Փորձագետը խորհուրդ է տալիս կառավարության հետ բանավիճել հակափաստարկներով

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկեց «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով համաժողովը:

Ավելի քան 30 երկրներից մոտ 100 փորձագետներ երեք օրերի ընթացքում կիսելու են ժողովրդավարության ոլորտում իրենց ձեռքբերած փորձը և բանավիճելու են քաղաքացիական հասարակության ապագայի շուրջ:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահ Հրայր Ղուկասյանը բացման խոսքում նշեց, որ իր կարծիքով 3 օրը բավական չէ քաղաքացիական հասարակությանը հուզող բոլոր հարցերը վեր հանելու համար: Բայց հաշվի առնելով մասնակիցների կազմը և ներուժը՝ նա հույս ունի, որ ժամանակը խոչընդոտ չի դառնա արդյունավետ քննարկում ծավալելու համար:

«Այս համաժողովի նպատակը մտքերի, գաղափարների և փորձի փոխանակման արդյունքում նոր շոշափելի արդյունքների հասնելն է»,- նշեց նա:

Քաունթերփարթ ինթերնեյշնլ-Հայաստանի տնօրեն Ալեքս Սարդարը հորդորեց  համաժողովի բոլոր մասնակիցներին մի քիչ «այլ կերպ մտածել»: «Այս համաժողովը դառնալու է անդրսահմանային»,- նշեց նա՝ հայտարարելով, որ համաժողովի ողջ ընթացքում ինքը և համաժողովի այլ մասնակիցներ պատրաստվում են «Թվիթեր» սոցցանցի միջոցով քննարկման մեջ ներքաշել ավելի մեծ թվով մարդկանց:

Համաժողովի առաջին պլենար նիստը վերաբերում էր արդի ժողովրդավարական կառավարման բնույթին՝ քաղաքական ռեժիմների ստանդարտ դասակարգումից այն կողմ:

Բաց հասարակության հիմնադրամներ-Նյու-Յորքի Միջազգային ծրագրերի հարցով փոխտնօրեն Ռայնա Գավրիլովան իր զեկույցում նշեց, որ ժողովրդավարություն հասկացության մեջ վերջին 20 տարիների ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել. «Եթե 20 տարի առաջ կային ժողովրդավար և ոչ ժողովրդավար պետություններ, ապա այսօր ժամանակակից ժողովրդավարության բնույթը շատ ավել բարդ է և դժվար է դասակարգել»:

Ռայնա Գավրիլովայի կարծիքով՝ այս քննարկումն առիթ է գտնելու նորարարական մոտեցումներ, թե ինչպես կարելի է արձագանքել կառավարության գործունեությանը և ժողովրդավարությունը ճնշելու փորձերին: Նա նաև ակնկալում է իր գործընկերների հետ համատեղ գտնել այն հստակ սահմանագիծը, որից այն կողմ քաղաքացիական հասարակության կառույցները այլևս չեն կարող համագործակցել կառավարության հետ:

Կառավարության հետ բանակցելու կամ բանավիճելու ժամանակ ավելի մեծ արդյունքների հասնելու համար Գավրիլովան կոչ է անում լավ նախապատրաստվել. «Պետությունը երբ մի բան չի անում կամ լավ չի անում, իր պատճառաբանությունները միշտ նույնն են՝ գումար չկա, օրենք չկա, մեխանիզմներ չկան, միջազգային կառույցներն են ճնշում և այլն: Իմանալով պետության փաստարկները՝ մենք պետք է մշակենք մեր հակափաստարկները, նոր դուրս գանք բանավեճի»,- նշեց փորձագետը: Նա նաև կարծում է, որ ՀԿ-ները պետք է ուղիներ գտնեն իրենց կողմից արված փորձագիտական ուսումնասիրությունները և վերլուծություններն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու: Նրա կարծիքով՝ դրան կարող է նպաստել նաև այս համաժողովը:

Եվրասիայի հարցերով քաղաքականության ավագ խորհրդատու (ԲՀՀ-Վաշինգթոն) Ջեֆ Գոլդսթայնի կարծիքով՝ շատ մարդիկ չեն ուզում ժողովրդավարություն ունենալ, որովհետև չգիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը: Տեսնելով շատ երկրներում տիրող տնտեսական ճգնաժամը՝ նրանք ժողովրդավարությունը հավասարազոր են համարում քաոսային վիճակին և կենսամակարդակի իջեցմանը: «Մենք պետք է  մշակենք ժողովրդավարության այնպիսի մոդել, որ մարդիկ տեսնեն և ցանկանան ունենալ: Պետք է մտածել, թե ինչպես կարելի է համատեղել տնտեսական և քաղաքական զարգացումները և կենսապայմանների բարելավումը իրար հետ»,-ասաց նա:

Միջազգային ճգնաժամային խմբի (Եվրոպա) փոխնախագահ Ալեն Դելետրոզը իր ելույթում կարծիք հայտնեց, որ ժողովրդավարություն զարգացնող պետությունը պետք է անհանդուրժող լինի բռնապետերի նկատմամբ և պատրաստ լինի մեծ գումարներ ներդնելու, որոնք կարող են նաև կորել:

Լրատվամիջոցների ծրագրի տնօրեն (ԲՀՀ-Լոնդոն) Գորդանա Յանկովիչը մեծ նշանակություն է տալիս նոր մեդիա գործիքներին, որոնց միջոցով նույնիսկ հեղափոխություններ են կազմակերպվում:

«Նախկինում երիտասարդները շատ պասսիվ էին, և մտածում էինք՝ ինչպես կարելի է նրանց ներգրավվել քաղաքականության մեջ: Հետաքրքիր է տեսնել, թե հիմա ինչպես են երիտասարդներն ակտիվորեն մասնակցում քաղաքական գործընթացներին, և որոշ երկրներում այդ մասնակցությունը բավականին անկանխատեսելի ընթացք է ստանում»,- իր զեկույցում նշեց նա՝ ավելացնելով, որ ըստ որոշ մասնագետների՝ օրեցօր զարգացող քաղաքացիական ժուռնալիստիկան փոխարինելու է գալիս հեղինակային ժուռնալիստիկային:

Նա նաև մտահոգություն հայտնեց օնլայն մեդիայի վերահսկման փորձերի կապակցությամբ՝ կարծիք հայտնելով, որ օնլայն մեդիայի բովանդակությունը կարգավորելը կամ վերահսկելն իրականում այնքան էլ հեշտ չէ:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am