երբ գնացել էին Արծվաբերդ՝ Արտակի վարձակալած բնակարան: Հուլիսի 11-ին մայրը վերադարձել է, իսկ հայրը մնացել է տղայի մոտ: Հուլիսի 16-ին Արտակը զանգել է հրամանատարի անձնակազմի գծով տեղեկալ (զամպալիտ) Հակոբ Մանուկյանին՝ զգուշացնելու, որ հայրը վատ է և ինքը չի կարող գործի գալ, Մանուկյանը չի պատասխանել և Արտակը կարճ հաղորդագրություն է ուղարկել նրան:

Մայրը տարօրինակ է համարում, որ նյութերի մեջ որևէ ակնարկ չկա Մանուկյանի պատասխանի մասին: Իսկ քննիչը ոչ թե բջջային օպերատորից պահանջել է Մանուկյանի հեռախոսային վերծանումները, այլ հաղորդագրությունը ձեռքով արտագրել է հեռախոսից:

Ընդ որում, Հասմիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ Արտակը հաղորդագրություն է ուղարկել 2010թ հուլիսի 16-ին ժամը 10:20, իսկ քննիչը գործի մեջ գրել է, որ հաղորդագրությունը ստացվել է նույն օրը՝ 7-ն անց 28 րոպեին, ուղարկելուց մոտ 3 ժամ առաջ:

Մայրը միտում է տեսնում նաև նրանում, որ քննիչը Արտակ Նազարյանի հեռախոսային վերծանումները հանել է մինչև հուլիսի 24-ը: Այնինչ, մոր խոսքերով՝ տղայի հեռախոսում լիցքավորված 1000 դրամից մնացել էր ընդամները 317 դրամ, այսինքն՝ նա խոսել է հեռախոսով:

Վերջին հեռախոսային խոսակցությունը մոր և տղայի միջև եղել է 2010թ հուլիսի 24-ին: Արտակը զանգել է մորը և խնդրել լիցքավորել հեռախոսը, քանի որ երեք կարևոր հեռխոսազրույց ունի: Հետո զանգել է, ասել, որ լիցքավորված գումարը տեղ է հասել, և ասել է. «մամ ջան, աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, գիտես չէ՞»: Հետո չի սպասել մոր պատասխանին, ասել է՝ «դե լավ, մա՛մ ջան, ես գնացի» ու զգացվել է, որ շտապում է: Տիկին Հասմիկի խոսքերով՝ Արտակը երբեք նման բան չէր ասել:

Սա վերջին հեռախոսազրույցն էր, որից հետո մայրն այդպես էլ չի կարողացել կապվել տղայի հետ, իսկ մահվան լուրն իմացել է զինկոմիսարիատում, որտեղ Միշա Գաբրիելյանը, մոր խոսքերով «ցինիկ տոնով» կիսաթեք կանգնած և ձեռքերը թափ տալով, առանց այլևալության մորն ասել է՝ «ձեզ պետք է ասեմ, որ ձեր տղան ինքնասպան է եղել», իսկ երբ մայրը սկսել է գոռալ ու հերքել, որ իր տղան չէր կարող ինքնասպան լինել,  ու նաև հավելել է՝ «Ա, դե սպա չէր, էլի՛»:

Մայրը դատարանում էլ պնդեց իր որդու աստվածավախ լինելու մասին՝ բացառելով ինքնասպանությունը:

Հովհաննիսյանը տարօրինակ է համարում նաև այն, որ իր որդու դին Երևան են բերել գիշերով, ցանկացել են փակ հանձնել  ու նախապես չեն տեղեկացրել, որ Բերդի հիվանդանոցում դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, որպեսզի իրենց ներկայացուցչին ուղարկեն:

Մինչ օրս տուժողի իրավահաջորդը չունի որևէ նկար՝ Արտակի դիակի կամ դեպքի վայրից, նկարները տրամադրելու բոլոր միջնորդությունները քննչական մարմինը մերժել է՝ պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք են պարունակում:  Արտակի գրպանից հայտնաբերված ինքնասպանության մասին երկտողն էլ, չգիտես ինչու, մոտ մեկ շաբաթ հետո անհետացել է:

Հովհաննիսյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ըստ գործի նյութերի, երբ Հակոբ Մանուկյանը Արտակի հեռանալուց մոտ 10 րոպե անց կրակոց է լսել, երկու զինվորի ուղարկել է ստուգելու, ասել է՝ «գնացեք տեսեք՝ ի՞նչ եղավ, ինքնասպանությո՞ւն գործեց, թե՞ դիտորդներից մեկին սպանեց»:

«Ինչո՞ւ Արտակը պետք է բարձր դիտակետում նստած իր բերանի մեջ կրակեր, եթե ադրբեջանցի 4  նշանառուների կրակի տակ էր և դիպուկահարները կարող էին մեկ րոպեում ցրիվ տալ նրա մարմինը»,- հռետորական հարց է հնչեցնում Արտակի մայը:

Արտակի մարմնական բազմաթիվ վնասվածքների մասին դատավորը չթողեց խոսել՝ ասելով, որ դրան դեռ կանդրադառնան, իսկ Հովհաննիսյանի ելույթից հետո ոչ մի հարց  չտվեց:

Հասմիկ Հովհաննիսյանի առողջական վատ վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց:  Արտակի մայրը կշարունակի իր ցուցմունքը նոյեմբերի 29-ը՝ ժամը 12:00-ին:

Կարինե Իոնեսյան
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am