ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բացահայտել բանակային սպանությունները

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ հայոց բանակում խաղաղ պայմաններում վերջին 17 տարիներին մահացել է 1500 երիտասարդ, որոնցից 187-ը՝ վերջին 4 տարում։
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ տնօրեն Լևոն Բարսեղյանը նշում է, որ հնարավոր է այդ թիվն իրականում հասնում է 2500-ի, քանի որ պետական կառույցներում իրենց հստակ պատասխաններ չեն տալիս և սպանությունների մասին իրենք իմանում են հասարակական կազմակերպություններից, որտեղ շրջանառվում է 1200-2500 թիվը։
«2006թ. նախորդ տարվա՝ 2005թ.-ին կատարված սպանությունների վերաբերյալ 4 պաշտոնական տվյալ ուզեցինք, ու ստացանք իրարամերժ 4 թիվ։ Արտգործնախարարության կայքում տեղադրեցին պատասխան, որ սպանության դեպքերը քչացել են ու 2005թ. կազմել է 12 դեպք, ՀՀ պաշտպանության նախարարությունից ասացին՝ 34։ Հետո մենք նամակ գրեցինք Պաշտպանության նախարարություն և Զինվորական դատախազություն. իրենք էլ երկու տարբեր թվեր ներկայացրին՝ մեկը գրեց 29-ը, մյուսը՝ 89 զոհ»,- հայտնում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանները կարծում են, որ սխալ է պետական գաղտնիքի անվան տակ մերժել տեղեկություններ տրամադրել հասարակական կազմակերպություններին, այն դեպքում, երբ միջազգային կազմակերպություններին անհրաժեշտության նման տեղեկություններ տրամադրվում է, թեև այդ թվերին էլ թերահավատորեն են վերաբերում։
Իրավապաշտպաններն արձանագրեցին նաև, որ Զինվորական դատախազությունը չի մշակել հատուկ համակարգ, որը կարող է զբաղվել բանակային սպանությունների բացահայտմամբ ու ճիշտ չէ, որ սպանության բացահայտման համար զինվորական դատախազը մեկնում է հանցագործության վայր՝ միայն ցույց տալու համար, թե իրենք գործ են անում։
Լրագրող Ժաննա Ալեքսանյանն ընդծեց վերջին շրջանում բանակային սպանությունները որպես ինքնասպանություն ներկայացնելու փաստը, ինչը ազատումէ պետությանը պատասխանատվությունից և մահցած զինվորների ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պահանջից։
Մեծ խնդիր է նաև մահացած զինվորների ընտանիքներին փաստաբանով ապահովելու հարցը. զինվորական հարցերով զբաղվում է ՀՀ զինվորական դատախազությունը, որի անաչառության վրա ծնողները կասկածում են՝ հաշվի առնելով նախորդ տարիներին չբացահայտված բազմաթիվ դեպքերը։
«Հենց հիմա օգոստոսի 26-ին սպանված Աղասի Աբրահամյանի ընտանիքը չունի միջոցներ փաստաբան ունենալու համար ու հայրը մտահոգված է։ Երբ մի անգամ հարցրեցի նախարարության իրավաբանական վարչության պետին, թե ինչու չեն տալիս փոխհատուցում, ասաց, որ ինքնասպանության դեպքում փոխհատուցում չի լինում, ինքնասպան է եղել, ուրեմն բռնություն չկա զորամասում՝ սիրելի աղջկա ու իրենց երևակայության արդյունքում առաջացած պատճառներով է տղան մահացել»,- պատմում է Ալեքսանյանը։
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը ևս մեկ մտավախություն ունի։ Նա հիշում է, որ երբ սովետական զորքերը մտան Աֆղանստան, սովետական հատուկ ծառայության աշխատակիցները նկատեցին, որ համեմատաբար երկար տարիներ ծառայողներին գտնում են ռազմի դաշտում՝ թիկունքից խփած։
«Պարզվեց, որ ջահելներին այնքան են նեղել, որ նրանք մարտի դաշտում վրեժ են լուծել։ Ոչ ոք չի կարող ասել՝ մարտի դաշտում այս երեխաները, զենք ունենալով, իրենց ոնց կպահեն»,- ասում է Բարսեղյանը։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ- նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ իրենք չունեն հստակ տվյալներ, բայց հաճախ բժշկական սխալ սպասարկման արդյունքում բանակ են տանում ոչ առողջ վիճակում գտնվող երիտասարդի։
«Օրինակ՝ հենց հիմա մենք զբաղվում ենք մի տղայի՝ Վայքում ծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանի հարցով, ում մի ոտքը մյուս ոտքից 1.5 սմ կարճ է, աչքերը շիլ են, ինքն էլ մանկամիտ է»,- հաղորդում է Սաքունցը։
Իրավապաշտպանները մտահոգված են նաև այսօր հրապարակված ևս մեկ դեպքով, որի մասին իմացել են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից. Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանը հայտնվել է հոգեբուժարանում, ինչի մասին հայրը իմացել է միայն 9 օր հետո, այն էլ ոչ ՊՆ կառույցներից։
Իրավապաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով բանակում կատարված սպանությունների բացահայտում և բանակում տիրող իրադրությունը շտկելու կոնկրետ գործողություններ։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ hra.am
