Ընտրական գործընթացը վերահսկելը պարտադիր է

Քաղաքացիական հասարակության ինստիտուտների (ՔՀԻ) գործունեության սահմանափակումները ընտրությունների ժամանակ բացասական ազդեցություն կունենա ընտրությունների  թափանցիկության վրա. այս եզրահանգման եկան «Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ ապահովելու գորընթացում» թեմայով քննարկման մասնակիցները։

Միջազգային հանրությունը հանուն արդար ընտրությունների (ISFED) Վրաստանի ներկայացուցիչ Թամար Կիրվալիդձեի կարծիքով՝ ընտրության օրը կան ընթացակարգեր ու վերահսկելն այդ պարագայում հեշտ է դառնում, բայց ընտրություններից առաջ ու հետո դժվարանում  է ամեն բան:

«Մեր երկրում ստեղծվել է ընտրական նոր օրենսգիրք, որը մշակվել է  քաղաքական կուսակցությունների կողմից, բայց կոնկրետ ՔՀԻ-ին չեն ներգրավել այդ աշխատանքներում: Մենք էլ մշակել ենք մեր առաջարկությունները, որոնք նրանք հետագայում հաշվի չեն առել ու ուղարկելու ենք դրանք Վենետիկյան հանձնաժողով»,- ասում է Կիրվալիդձեն:

Նա հիշում է, որ Վրաստանում 2008թ. երկու ընտրությունների արդյունքում օրենսդրական դաշտի բացերի պատճառով եղան լուրջ խախտումներ, որոնք հաշվի առնելով էլ իրենք առաջարկություններ են ներկայացրել:

Կիրվալիդձեն օրենքի բաց է համարում նաև նախկինում իրենց կողմից իրականացվող գործառույթների սահմանափակումը: Օրինակ՝ այժմ նրանք իրավունք չունեն մարկեր կիրառել՝ ընտրողի ձեռքին հատուկ նշան դնել, որ նա նորից չընտրի:

«Բացի այդ ընտրական հանձնաժողովները պետք է փոխվեն յուրաքանչյուր ընտրությունից առաջ, բայց այժմ նախորդ ընտրությունների ժամանակ պատասխանատվություն կրած մարդիկ կան, ովքեր նորից ընտրվել են ընտրական հանձնաժողվի կազմում»,- հայտնում է Կիրվալիդձեն:

Հայկական փորձին անդրադարձավ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում ընտրում են ոչ թե մարդուն, այլ    փողին, իսկ փողը ծնում է ռիսկեր, ստեղծում է անհավասար պայմաններ մրցակցող կուսակցությունների միջև, նվազում է քաղաքացիների դերը, որն էլ հանգեցնում է կոռուպցիոն ռիսիկերի:

«Դա արտահայտվում է ընտրական հանձնաժողովի անդամներին կաշառելու, ընդհանուր ընտրակաշառքի տեսքով, մեծ ընկերությունները տալիս են գումար, անցկացնում են պատգամավորների, որոնք հետագայում իրենց շահերն են պաշտպանում ԱԺ-ում և վարչական ռեսուրսներն են չարաշահում, երբ օրինակ աշխատողներին տանում են միտինգ, աշխատաժամն են օգտագործում, էլ չեմ ասում պետական գույք հանդիսացող մեքենաների ու այլնի օգտագործելը»,- մտահոգվում է Հոկտանյանը:

Կաշառքից չեն խուսափում նաև լրատվամիջոցները Երևանի մամուլի ակումբի փորձագետ Արևհատ Գրիգորյանը որպես դրական քայլ է արձանագրում այն, որ վերջին նախագահական ընտրություններից հետո ընդունվեց ընտրությունների լուսաբանման էթիկայի սկզբունքերի վարքականոն, որին միացան 40 լրատվամիջոց:

Քննարկման մասնակիցներն, այդուհանդերձ, կարծում էին, որ դեռևս կան լրագրողներ, որոնք շարունակում են ծրարներով առանձին գումարներ ստանալ:

Ղազախստանի ներկայացուցիչ Վասիլի Կլիմակովն իրենց երկրում տեղի ունեցած ընտրություններից օրինակ բերեց քաղաքացիական հասարակության և ընտրական հանձնաժողովի ազնիվ անդամի համագործակցության մասին. ընտրական շտաբի պետը լրագրողներին տվել է փաստաթղթեր ու ասել, որ ընտրության ժամանակ դրանք կեղծվելու են, այսնիքն՝ նախապես տեղեկացրել է խախտման մասին. «Մենք շատ էինք ուրախացել այս համագործակցության համար»,-ասաց Կլիմակովը։

Հ.Գ. Քննարկումը տեղի է ունեցել «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի շրջանակներում։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am