Ինչո՞ւ արդար դատաքննության իրավունքը հիմնականում չի իրացվում

Փաստաբան Հրայր Ղուկասյանը կարևորում է դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով երեք հիմնական դրույթ. դատական համակարգի ինքնակառավարման խնդիրները, դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պրակտիկան և դատարանների ներքին անկախության հարցը:

Այսօր այդ ինքնակառավարումը  Հայաստանում պետք է իրականացնի Արդարադատության խորհուրդը, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովն ու Դատարանների նախագահների խորհուրդը, որոնց աշխատանքները Հրայր Ղուկասյանն այդքան էլ դրական չի որակում:

«Մեծ թերություն է, որ դատարանների նախագահների խորհուրդում ներկայացված են ցմահ նշանակված անձինք, ովքեր նշանակվում են ՀՀ նախագահի կողմից»,- ասում է նա:

Հրայր Ղուկասյանն առաջարկում է օգտագործել դատավորների նշանակման ռոտացիոն մեթոդը, որը Հայաստանում չի գործում: Ռոտացիոն սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր նախագահ պետք է ընտրվի այդ դատարանի դատավորների կազմից ու դատավորներն այդ պաշտոնում պետք է փոխարինեն մեկը մյուսին:

«Կիևյան հանձնարարականներն (դատական անկախության վերաբերյալ ԵԱՀԿ  կիևյան առաջարկները, 2010թ.- Կ.Ի.) առաջարկում են որոշակի մեխանիզմներ՝ վետոյի հաղթահարման իրավունքի հնարավորություն, երբ Արդարադատության խորհուրդը կարողանա կրկնակի քվեարկությամբ, կամ ձայների մեծամասնությամբ հաղթահարել հանրապետության նախագահի վետոն այս հարցում, կամ սահմանել սահմնափակ հայեցողության կանոն, երբ նախագահը կարողանա սահմանափակված լինել միայն ընթացակարգային խախտումներով»,- նշում է Ղուկասյանը:

Կարգապահական վարույթ սահմանելը ևս դառնում է գործադիր մարմինների կողմից օգտագործվող գործիք, քանի որ օրենքով ՀՀ արդարադատության նախարարն ունի լայն լիազորություններ այդ բնագավառում:

«Իսկ կիևյան հանձնարարականները սահմանում են, որ գործադիր իշխանությունները չպետք է կարողանան միջամտել այդ հարցերով»,- փաստում է Ղուկասյանը:

Հայաստանում դատավորները օրենքով զրկված են իրենց նկատմամբ կարգապահական ակտերը բողոքարկելու հնարավորությունից:

Հրայր Ղուկասյանի կարծիքով՝ արատավոր է այն երևույթը, երբ ստորադաս ատյանների դատավորները խորհուրդներ են հարցնում  վերադաս դատավորներից, ինչը  ոչ պրոֆեսիոնալիզմի, նաև նախնական հաստատում ստանալու ձգտման հետևանք է, որն էլ բերում է հանրության՝ դատական համակարգի հանդեպ անվստահության:

Այս խնդիրն առկա է նաև Ռուսաստանում. «Դատարանը դիտարկվում է որպես անարդարության խթանման միջոց ու սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության միայն 8 տոկոսն է վստահում դատարաններին, իսկ 43 տոկոսը նշում է, որ որևէ կերպ չեն վստահում դատարաններին, 50 տոկոսն էլ համոզված են, որ ոստիկանությունը չի պահպանում իրենց կյանքն ու սեփականությունը»,- ասում է «Հանրային վճիռ» հիմնադրամի տնօրեն Նատալիա Տաուբինան:

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության(ԱԻԸ)՝ դատական համակարգի ռեֆորմների մասին ուսումնասիրությունը մեջբերելով՝ ԱԻԸ ավագ իրավաբան Նարինե Գասպարյանը ներկայացրեց 2008թ-ին Հայաստանում, Վրաստանում և Ալբանիայում եղած թերություններն ու ձեռքբերումներն այս դաշտում:

Ուսումնասիրված երեք երկրներում էլ բնակչությունն իրավական դաշտում որոշ կոռուպցիոն տարրեր է տեսնում։

«Դրական է այն, որ Ալբանիայում արդարադատության բարձրագույն խորհուրդը սկսեց գնահատում անցկացնել դատավորների մեջ, բայց դեռ շատ վաղ է ասել, թե այդ համակարգը ինչ դրսևորում կունենա»,- ասում է Գասպարյանը:

Վրաստանում ձեռքբերումներ են համարում արդարադատության բարձր խորհուրդի՝ նախագահին կից կառույցից  անկախ մարմնի վերածվելը, որն անկախ է դատավորներին նշանակելու հարցում:

«Վրաստանում էթիկայի կանոնների հետ կապված ԱԺ-ն ընդունել է օրենք, համաձայն որի դատավորների միջև արգելվում է տարբեր տեսակի շփումները ու այդ շփումների մասին չհայտնելը, որը ևս առաջընթաց է»,- ասում է Գասպարյանը:

Սակայն նույն Վրաստանում քննադատվում է 2007թ.-ին ընդունված օրենքը, որի պատճառով Վրաստանում  արգելում են լուսանկարումն ու տեսաձայնագրումը դատարաններում:

Մարդու իրավունքների հարցերով իրավաբան Արտակ Զեյնալյանն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին ու դրանց հետագայում կիրառելուն և նմանատիպ վճիռներից խուսափելու համար արվող քայլերին:

«Մեր օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այն չափանիշներին, որոնք սահմանված են ԵԴ վճռի կատարման շուրջ: Երբ պաշտպանում էինք գործը շահած անձանց շահերը ներպետական օղակներում մենք 2 անգամ Սահմանադրական դատարանում վիճարկել ենք օրենքի այն դրույթները, որոնք կանոնակարգում են այս գործընթացը ու Սահմանադրական դատարանն այդ նորմերը Սահմանդրությանը հակասող ու անվավեր է ճանաչել : Այս տարվա նոյեմբերի 1-ից նոր իրավակարգավորում է գործելու այս ոլորտում»,- նշեց Ա. Զեյնալյանը:

Նա փաստում է, որ այսօր Հայաստանում լուծվել է ԵԴ վճիռների միայն նյութական ու բարոյական փոխհատուցման հարցերը, բայց կոնկրետ անձանց իրավունքները վերականգնելու մասով որևէ առաջընթաց չկա:

Հ.Գ. Քննարկումը տեղի է ունեցել «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի շրջանակներում։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am