ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակություն. անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը

«Անկախության 20 տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ձևավորումը մեր ամենամեծ ձեռքբերումներից է։ Ի տարբերություն 20 տարի առաջվա, մենք հիմա ունենք մարդիկ, որոնք իրազեկ են իրենց իրավունքների մասին, որոնք պահանջատեր են և ուզում են մասնակից լինել երկրի կառավարման գործին»,-կարծում է Սոնա Այվազյանը՝ «Թրանսփարենսի ինթենրնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ղեկավարը։
Սեպտեմբերի 19-ին Քաղաքացիական հասարակության օրվա առիթով ոլորտի վերջին 20 տարիների նվաճումները և բացթողումներն էին քննարկում «Ունիսոն» սահմանափակ կարողություններով մարդկանց ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, «Թրանսփարենսի ինթենրնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ղեկավար Սոնա Այվազյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը, «Հայկական Փի Ար ասոցացիա» ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյան և «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» տնօրեն Դավիթ Չիտյանը:
«Մենք մեր խնդիրների, իրավունքների մասին բարձրաձայնել կարողացանք,- որպես նվաճում նշում է Արմեն Ալավերդյանը,- չնայած Սովետական միությունում կայունության ինչ- որ զգացողություն կար, հաշմանդամները ստանում էին այնպիսի թոշակ, որով կարելի էր սովամահ չլինել, իսկ այսօր այդ թոշակի թիվը հումորի առարկա կարող է դառնալ և սոցիալական ապահովության ոլորտում դեռ շատ անելիքներ կան։ Բայց ամեն դեպքում՝ մենք այսօր բարձրաձայնում ենք, որ մենք պետք է ապրենք նույն կյանքով, ունենանք նույն խնդիրները և իրավունքները ու ձեռքբերումները, ինչ որ ամբողջ երկիրը և քաղաքացիները»։
Արմեն Ալավերդյանը կարևորեց, որ վերջին տարիներին հաշմանդամների համար աստիճանաբար մատչելի են դառնում շենքերի մուտքերը, աստիճաններով, մայթերով անցնելը: Նրանք կարող են , թեկուզ մեծ դժվարությամբ իրացնել ազատ տեղաշարժի իրենց իրավունքը, կոտրվել է այն կարծրատիպը, որ հաշմանդամ մարդիկ չեն կարող աշխատել և այլն։
Աստղիկ Ավետիսյանի կարծիքով՝ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում մեծ դեր ունեն հատկապես ԶԼՄ-ները և եթե տարիներ առաջ մենաշնորհ էր և մեկ կուսակցության կողմից վերահսկվող, այսօր ունենք բազմաթիվ հեռուստաընկերություններ, թերթեր, ամսագրեր և համացանցը, որը տալիս է լայն հնարավորություններ։
«Հասարակությունը, ցավոք, չի հասկանում քաղաքացիական հասարակության դերը և կարևոր դերակատարներ են դարձել ՀԿ-ներն ու տարբեր նախաձեռնությունները»,-կարծում է Դավիթ Չիտյանը։
Սոնա Այվազյանի խոսքերով' չնայած այսօր ՀԿ-ներն ունեն ճանաչում թե հասարակության, թե պետական մարմինների կողմից, և նրանց հետ որոշ չափով հաշվի են նստում, այնուամենայնիվ, որոշ ոլորտներում դեռևս կան բացթողումներ:
Բանախոսները խոսեցին նաև մարզերում քաղաքացիական հասարակության ձևավորման մասին և փաստեցին, որ պետք է ընդլայնել համագործակցությունը և ակտիվացնել աշխատանքները մարզերում գործող ՀԿ-ների, «Օրհուսի» կենտրոնների և ակտիվ քաղաքացիների հետ։
«Քաղաքացիական հասարակության ձեռքը պետք է միշտ զարկերակի վրա գտնվի՝ իր խնդիրներն անընդհատ բարձրաձայնելու համար»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը։
Արզուման Հարությունյանը դժվարացավ պատասխանել՝ արդյոք 20 տարիները բավական են քաղաքացիական հասարակության զարգացման համար. «Այնուամենայնիվ, կարելի էր ունենալ ավելի մեծ նվաճումներ, և դեռևս կան բազմաթիվ անելիքներ»:
Աղավնի Եղիազարյան
www.hra.am
