Անհրաժեշտ է համախմբել ուժերը

«Կարևոր էին այս քննարկումները, բայց պրակտիկայում փոփոխությունների հասնելու համար պետք է ավելի նեղ մասնագիտական հանդիպումներ կազմակերպել»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը, համաժողովի ամփոփիչ հանդիպմանը:

Հոկտեմբերի 8-ին «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի մասնակիցներն ամփոփեցին եռօրյա քննարկումները:

«Եթե ամբողջացնենք, ապա, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին իրենց դերը՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով, փաստեցին այն, ինչ  մենք գիտեինք»,- նշեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Համաժողովի ընթացքում մարդու իրավունքներին վերաբերող աշխատանքային նիստերին ներկայացվել են իրավապաշտպան կազմակերպությունների տեսակետները, քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգահեռ պետությունների կողմից մարդու իրավունքների բնագավառում պարտավորությունները:

Ա. Սաքունցի կարծիքով՝ ՀԿ-ները պետք է կարողանան արձանագրել կարողությունների աճ, քանի որ շատ են մարտահրավերները. «Նորանկախ պետությունները սովորել են տիրապետել այն լեզվին, որով մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն այնպիսի բառապաշարով և տերմինոլոգիայով են ներկայացվում, որ բովանդակային շատ կարևոր խնդիրներ անուշադրության են մատնվում կամ ցույց են տալիս իմիտացիոն մոտեցումներ: Պետք է կարողանալ կոնկրետ փաստագրման միջոցով հաղթահարել այդ մանիպուլյացիաները»:

«Շատ հետաքրքիր քննարկումներ էին»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝   անդրադառնալով հաշվետվողականությանն ու թափանցիկությանն ուղղված աշխատանքային նիստերին:

Լ. Բարսեղյանի կարծիքով՝ հանրությունը շատ քիչ է տեղեկացված վարկային ծանրաբեռնվածության մասին, թե ինչ բեռ է հասարակությունը կրելու այդ ծրագրերի շրջանակներում և, իհարկե, այդպիսով քիչ հավանական է նաև ծրագրերի վերահսկողություն իրականացնելը:

Կառավարության հաշվետվողականության մասին Լ. Բարսեղյանը խոսեց Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան (ՀՄՀ) ծրագրի օրինակով: Այս ծրագրի շահառուների խորհրդի անդամ ՀԿ-ների մի  մասը ղեկավարվում էին պաշտոնյաների կողմից. «Ամերիկյան պաշտոնյայի համար մինչև հիմա դժվար է հասկանալ, թե ինչպես պետական բարձրաստիճան պաշտոնյան, ունենալով պետական աշխատանք, ժամանակ ունի հասարակական գործունեությամբ զբաղվելու, վերահսկող մարմին դառնալու. սա խորամանկ հնարք է, սա կատարվում է, և զգույշ եղեք»,- խորհուրդ տվեց Լևոն Բարսեղյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ- Հայաստանի խորհրդի նախագահ Սոնա Այվազյանն ամփոփեց ժողովրդավարական հաստատությունների և արդյունավետ կառավարման կառույցների գործունեությանն ուղղված աշխատանքային նիստերը: Տեղական և միջազգային փորձագետները քննարկել են  հանրային հեռուստաընկերությունների գոյության արդյունավետությունը, դասական և հետաքննական լրագրության ներկա վիճակը, լրատվամիջոցների թափանցիկության խնդիրը (ինչ գումարներ են ներդրվում):

Առանձնացվել է ընտրական գործընթացը խոչընդոտող հիմնական մի քանի խնդիր. քարոզարշավի վաղաժամկետ սկսում, թեկնածուների մրցակցության անհավասար պայմաններ, վարչական ռեսուրսի չարաշահում:

Արդար դատաքննության մասին խոսելիս բանախոսները նշել են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 26 վճիռ է կայացրել Հայաստանի մասնակցությամբ, որոնց կեսի դեպքում արձանագրվել է, որ Հայաստանում խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Քննարկում է ծավալվել դատական համակարգի ներքին անկախության, դատավորների հրահանգավորման, օրենքների՝ միջազգային չափանիշներին չհամապատասխանելու և այլ խնդիրների մասին:

«Այս համաժողովի արդյունքում ես շատ ոգևորված եմ  և ավելի մեծ հույսեր ունեմ ապագայի նկատմամբ մի քանի պատճառներով: Քննարկումները շատ ինտենսիվ էին, պրոֆեսիոնալ, խորը և մանրամասն, ու ինձ շատ զարմացրեց հատկապես այս ամբողջ ինֆորմացիան ընկալելու մակարդակը: Այսինքն՝ մենք  բոլորս մտահոգ ենք այս հարցերով ու պետք է մեր ուժերը համախմբենք և ավելի սերտորեն համագործակցենք»,- իր եզրափակիչ խոսքում նշեց համաժոողովի նախաձեռնող Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ղեկավար Լարիսա Մինասյանը:

Համաժողովի կազմակերպիչներն առաջարկեցին շարունակել քննարկումները ֆեյսբուքյան էջում:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am

Հ.Գ. Համաժողովին մեր անդրադարձը ստորև.