Մանկապարտեզի ճակատագիրը դեռևս անորոշ է

Մինչև մանկապարտեզ գնալը երկուսուկես տարեկան Մոնիկա Հակոբյանը չէր շփվում ոչ մեկի հետ. տանը առանձնանում էր մի անկյունում ու սկսում էր խաղալ։ Մոնիկայի հայրը վախենում է, որ դուստրը նորից կներփակվի իր մեջ, քանի որ թիվ 26 մանկապարտեզը, ուր նա հաճախում է, հնարավոր է՝ քանդվի։

Նախորդ շաբաթվա ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը ծնողական ժողով է կազմակերպել, որի ժամանակ էլ հայտնել է, որ շենքը պատրաստվում են քանդել, նոր շենք կառուցելու նպատակով։ Այս մանկապարտեզ հաճախում են մոտակա 2 թաղամասերի 4000 բնակիչների 100 երեխաներ։

«Մենք այս տարի ամբողջ օրը փնտրում էինք մանկապարտեզ, որ երեխային ընդունեն, ոչ մի տեղ չընդունեցին, քանի որ տեղ չկար, միայն այստեղ կարողացանք տեղ գտնել։ Մենք էլ ի վիճակի չենք վճարովի մանկապարտեզ տանել երեխային, քանի որ ամենաքիչը ամսական 50 հազար դրամ պետք է վճարենք, երևի դրա համար էլ քանդում են, որ վճարովի մանկապարտեզները աշխատեն»,- ասում է Մոնկիայի հայրը՝ Համլետ Հակոբյանը։

Ծնողներից Աննա Շառոյանը նշում է, որ չի կարող երեխային ավելի հեռու գտնվող մանկապարտեզ տանել, չնայած դրա կարիքը շատ կունենա, եթե մանկապարտեզը քանդեն։ Բացի 3 տարեկան տղան, ունի նաև դպրոցական տարիքի երեխա, ում հետ դասեր է պատրաստում, տանում է պարի ու լողի դասերի։

Ծնողները չեն հավատում վարչական շրջանի ղեկավարի խոստումներին, թե տեղում մեկ տարում կկառուցեն 150 տեղանոց մանկապարտեզ, քանի որ հիշում են, որ 2000թ.-ին քանդեցին մոտակա տարածքում գտնվող համար 42 մանկապարտեզը, որի տեղում էլիտար շենք կառուցեցին։

Նրանք նաև զայրացել են Մուշեղյանի արտաբերած վիրավորական խոսքերից. ծնողների պատմելով' նա ասել է՝  «էս ի՞նչ ա, բոմժանոց ա, ինչքան բոմժ կա՝ գալիս ա էստեղ»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մանկական հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն՝ 1990թ. Հայաստանում եղել է  1192 մանկապարտեզ և հաճախել են 113 հազարից ավելի երեխա: 2006թ. մանկապարտեզների թիվը 623 էր, իսկ հաճախող երեխաները՝ 47 հազարից ավելի:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է 742 մանկապարտեզ, այսինքն՝ 1990թ-ի համեմատ փակվել, սեփականաշնորհվել կամ այլ նպատակներով է սկսել գործել 450 մանկապարտեզ:

2008 թ. մարտի 31-ին վարչապետ Սերժ Սարգսյանի' Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն' նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է:

Հղում կատարելով այս նպատակին՝  սեպտեմբերի 22-ին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ Վարչապետին ահազանգել է շենքի ապօրինի քանդման առնչությամբ:

«Ստիպված եմ կրկին հիշեցնել 2005 թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի մասին, որի համաձայն' «Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում' օրենքով»»,- նշված է նամակի մեջ։

Բախշյանը պահանջել է պատասխանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է Արաբկիր վարչական տարածքի ղեկավար Մուշեղյանը երեխաների ծնողներին հայտարարել մանկապարտեզը քանդելու մասին, եթե Երևանի աշխատակազմի կրթության վարչությունից նրանց նամակով վստահեցրել են, որ այդ շենքը կքանդվի միայն մանկապարտեզի համար նոր շենքը կառուցելուց հետո:

Ծնողներին լուր էր հասել, որ մի գործարար ուզում է վերանորոգել շենքի մի մասը' փոխարենը տիրանալով շենքի մյուս մասին։  

Երևանի  քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչության  պետ Արթուր  Գևորգյանին և Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը պնդում են, որ պատրաստ էին մանկապարտեզի երեխաներին տեղավորել տարածքի մոտակա մանկապարտեզներում, չնայած այնտեղ, ծնողների հավաստմամբ՝տեղ չկա։

Էդ.Մուշեղյանը նշեց, որ եթե ծնողները աղմուկ չբարձրացնեին, մեկ տարի հետո ունենալու էին շատ լավ մանկապարտեզ, իսկ այժմ նա հայտարարում է, որ ոչ մի բան էլ չի անելու, չնայած նրան, որ մանկապարտեզը երրորդ կարգի վթարային շենք է համարվում։

Շինությունների ամենաբարձր վթարային կարգը 5-րդն  է համարվում։ Չնայած մանկապարտեզը դեռ երրորդ կարգի վթարային է և խիստ վտանգավոր չէ երեխաների այնտեղ գտնվելը, բայց չվերանորոգելու պարագայում շենքն ավելի վտանգավոր կդառնա։

Հիշեցնենք, որ 2011թ. ՀՀ պետբյուջեով 1.7 մլրդ դրամ է հատկացված՝ Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման ու հիմնանորոգման համար:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am