ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատական նիստերը հետաձգվում են. տղաները մոտ 2 տարի է կալանավորված են

Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մոտ 2 տարի գտնվում են կալանավորված անձանց պահելու վայրում, քանի որ Հայաստանի դատական համակարգը չի կարողանում պարզել՝ նրանք կատարե՞լ են գողություն «Մոսկվա» կինոթատրոնից, թե՞ ոչ:
Վերջին շրջանում էլ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են վկաների հիվանդ լինելու, դատախազի ներկա չգտնվելու կամ նիստերի դահլիճի բացակայության պատճառով: Առաջին դեպքը դեռ հնարավոր է, դատախազի բացակայությունն էլ է սովորական երևույթ, իսկ նախորոք նշանակված դատական նիստի համար դահլիճ չունենալն արդեն արտասովոր է թվում:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ' ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Տղաներին մեղադրում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Գործի հիմքում դրված է Ս. Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն ինչպես նա է հետագայում հայտարարել՝ կորզվել է բռնությունների միջոցով։
Բռնության մասով էլ առանձին դատական գործ է ընթանում, որը ևս անընդհատ հետաձգվում է: Հերթական դատական նիստը պետք է տեղի ունենար նոյեբերի 16-ին, սակայն կրկին հետաձգվեց, քանի որ դատարանը զբաղված է իրեն համարում այլ գործի քննությամբ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նույնիսկ կոնկրետ օր չեն որոշել, թե երբ կանցկացվի հաջորդ դատական նիստը:
Մինչև այդ, մեկ այլ դատարանում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանը ևս դատեր է հետաձգում արդեն երրորդ անգամ (նոյեմբերի 15-ին), այս անգամ էլ պատճառը դահլիճի բացակայությունն էր. նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 28-ը:
Շատ հնարավոր է, որ այդ օրն էլ մի որևէ պատճառով կրկին հետաձգվի այն։ Հետո կգան հետտոնական օրեր և դատարանում կասկածյալները կնշեն իրենց կալանավայրում գտնվելու երկու տարին:
Սա այն դատական գործերից է, որտեղ փորձում ես գտնել որևէ փաստ, որն ապացուցում է գողությունը, բայց չի ստացվում: Ներկայացրած տեսաձայնագրություններում երևում է մի տղա, ով հասակով ու տեսքով չի համապատասխանում ոչ Հովակիմյանին, ոչ Քերոբյանին, ապացուցված չէ, որ տղաները գտնվել են իրար մոտ նույն տարածքում և խոսել են բջջային հեռախոսով նույն ալեհավաքի տակ:
Մինչև այսօր դատարանում ոչ մի վկա չի տվել այնպիսի ցուցմունք, որն ապացուցի Հովակիմյանի ու Քերոբյանի «կատարած» գողության փաստը, միայն հնչել է կինոթատրոնի ղեկավարության կարծիքը՝ նրանց հավանական մեղավոր ճանաչելու մասին:
Դրան զուգահեռ հարցաքննված վկաները ներկայացրել են փաստեր, որոնք բացառում են տղաների մեղավորությունը:
Գողության և խոշտանգման դատական գործերը փոխկապակցված են. եթե պարզվի, որ ինքնախոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգման հետևանքով, ապա լրիվ այլ ընթացք կստանա գողության մեղադրանքով գործը։ Երկու դատական գործերն էլ ձգձգվում են. եթե արդար դատավարության արդյունքում գողության մեղադրանքը չապացուցվի, ինչպե՞ս է պետությունը փոխհատուցելու երկու երիտասարդների՝ կալանավայրում անցկացրած երկու տարիների համար։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
