ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հատուկ դպրոցը հիմնանորոգման կարիք ունի. 22 տարի այստեղ ապրել են փախստականներ

1988 թվականից Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում ժամանակավոր բնակություն հաստատած փախստականները 22 տարիների ընթացքում անմխիթար վիճակի են հասցրել դպրոցի՝ առանց այդ էլ մաշված ու հին գույքը: Դպրոցում ապաստանած ընտանիքներից վերջին երեքն այս տարվա ամռանն են տեղափոխվել՝ իրենցից հետո թողնելով կիսաքանդ սենյակներ:
«Նրանց դուրս գալուց հետո հնարավորին չափ վերանորոգել ենք, ինչ հնարավոր էր, բայց ամբողջովին ավիրված վիճակ էր, դա միլիոնների հարց է, որ պետությունը ինքը պետք է ստանձնի: Սանհանգույցը անմխիթար վիճակում է, ջրերը բաց են թողել, վերևի հարկից հոսել է և ամբողջ պատերը թրջել, գաջերը պոկված են: Կրթության և գիտության նախարարությանը բազմիցս դիմել ենք, ասում են, որ այդքան ֆինանսներ չունեն: Առանց այն էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են գալիս այս դպրոց, այստեղ է՞լ քարուքանդ վիճակ տեսնեն»,- ասում է դպրոցի փոխտնօրեն Մարիետա Պետրոսյանը:
Թիվ 16 հատուկ դպրոցում ներկայումս սովորում է տեսողության թույլ խանգարումներով 188 աշակերտ, որոնցից 80-ը գիշերում են դպրոցում: Դպրոցի շենքը կառուցվել է 1967թ. և մինչև օրս չի հիմնանորոգվել: Վերանորոգման մասնակի աշխատանքներ են կատարվել բարեգործների կամ տնօրինության ջանքերով:
1988թ. դպրոցում ապաստանել է Բաքվից և Մարտակերտի Թալիշ գյուղից գաղթած 40 ընտանիք: Այն ընտանիքները, որոնք Բաքվից էին եկել, տարիների ընթացքում փախստականի կարգավիճակ ու կացարան են ստացել պետության կողմից: Իսկ Մարտակերտից գաղթածները մինչ օրս որևէ կարգավիճակ չունեն:
«Բազմաթիվ անգամ դիմել եմ փախստականների կոմիտե, այնտեղ բոլոր պաշտոնյաներն անգիր գիտեին ինձ, իմ խնդիրը, ասում էին՝ Մարտակերտն ազատագրված տարածք է, թո՛ղ վերադառնան այնտեղ, գնացե՛ք, հանգիստ դուրս հանեք նրանք, դա ձեր իրավունքն է»,- պատմում է Մարիետա Պետրոսյանը:
Ընտանիքների մի մասը ժամանակի ընթացքում բնակության նոր վայր գտավ, իսկ մյուս մասը համառորեն հրաժարվում էր վերադառնալ Մարտակերտ: «Նրանց մեջ հատկապես ծեր տատիկ-պապիկներ էին, ովքեր գնալու տեղ չունեին, հարազատներ չունեին: Նրանց մի մասը մահացավ. ինը թաղում ենք արել այստեղ՝ աշակերտների հետ: Վերջին 3-4 տարիներին մնացել էր 3 ընտանիք, որոնք զբաղեցնում էին 6 սենյակ»,- ասում է փոխտնօրենը:
Նրա խոսքերով՝ իրենք ամեն օր բացատրական աշխատանքներ էինք տանում, համոզում էին նրանց, որ տարածքը ազատեն, երբեմն բարկանում էին, բայց անօգուտ. «Գալիս էին, լացում, համոզում էին՝ «տեղ չունեմ, փող չունեմ, երեխաներիս հետ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ», ես տեղի էի տալիս»:
Փախստականները 22 տարի շարունակ օգտագործել են դպրոցի գույքը՝ մահճակալները, պահարանները, սեղան-աթոռները, օգտվել են ջրից և էլեկտրաէներգիայից: Նրանք ապրում և քնում էին նույն հարկի մի հատվածում, որտեղ դպրոցի երեխաների ննջարաններն էին:
2010 թ. Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբն այցելության ժամանակ հայտնաբերել է փախստական ընտանիքներին և խնդիրը բարձրացրել Կրթության և գիտության նախարարությունում:
«Երեխաների հարևանությամբ ապրում էին այդ ընտանիքները, միջանցքում գազ էին վառում, որը վտանգավոր է երեխաների համար, ճաշ էին եփում: Մինչև անգամ պետք եղած ժամանակ պոկել և վառել են դպրոցի մանրահատակը, որպեսզի իրենց տաքացնեն՝ հաշվի չառնելով, որ դա դպրոցի գույքն է»,- ասում է մշտադիտարկման խմբի փոխնախագահ, «Հայաստանի մանկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վարուժան Սեդրակյանը:
Մշտադիտարկման խմբի օգնությամբ հարցը վերջնական լուծում է ստացել: ԿԳՆ-ն հատուկ դպրոցին գրությամբ հրահանգ տվեց՝ դիմել ոստիկանություն և դպրոցից դուրս հանել փախստականներին:
«Իրենք այդ գրությունից սթափվեցին: Մենք ժամանակ տվեցինք, օգնեցինք իրենց, որպեսզի մնալու տեղ գտնեն և տեղափոխվեն: Մի տատիկին իր եղբայրը տարավ Վանաձոր: Մի երիտասարդ ընտանիք կար, տեղափոխվեց բարեկամներից մեկի տուն: Մյուս տատիկն էլ արդեն տեղափոխվել էր իր աղջկա մոտ, ուղղակի իրերն էին այստեղ, եկան, վերցրեցին»,- պատմում է Մարիետա Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ դպրոցի տնօրինությունը մշտադիտարկման խմբի օգնությամբ մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը: «40 ընտանիքի 22 տարի պահել ենք: Եթե նրանց համար պետությունը տուն վարձեր, որքա՞ն գումարներ կծախսվեին: Ի վերջո, մենք Կառավարության հրահանգով ենք ընդունել և պահել այդ մարդկանց: Հնարավոր չէ՞ մի փոքրիկ գումար հատկացնել վերանորոգման համար կամ իրենք ստանձնեն շենքի վերանորոգումը»,- ասում է Պետրոսյանը:
Մշտադիտարկման խմբի փոխնախագահը ևս փաստում է, որ շենքը վատ վիճակում է գտնվում, և առաջնահերթ խնդիրներից է ջեռուցման համակարգ անցկացնելն ու դռներն ու պատուհանները փոխելը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
