ՄԻՊ. ՍԴ որոշումը դրականորեն կազդի խոսքի ազատության պաշտպանության վրա

Նոյեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը ՀՀ Քրեական օրենսգրքի 1087.1 հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատում է «մեկ քայլ առաջ»:

«ՍԴ ոչ թե դրույթները ճանաչեց Սահմանադրությանը հակասող, այլ հսկայական ծավալի վերլուծություն և իրավական դիրքորոշումներ ներկայացրեց: Այն ինչ հնչեցվեց, բավարար հուսադրող է: ՍԴ-ը, մենաբանելով այն բոլոր անհստակությունները, որոնք մենք մատնանշել էինք (եթե, իհարկե, այդ մեկնաբանությունները կյանքում կգործեն և այնքան հստակ են, որ այլևս անորոշության տեղ չի կարող լինել), այս դեպքում մենք կարող ենք ունենալ անմիջական արդյունք: Այսինքն՝ այն գործերը, որ հիմա դատարաններում են, կունենան դրական արդյունք խոսքի ազատության պաշտպանության իմաստով: Այս պահի դրությամբ շատ դրական են իմ ակնկալիքները»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո իր տպավորությունները լրագրողներին փոխանցեց Կարեն Անդրեասյանը:

Իսկ այն հարցին, թե որքանով է իրատեսական, որ իրավական գնահատականները և մեկնաբանությունները կկիրառվեն դատարաններում, Անդրեասյանը պատասխանեց. «ՍԴ գնահատականները չեն կարող լինել սոսկ գնահատականներ. դրանք պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթներ են, սահմանումներ են, և մանավանդ հիմա տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, որը նոյեմբերի 21-ին մտնում է ուժի մեջ, որից հետո, կարելի է ասել, որ ՍԴ որոշումները օրենքի ուժ են ստանում և պարտադիր կիրառման ենթակա են»:

Որոշման վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը ՄԻՊ-ը հանրությանը կներկայացնի որոշումն ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո: Իսկ մինչ այդ, նա որոշման մեջ «ամենաոգևորիչ» կետը համարում է այն, որ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը պետք է հաշվի առնի լրատվամիջոցի գույքային վիճակը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որոշումը հրապարակելիս, նշեց, որ հաշվի առնելով 1087.1 հոդվածի կիրառման փուլում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության հրամայականը, դատարանը հարկ է համարում անդրադառնալ հոդվածի այն դրույթներին, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Ընդ որում, իր որոշման մեջ դատարանը հաշվի է առել նաև միջազգային փորձը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավական նախադեպերը:

Դատարանը գտել է, որ զրպարտությանն առնչվող գործերով իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար:

«Արտահայտությունը չի կարող որակվել վիրավորանք, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Ելնելով ՄԻԵԴ մոտեցումներից, ՍԴ կարևորում է, որ գնահատողական դատողությունները ապացուցման ենթակա չեն և դա չի կարող հիմք ծայառել որպես վիրավորանք կամ զրպարտություն որակելու և համապատասխան դրա՝ փոխհատուցում սահմանելու համար»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Ըստ ՍԴ որոշման՝ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը՝ ներողությունը, հերքումը և այլն: Իսկ նյութական (դրամական) փոխհատուցում պետք է նշանակվի միայն այն դեպքում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառած վնասը փոխհատուցելու համար:

«Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար՝ ընդհուպ մինչև սնանկության հասցնելը», - որոշումը ներկայացնելիս նշեց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ որոշմամբ՝ փաստերին ընդամենը քննադատական գնահատական տալը չի կարող փոխհատուցման պահանջ հանդիսանալ: Չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ՄԻԵԴ սկզբունքների կիրառումը դատարանների կողմից կբացառի շատ խնդիրներ:

Մերի Ալեքսանյան


Աղբյուրը՝ www.hra.am