Իրավապաշտպանները ևս պաշտպանության կարիք ունեն

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ Հայաստանում իրավապաշտպանները սեփական իրավունքները պաշտպանելու կարիք ունեն, քանի որ ոչ միշտ են ազատ իրենց գործունեության ու քաղաքացիական հասարակությունը (ՔՀ) կառուցելու գործում:

Այս խնդիրը քննարկվեց հոկտեմբերի 6-ին «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով համաժողովի «Քաղաքացիական հասարակության դերը որպես հանրային շահերի պաշտպան. արդյո՞ք մենք որևէ ազդեցություն ունենք»  նիստում:

Միջազգային փորձագետները ներկայացրեցին համաշխարհային ու հայկական փորձը ու վերլուծեցին' արդյոք ինչ բարեփոխումներ կարող են կիրառելի լինել Հայաստանում:

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը խոսեց քաղաքացիական հասարակության զարգացման գործում իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների դերի մասին: Նա նշեց, որ այսօր շատ միջազգային կազմակերպություններ չեն կարող գործել առանց այդ իրավապաշտպանների աջակցության՝ օրինակ ԵԱՀԿ-ն առանց ՔՀ մասնակցության մահացած կլիներ: Բայց նույն ՔՀ-ն այսօր կանգնած է լուրջ խնդրի առջև, քանի որ սեփական իրավունքների պաշտպանության կարիք ունի.

 

«Իրավապատպանների վերաբերյալ հռչակագիրը մեծ դեր ունեցավ, քանի որ դրանով ապահովվեց իրավապաշտպանների պաշտպանությունը։ Ժամանակակից ժողովրդավարությունում այն ավելորդություն է, քանի որ չի օգնում իրավապաշտպանին, դրա համար պետք է խոսենք իրավապաշտպանների համար նոր դերակատարման մասին»,-ասաց Կրասիմիր Կանևը։

Նա օրինակ բերեց այն փաստը, որ  այժմ իրավապաշտպանները փակ հաստատություններ մուտք գործելու արտոնություն չունեն. «Երբ բանակցում ենք կառավարության հետ, տարբեր արդարացումներ ենք լսում՝ անվտանգություն, մարդկանց մասնավոր կյանքի պաշտպանության իրավունք և այլն»։

Բանախոսներից Ալեքս Սարդարի՝ Քաունեթերփարթ ինթերնեշնլ-Հայաստանի ղեկավարի կարծիքով՝ ժողովրդավարական բարեփոխումները չունեն սկիզբ ու վերջ, այն անընդհատ շարունակվող գործընթաց է, ինչի վառ օրինակ է նա համարում Ուկրաինան ու Վրաստանը:

 

Ալեքս Սարդարը  թերություն է համարում այն, որ ՔՀ-ն գործում է առանձին ծրագրերի շրջանակներում, որոնք կարող է և չեն տեղավորվում հարևան կազմակերպության աշխատանքի ենթատեքստում:

«Վերջին հաշվով մենք տեսնում ենք , որ  երբեք չենք կարող գերակայել պետական ռեսուրսների նկատմամբ, որոնք բնականաբար շատ են: Ուրեմն եթե համաձայնվում ենք, ես առաջարկում եմ օգտագործել ՔՀ  բոլոր ռեսուրսները, որ հասնենք այդ թիրախին: Իսկ դա առաջին հերթին մտավոր ու մարդկային կապիտալն է, որը բացակայում է հաճախ պետական ոլորտում կամ եթե ունենում են, արդյունավետորեն չեն օգտվում այդ կապիտալից»,- նշում է Սարդարը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը անդրադարձավ տեղական իրավիճակին՝ հայտնելով, որ վերջին տարիներին նվազել է ՔՀ ազդեցության շրջանակը, քանի որ հասարակությունը դարձել է քաղաքականապես բևեռացված, այսինքն՝ մարդիկ հարում են այս կամ այն քաղաքական ուժին: Այդ բևեռացումը, ըստ նրա, ավելի է սրվում ընտրությունների ժամանակ և վերջին տնտեսական ճգնաժամի պատճառով:

«Ու քանի որ ԱԺ, դատական իշխանությունը և ԶԼՄ ները չեն գործում, ապա ՔՀ բեռը ու ակընկալիքները դառնում են շատ ավելի բարձր: Բացի այդ, թվարկված ինստիտուտները որոշակի հսկողության ներքո են, ուրեմն ՔՀ-ն չի կարող զերծ մնալ նույն վերահսկողությունից»,- կարծում է Մինասյանը.

Նա նշեց նաև, որ հաճախ, երբ ՔՀ-ն փորձում է պայքարել մի խնդրի լուծման համար, հակառակ՝ ավելի վատ լուծում են ստանում, ինչպես եղավ Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելուց հետո. պայքարում էին գովազդի ժամանակը սահմանափակելու համար եթերում, բայց արդյունքում այժմ մեծ եթերաժամեր զբաղեցնելն արդարացվում է նույն օրենքով:

Համաժողովի մասնակիցները խորհուրդ տվեցին նաև ուշադիր լինել փոքրիկ ակտիվ շարժումների դեպքում, որոնք ևս քաղաքացիական հասարակության դրսևորում են ու կարևոր են:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am