ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թռչկանի ջրվեժը վտանգված է. բնապահպանական ճամբար, ստորագրահավաք և ցույց (վիդեո)

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամների մի մասը ճամբար են կազմակերպել ջրվեժի մոտ և հսկում են, որ շինարարություն չիականացվի այնտեղ, իսկ նախաձեռնության մյուս անդամները ստորագրահավաք են անցկացնում և պատրաստվում ցույցի նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարության առջև:
Հիշեցնենք, «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. տրվել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն:
ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս 2008թ-ին Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող Հայաստանի ջրառատ Թռչկան ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկում՝ որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան: Իսկ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ արգելվում է Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որևէ գործունեության իրականցումը:
«Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները ևս խախտվել են ՀՀ բնապահպանության նախարարության որոշման պատճառով:
Ընդահնուր առմամբ խախտել են առնվազն միջազգային 6 կոնվենցիաներ և ներպետական 5 օրենքներ:
ՀՀ բնապահպանության նախարարը սկզբում ընդունեց ջրվեժի համար պայքարող երիտասարդներին՝ կազմակերպությանը տալով 10 օր ժամանակ, որ ջրվեժի աշխատանքը չխանգարելու համար ՀԷԿ-ը կառուցեն նրա ներքևում, բայց հետագայում նորից հաստատեցին ՀԷԿ-ի գործելու որոշումը:
ՀՀ կառավարության նիստի ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վարչապետին հավաստիացրել է, որ ՀԷԿ-ի ներկայումս ընթացող շինարարական աշխատանքները չեն խանգարում ջրվեժին, իսկ գարնան ամիսներից բացի մյուս ամիսներին ՀԷԿ-ը կշահագործվի, եթե ջրվեժում ջրի հոսքը գերազանցի 400-500 լիտր/վայրկյանը:
Սակայն բնապահպանները թերահավատորեն են վերաբերվում այս խոստումներին՝ մտածելով, որ եթե չպայքարեն Թռչկանը կդառնա Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժի նման, քանի որ այնտեղ էլ ՀԷԿ-ի կառուցումից հետո ջրվեժը դարձավ գումարով՝ «բացովի-փակովի»:
Ֆեյսբուքյան գրեթե 5000 անդամ ունեցող «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբն արդեն ստորագրահավաք է սկսել ընդդեմ Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման: Նրանց մի մասը 5 օր է վրաններում գիշերում են ջրվեժի մոտ, որ շինարարական աշխատանքները չշարունակվեն: Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարբերաբար այցելում են նրանց: Վերջինները Գյումրիի հասարակական կազմակերպություններն էին, ովքեր արդեն երկրորդ անգամ են այցելում Թռչկանի ջրվեժ բնապահպանական ճամբարի մասնակիցներին տանելով վառելափայտ, տաք հագուստ և սնունդ:
Նշենք, որ Շիրակի մարզի 24 հասարակական կազմակերպություններ նաև բաց նամակով դիմել են վարչապետին և բնապահպանության նախարարին:
Այս խնդրի շուրջ ակտիվացել են նաև ԱԺ խմբակցությունները: Հոկտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին Թռչկանի ջրվեժի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:
ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ ասելով որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը մեղմ ասած լիարժեք չէ և նոր փորձաքննության կարիք կա, հետևաբար դրա հիման վրա տրված թույլտվությունները չեն կարող օրինական ճանաչվել:
«Վերջին շրջանում նախարարի հարցազրույցներից այն տպավորությունն եմ ստացել, որ ՀԷԿ-ի կառուցումն արգելելու դեպքում, ըստ նախարարի, կառուցապատողը կարող է կառավարությանը դատի տալ և պահանջել վնասների փոխհատուցում: Հետևաբար, կառավարությունն ու կառուցապատողը համատեղ եկել են սեզոնային ջրվեժի ու սեզոնով աշխատող ՀԷԿ-ի գաղափարին, ինչը նույնպես անընդունելի է հանրության համար»,- ասել է նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ևս հանդես է եկել հայտարությամբ, որտեղ ասել է, որ այս անգամ ևս բախվում ենք մի իրականության հետ, երբ կառավարությունն ու իշխանությունները հայտարարում են մի բան, իրականացնում բոլորովին այլ, որովհետև նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից ու շահից այն կողմ չի անցնում:
Նշենք, որ այս խնդիրները կարող են առաջանալ նաև մյուս հուշարձանների դեպքում, քանի որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված 230 անուն բնության հուշարձանները մինչև այսօր համապատասխան անձնագրեր չունեն: Բացի այդ, արժեքավոր հուշարձանների թիվը 1500-ից ավելին են, որոնք ամրագրված էլ չեն կառավարության որոշումներով:
Հ.Գ. Այսօր՝ կեսօրից հետո, «Ռոբշին» ընկերությունը տարածեց հաղորդագրություն, որ ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, և քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով, դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»,– փոխանցում է «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինությունը։
Կարինե Իոնեսյան
Լուսանկարը՝ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը»
Աղբյուրը՝ www.hra.am
Տեսանյութը՝ Անի Նալբանդյանի
