ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդեն 5 օր է Ազատության հրապարակում են ապրում ՀԱԿ ընդդիմադիրները (վիդեո)

Սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ընդդմիադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարած հանրահավաքը վերածվեց մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքի։ Արդեն 5 օր է Ազատության հրապարակում վրաններ են բացված և մարդիկ մնում են այնտեղ։
Մարզերում ապրողների՝ Ազատության հրապարակ հասնելու համար տեղաշարժվելու իրավունքի խախտումներ արդեն իսկ արձանագրված են, հատկապես՝ Լոռու մարզում, ինչի առնչությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել և նամակ ուղղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։
Այս օրերին Ազատության հրապարակում ապրող մարդիկ բարձրաձայնում են շրջակայքում գտնվող հանրային զուգարանների դիտավորությամբ փակման մասին։ Երեկ ՀԱԿ առաջնորդը հրապարակայնորեն խնդրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին լուծել խնդիրը՝ ապահովել մարդկանց բնական կարիքների հոգալու պայմաններով։
ՀԱԿ-ը 5 օր առաջ պատրաստ էր վերսկսել բանակցությունները իշխանությունների հետ։ Հոկտեմբերի 3-ին իշխանությունը հայտարարեց, որը բանակցությունների վերսկսումը պայմանավորում է շուրջօրյա հանրահավաքների ավարտով։ Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու մասին. «Ընդհատված երկխոսությունը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ»։
Ընդդիմությունը պահանջում է մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերացնել Երեւանում փողոցային առեւտրի արգելքը, դադարեցնել Երեւանի ճարտարապետության աղավաղումը, օրենքի ուժով արգելել պաշտոնյաների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ դատական հետապնդումները:
ՀԱԿ-ի սեպտեմբերի 30-ի հանրահավաքն, ի գիտութուն ընդունված իրազեկմամբ, պետք է ավարտվեր ժամը 23.00-ին: Սակայն հավաքի անցկացման ընթացքոմ ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարարել է, որ ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու' հանրահավաքի մասնակիցների ցանկությանը եւ այդ պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկ, և միաժամանակ Կոնգրեսի անունից առաջարկել է շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ:
Ոստիկանությունը տեղեկացրեց, որ ընթացող հավաքն անօրինական է և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության, ինչի մասին հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվում են։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:
«Այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ոստիկանությունը միևնույն ժամանակ արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի խախտումներ, մասնավորապես' հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ.ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված վրանները:
ՀԱԿ շուրջօրյա ակցիան շարունակվում է։ Ամեն օր ժամը 18։30-ին տեղի է ունենում հանրահավաք։ Դրանից առաջ և հետո նստացույց, քաղաքական զբոսանքներ։ Իսկ ժամը 15։00-17։00 Ազատության հրապարակում հանրային ֆորում է՝ կոնգերսի ներկայացուցիչները մարդկանց պատմում են այս կամ այն ոլորտին վերաբերող ՀԱԿ ծրագրերի մասին։
Ուրբաթ օրը լրանում է նախապես հայտարարված մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքների ժամկետը. ՀԱԿ-ը կշարունակվի՞ նստացույցը, ոստիկանությունը կշարունակի՞ աջակցել խաղաղ ցուցարարներին՝ պարզ կդառնա ուրբաթ օրը։
Աղավնի Եղիազարյան
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի
Տեսանյութը՝ Կարինե Իոնեսյանի
Աղբյուրը՝ www.hra.am
