ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Առանց մեզ տեղյակ պահելու դատական նիստ են անում»,- ասում է սպանված զինվորի իրավահաջորդը

Չորս համածառայակիցների ծեծի հետևանքով մահացած Գևորգ Կոծինյանի գործով դատական նիստերն ընթանում են առանց տուժող կողմի ներկայության և իմացության: Այս մասին www.hra.am -ին ասաց տուժողի իրավահաջորդ Բորիս Ադամյանը, ով Կոծինյանի մորեղբայրն է:
Այս տարվա փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահված պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է, որը կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի հետևանք է:
Դեպքի առնչությամբ փետրվարի 8-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը), ինչպես նաև 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):
Շարքայիններ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ երկու հոդվածներով: Կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին և ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն վերոնշյալ արարքներին օժանադակելու, այլ նաև իշխանազանցության համար (ՀՀ Քր.օր. 375-րդ հոդվածի 1-ին մաս):
Գևորգի մորեղբայրը չորս զինծառայողներին մեղադրանք առաջադրելու պահից մինչ օրս բողոքում է, որ նախաքննություն վարող մարմինը ճիշտ մեղադրանք չի առաջադրել. «Սա դիտավորյալ սպանություն է՝ խմբակային: Մի սիգարետի պատճառով էդ աստիճան մարդուն ծեծե՞ն ու զրկե՞ն կյանքից: Չի՛ լինում նման բան, ո՞վ է ում կյանք տվել, որ կյանք է խլում: Եթե սա դիտավորյալ սպանություն չի, բա ո՞րն է դիտավորյալ սպանություն»,- վրդովվում է նա:
Ըստ մորեղբոր նկարագրության՝ դեպքը այսպես է տեղի ունեցել. «Գևորգը մոտեցել է զորանոցում դրված վառարանին, որ սիգարետը կպցնի: Այնտեղ գտնվող զինծառայողները, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ են եղել, դիտողություն են արել, թե այստեղ մի՛ ծխիր: Չնայած Գևորգը ենթարկվել է նրանց պահանջներին, բայց դա չի խանգարել՝ 4 հոգով այնքան ծեծեն, որ հենց տեղում մահանա»:
Գործի նախաքննությունն ավարտվել է մարտի 14-ին և հունիսին Հադրութի կայազորային զինվորական դատախազությունից ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատական նիստերը տեղի են ունենում Ստեփանակերտում: Առաջին դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդ Բորիս Ադամյանը դատավորին խնդրել է նիստերը տեղափոխել ՀՀ տարածքում գտնվող որևէ դատարան. «Դատավորին խնդրեցի, ասացի ճանապարհը երկար է, ֆինանսական խնդիրների հետ կապված ես չեմ կարող ամեն անգամ 500 կիլոմետր անցնել, ներկայանալ նիստերին: Դատավոր Լեռնիկ Աթանյանն ասաց, եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, ես տեղյակ կպահեմ, բայց մինչև այսօր ոչ մի տեղեկություն չունենք բացարձակ՝ դատ եղե՞լ է, չի՞ եղել, ո՛չ ծանուցագիր են ուղարկել, ո՛չ մի բան...»,- www.hra.am -ին փոխանցեց Գևորգի մորեղբայրը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը նույնպես հրաժարվել են ներկայացնալ Ստեփանակերտում անցկացվող արտագնա նիստերին այն բանից հետո, երբ օգոստոսի 3-ին նույն դատարանում մեկ այլ գործով կայացած դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է առաջացել:
Օգոստոսի 6-ին փաստաբանները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող դատական նիստերին իրենց ներկայությունը կապահովեն այն ժամանակ, երբ ՀՀ դատական իշխանության ղեկավարները կերաշխավորեն դատավարության կողմերի անվտանգությունը ԼՂՀ-ում գտնվելու ժամանակ:
Տուժողի իրավահաջորդ Բորիս Ադամյանի խոսքերով՝ օգոստոսի 8-ից հետո նշանակված և տեղի ունեցած նիստերի վերաբերյալ ինքը որևէ տեղեկություն չունի.
«Այսօր դատական մարմինները չեն աշխատում կարծես, ի՞նչն է պատճառը, որ առանց տուժողին տեղյակ պահելու դատական նիստ են վարում: Մենք չգիտենք, թե գործը ինչ փուլում է, ոչ մի տեղեկություն չունենք' ինչ է կատարվում նիստերի ժամանակ: Ո՛չ ծանուցագիր են ուղարկում, ոչ արձագանքել են նիստերը Հայաստանի որևէ դատարան տեղափոխելու մեր խնդրանքին»,- տարակուսում է Բորիս Ադամյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը որևէ արձագանք չի ստացել իր և փաստաբան Կարեն Թումանյանի հայտարարության վերաբերյալ, ծանուցագրեր չի ստանում և միայն datalex.am տեղեկատվական համակարգից է իմանում նիստերի օրերի մասին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
