ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծանր հիվանդություն ունեցող դատապարտյալների ազատման գործընթացը ձգձգվում է

Ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի իրավական և պրակտիկ խնդիրների պատճառով հիվանդ դատապարտյալների ազատման գործընթացը ձգձգվում է ամիսներ շարունակ, և շատ դեպքերում դատապարտյալը հիվանդության պատճառով մահանում է հենց քրեակատարողական հիմնարկում:
Այս և մի շարք այլ թերություններ են հայտնաբերվել «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի օրենսդրական և գործնական խնդիրները Հայաստանում» թեմայով ուսումնասիրության արդյունքում։ Այն իրականացրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն: Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ զեկույցի ներկայացումը և թեմայի շուրջ քննարկում ծավալվեց ոլորտի ՀԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման ինստիտուտը սահմանված է ՀՀ Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասում: Դատապարտյալը կարող է ազատվել պատժի կրումից, եթե նրա հիվանդությունը համապատասխանում է Կառավարության որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին:
Դատապարտյալների առողջական վիճակի մասին եզրակացություն է տալիս ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված 5 բժիշկ-մասնագետներից կազմված բժշկական աշխատանքային հանձնաժողովը (ԲԱՀ): ԲԱՀ-ը հիվանդ դատապարտյալների գործերը ներկայացնում է միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովին (ՄԳՀ), վերջինիս դրական եզրակացության դեպքում ՔԿՀ-ն գործն ուղարկում է դատարան:
«Կառավարության 825 որոշման 18-րդ կետում ասվում է, որ ԲԱՀ-ի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, բայց գրված չէ՝ ո՞ւմ համար են պարտադիր և ո՞վ պիտի կատարի: Եթե միջգերատեսչական հանձնաժողովները ընդունում են ԲԱՀ-ի որոշումներին հակասող որոշումներ, ստացվում է, որ ԲԱՀ որոշումները ՄԳՀ համար պարտադիր չեն»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան, զեկույցի համահեղինակ Արման Զրվանդյանը:
ՄԳՀ-ն ստեղծվել է Կառավարության 1636 որոշմամբ (04.12.2003թ.), սակայն ոչ այդ և ոչ էլ մեկ այլ իրավական ակտով կանոնակարգված չէ հանձնաժողովի աշխատանքը փաստում է իրավաբանը: Պարզ չէ, ՄԳՀ-ում որոշումների կայացման կարգը, չափանիշները, ժամկետները, բացակայում է որոշումները հիմնավորելու պահանջը:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄԳՀ-ն առանց հիմնավորման մերժում է ԲԱՀ-ի եզրակացությունները և նշանակում է կրկնակի փորձաքննություն: «Գործընթացը երկարաձգվում է, իսկ այդ ընթացքում հիվանդը տառապում է: Եղել է դեպք, երբ 1 տարուց ավել է տևել, մինչև գործը հասել է դատարան: Սա չեմ կարծում, որ բժշկի տեսակետ է»,- ասում է բժիշկ-փորձագետ Լաուրա Գասպարյանը:
Բժշկական եզրակացությունը պետք է լինի մեկը՝ընդունված կոլեգիալ կարգով և վերջնական
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը ներկայացրեց հիվանդ դատապարտյալներին պատժից ազատման խնդիրները՝ բժշկական տեսանկյունից:
Նա նկատում է, որ հիվանդ դատապարտյալները խնդիրներ են ունենում դեռևս մինչև հանձնաժողովներին դիմելը: «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կա դիսպանսեր հսկողության խնդիր և մասնագետ բժիշկների պակաս»,- ասում է Գասպարյանը: Նրա խոսքերով՝ իրենք հանդիպել են դեպքի, երբ ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալը չէր կարողանում իր հարցը բարձրացնել ԲԱՀ-ում, որովհետև ՔԿՀ-ն չուներ բժիշկ-մասնագետ, ով եզրակացություն կտար իր առողջական վիճակի վերաբերյալ:
Բժիշկ-փորձագետն ասում է, որ ՔԿՀ-ներում իրենք շատ են հանդիպել դատապարտյալների դատարկ կամ թերի լրացված բժշկական քարտերի: Բժիշկները պատճառաբանում են, որ գերծանրաբեռնված լինելու պատճառով չեն կարողանում և՛ սպասարկել հիվանդներին, և՛ լրացնել քարտերը: Փաստորեն ՔԿՀ-ն դատապարտյալի առողջական վիճակի մասին որևէ փաստաթուղթ չունի:
Նա ճիշտ չի համարում, որ հինգ անդամից բաղկացած ԲԱՀ-ը որոշում է ընդունում առնվազն երկու մասնագետ բժիշկի կարծիք ունենալով: «Հանձնաժողովի նման կազմը բավարար չէ, որ հանդիպող տարաբնույթ հիվանդությունները վերլուծի ու գնահատականներ տա: Սա առնվազն երկու նեղ մասնագետի կարծիք է պահանջում»,- նշում է Լ. Գասպարյանը:
Ըստ Գասպարյանի՝ ՄԳՀ-ն նույնպես երկու պրակտիկ բժիշկ ունենալով չի կարող լիարժեք գնահատական տալ: Նա ցավով նկատում է, որ երբեմն ՄԳՀ-ն նշանակում է կրկնակի հետազոտություն, որն անցկացվում է նույն կլինիկայում նույն բժիշկի մոտ: Նա դա սխալ է համարում, քանի որ ոչ մի բժիշկ հակված չէ իր տված եզրակացությունը հերքել:
Իսկ եթե կրկնակի փորձաքննություն արվել է այլ բժշկի կողմից և առաջինից տարբերվող արդյունք է ստացվել, բժիշկ-փորձագետի կարծիքով՝ առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ ՄԳՀ-ն ինչպես պիտի գնահատի երկու՝ իրարից տարբերվող բժշկական եզրակացությունները և որոշի՝ որն է ճիշտ: «Եզրակացությունը պետք է լինի մեկ հատ և վերջնական»,- կարծում են զեկույցի հեղինակները:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ն առաջարկում է ՀՀ առողջապահության նախարարության համակարգում ստեղծել անկախ բժշկական հանձնաժողով՝ բաղկացած տարբեր մասնագետներից: Յուրաքանչյուր դատապարտյալի հիվանդության ախտորոշումը պետք է իրականացվի առնվազն երեք նեղ մասնագետից կազմված խմբի կողմից: Հանձնաժողովի եզրակացությունը պիտի լինի վերջնական, իսկ որոշման կայացման համար պետք է սահմանվեն հնարավորինս սեղմ ժամկետներ:
Դատապարտյալին պատժից ազատելու հիմնական սկզբունքը պետք է լինի մարդասիրությունը
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն առաջարկում են դատապարտյալին պատժից ազատելու հիմնական սկզբունքը դարձնել մարդասիրությունը:
Իրավաբան Արման Զրվանդյանը խնդրահարույց է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ ծանր հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատված անձինք առողջանալու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի, եթե չեն անցել համապատասխան վաղեմության ժամկետները:
Նրա կարծիքով՝ այս դրույթը պետք է փոփոխել, քանի որ նույն արարքի համար կրկին դատապարտելն արգելված է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածով և միջազգային իրավական փաստաթղթերով: «Պատժից ազատելը կարող է լինել պայմանական, բայց պետք է բացառվի նույն արարքի համար կրկնակի դատապարտումը»,- կարծում է իրավաբանը:
Քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ ծանր հիվանդությամբ տառապող անձին պատժի հետագա կրումից ազատելու հարցում դատարանը հաշվի է առնում «կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնային հատկանիշները և այլ հանգամանքներ»: Պարզ չէ, թե հիվանդության բնույթն ինչպես է ազդում դատարանի որոշման վրա:
Իրավաբանն անընդունելի է համարում «այլ հանգամանքներ» ձևակերպումը, որի տակ դատարանը կարող է հաշվի առնել դատապարտյալին վերաբերող ցանկացած հանգամանք իր հայեցողությամբ: «Այդ հանգամանքների շրջանակը պետք է ամրագրված լինի օրենքով, պետք է լինի սպառիչ և հնարավորինս հստակ, որպեսզի կանխատեսելի լինի դատապարտյալի համար»,- ասում է Արման Զրվանդյանը:
Զեկույցի հեղինակներն առաջարկել են քրեական դատավարության օրենսգրքում վերանայել նաև նմանատիպ գործերի քննության ընթացակարգը: «Ուսումնասիրված 9 գործերից ոչ մեկի պարագայում դատապարտյալի ներկայացուցիչը չի մասնակցել դատավարությանը: Եվ օրենքից պարզ էլ չի, կարո՞ղ է թե ոչ, նիստը դռնբա՞ց է, թե ոչ, ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետներում պետք է դատարանը որոշում կայացնի»,- իրավաբանն առաջարկում է դատական քննության սեղմ ժամկետներ սահմանել ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալների պատժից ազատման հարցը քննելիս՝ հաշվի առնելով նրանց հատուկ կարգավիճակը:
Զեկույցը ներկայացնելուց հետո քննարկում ծավալվեց: ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը նախ պարզաբանեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն ավելի շատ վարչական է, քան բժշկական: Նա կարծիք հայտնեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է օրենքում ներառված լինի, ուստի ինքն անհրաժեշտ չի համարում ՄԳՀ գործունեության մանրամասն իրավական կարգավորումը:
«Եթե օրենքը թույլ է տալիս փաստաբան ունենալ, ապա ինչի՞ մասին է խոսքը: Իսկ փաստաբանն ուզե՞լ է մասնակցել, որ արգելել են: Վստահ եմ, որ նման անհրաժեշտություն չի եղել, հակառակ դեպքում՝ չէր մերժվի, որովհետև հիմք չէր լինի մերժելու»,- նշեց արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ արձագանքելով դատական քննության ընթացակարգի վերաբերյալ նկատառմանը:
ՀՀ դատախազության ներկայացուցիչը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս պետք է լուծվի այն դատապարտյալների հարցը, ովքեր դիտավորյալ իրենց առողջությանը վնաս են հասցնում, որպեսզի ազատվեն պատժի հետագա կրումից: Զեկույցի համահեղինակ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանն առաջարկեց կիրառել նույն պրակտիկան, ինչ տարբեր երկրներում. «Ինքնախեղման դեպքերը պետք է մերժվեն և չքննարկվեն հանձնաժողովների կողմից»:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
