Պատասխան տուր. պահանջում են մահացած զինվորների մայրերը

«Դուրս արի, պատասխան տուր»,- ՀՀ նախագահի նստավայրի առաջ բղավում էին սևազգեստ ծնողներն ու քաղաքացիական ակտիվիստներն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին։

Նրանց դուրս էր բերել տներից անցյալ օրերին իրար հաջորդած 3 զինվորների մահվան դեպքերը բանակում, մանավանդ երբ նախաքննությամբ նրանց մահն անմիջապես որակվել է ինքնասպանություն։

Տարբեր տարիների խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը պնդում էին, որ բանակում իրենց որդիներին սպանել են, և դեպքերի վերաբերյալ քննությունները կատարվել են թերի, կոծկվել են կարևոր հանգամանքներ, չեն պատժվել մեղավորները։

Ոստիկանության հատուկ գումարտակից 15 կարմիր բերետավորներ և  ոստիկանության 23 աշխատակիցներ հսկում էին բողոքի ակցիան. շարվել էին երկու շարքով նախագահի նստավայրի առջև՝ չթողնելով ակտիվիստներին մոտենալ ճաղերին։

​​Որդեկորույս մայրերը վստահ են՝ եթե ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը ուզենա, ապա մեկ հայտարարությամբ կարող է կանխել բանակում կատարվող բռնությունները. «Թող ելույթ ունենա' ասի, եթե մի զորամասից մի սպանված զինվոր բերեցին իրենց մայրերին հանձնեցին, ուրեմն զորամասի ողջ սպայական անձնակազմը ձերբակալվելու է ցմահ բանտարկության: Եթե երկրի նախագահն այդ հայտարարությունն անի ու կատարի իր խոստումը, էլ չի լինի սպանություն»,- ասում էր Վալերի Մուրադյանի (մահացել է 2010թ.) մայրը' Նանան:

Մահացած զինծառայողների ծնողներին նախագահի նստավայրում ոչ ոք չընդունեց, փոխարենը ցուցարաների մեջ հայտնվեց պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմից մի սպա՝ Վարդան Ղուկասյանը։ Նա սկսեց համոզել ցուցարարներին իր հետ Ռազմական ոստիկանություն գնալ, ուր բոլոր կայազորերի քննչական պետերը պատրաստ են լսել մահացած զինծառայողների հարազատներին: Մայրերը հրաժարվեցին' նշելով որ հենց այդ նույն քննիչները տարիներ շարունակ խաբել են իրենց, և որ իրենք պահանջում են հանդիպում երկրի նախագահի հետ։

Պաշտպանության փոխնախարարի ներկայացուցիչը հեռացավ ցուցարարներից վեճից և «ելույթից» հետո։ Երիտասարդն իրեն իրավունք վերապահեց խաղաղ պայմաններում մահացած զինվորների սևազգեստ մայրերին ասել, որ գուցե սխալ են դաստիարակել իրենց զավակներին, եթե նրանք բանակում մահացել են։

Միևնույն ժամանակ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը  ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների: Նա ևս մի անգամ կրկնել է, որ իրենք  ոչ միայն ի զորու են, այլև բացահայտում ու պատժում են մեղավորներին։ Վլ. Գասպարյանն էլ իր հերթին իրեն իրավունք է վերապահել գնահատականներ, որակումներ տալ ցուցարարներին, չգիտակցելով, որ նրանց շարքերում մտահոգ քաղաքացին է և բանակից  իր որդու դիակը ստացած ծնողը. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է' ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են»,- ասել է նա։

Այսօր զոհված ութ զինծառայողների ծնողները և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համատեղ տեղեկանքներ են ներկայացրել Ազգային ժողով՝ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ։

«Միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերկանգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը»,- համոզված է Կ. Անդրեասյանը։

Բանակում վերջին 3 մահվան գործերով նախաքննությունը շարունակվում է, դեռևս մի գործով ձերբակալվել է մեկ ժամկետային ծառայող։

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am