ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության աղբյուր. հեռուստատեսությունը՝ ամենահասանելին, համացանցը՝ ամենաանկախը

Հայաստանում ամենահասանելի և ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցը հեռուստատեսությունն է, բայց հասարակությունն ավելի անկախ և օբյեկտիվ է համարում առցանց հրապարակվող տեղեկատվությունը։
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ 2011թ.» հետազոտության տվյալներով՝ ընթացիկ իրադարձությունների և նորությունների մասին տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը հարցվածների 90 %-ի համար հեռուսատատեսությունն է, 7 %-ի համար' համացանցը, 2 %-ի համար' ռադիոն և ընդամենը 1 %-ի համար' թերթը:
Հեռուստատեսություն. մատչելի, բայց ոչ այնքան հուսալի
Հեռուստատեսության մասսայական լինելը, թերևս, պայմանավորված է դրա մատչելիությամբ։ Հարցվածների 97 %-ի ունի հեռուստացույց և դրա առջև անցկացնում է օրական միջինը 4 ժամ: Ավելի շատ դիտում են Հ1 (հարցվածների 77 %), իսկ ամենաքիչը՝ Հ2 հեռուստաալիքը (47 %)։ Ընդ որում, գործազուրկները և մարզերի բնակիչները հեռուստացույց դիտում են ավելի շատ, քան զբաղվածության համեմատաբար բարձր մակարդակ ունեցող Երևանի բնակիչները։
Հեռուստատեսությամբ ավելի հաճախ դիտում են լրատվական հաղորդումներ (հարցվածների 70 %), գեղարվեստական ֆիլմեր (42 %), երաժշտություն (40 %) և սերիալներ (37 %):
Հետաքրքիր է, որ մասսայական լինելով հանդերձ, հեռուստատեսություններն այնքան էլ մեծ վստահություն չեն վայելում լսարանի կողմից: Հարցվածների կեսից ավելին՝ 53 %-ը, կարծում է, որ հեռուստատեսությամբ օբյեկտիվ չեն լուսաբանում իրադարձությունները: Վստահությունն ավելի մեծ է առցանց հրապարակումների նկատմամբ:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը վստահ է, որ հեռուստատեսությունը թեև ամենատարածվածն է, բայց ամենահուսալին չէ.
«Կարծում եմ, հեռուստատեսությունների լրատվական-վերլուծական քաղաքականության ստվերային վերահսկողություն է տեղի ունենում ՀՌԱՀ-ի միջոցով, ապա' սեփականատերերի միջոցով' լավ արմատացած ինքնագրաքննությամբ: Իսկ մարդիկ, երբ իրենց հետաքրքրող և օրախնդիր տեղեկությունները ստանում են ավելի շատ իրարից, հարևաններից, ինտերնետից և որոշ թերթերից ու չեն ստանում հեռուստատեսությունից, շատ լավ հասկանում են, որ դրանց համապատասխան «դիրիժոր» է կառավարում»,- ասում է նա:
Ըստ Բարսեղյանի' դա է պատճառը, որ հայաստանյան հեռուստաալիքներով կարելի է տեսնել Լիբիային, Պաղեստինին, Իրաքին վերաբերող մանրակրկիտ տեղեկություններ, իսկ «հարևան փողոցում գնդակահարվող ցուցարարների մասին»' ոչ մի խոսք:
Ռադիո. ավելի շատ «նվագարկիչ», քան լրատվամիջոց
Ըստ հարցման արդյունքների՝ ռադիոունկնդիրների գերակշռող մասը՝ 77 %-ը, ավելի շատ լսում է երաժշտություն, 53 %-ը՝ լուրեր։ Հարցված ռադիոունկնդիրների կեսից ավելին կարծում է, որ ռադիոն օբյեկտիվ չի լուսաբանում իրադարձությունները:
Թե ինչո՞ւ են մարդիկ ռադիոն ավելի շատ ընկալում որպես «նվագարկիչ» հացի շուրջ «Ռադիո Վան»-ի բլոգի խմբագիր Արման Սուլեյմանյանը կարծում է, որ հեռուստացույցով այնքան են «խաբում», որ մարդիկ հոգնել են լուրերից։
«Ռադիոն ավելի շատ հանգստի համար է։ Ռադիոյով լուրերը չեն կարող տևել 40 րոպե։ Դրա համար մենք ստեղծեցինք կայք, այստեղ օնլայն լսում են երաժշտություն և միաժամանակ կարդում են լուրեր։ Այդպես ավելի հարմար է օգտագործողների համար»,- նշում է նա՝ ավելացնելով, որ ոչ ոք չի սպասելու կոնկրետ ժամի, որպեսզի լուրեր ստանա, հետևաբար պետք է հարմարվել լսարանի հետ։ «Լուրերը պետք է գտնեն մարդկանց համացանցում՝ իմ կարծիքով»,- ասում է Սուլեյմանյանը։
Լևոն Բարսեղյանի խոսքերով' մարդիկ ռադիոյով ավելի շատ լսում են երաժշտություն, որովհետև դա է մատուցվում. «խոսող ռադիո» Հայաստանում չկա, մասամբ այդպիսին է Հանրային ռադիոն, բայց դե պետությունը հսկում է բովանդակությունը: «Խոսող ռադիո» է «Ազատությունը», բայց օրական ընդամենը ժամուկես է եթերում»,- ասում է նա:
Բարսեղյանը կարծում է, որ ռադիոկայանները պարտադրված են լինել երաժշտական, իսկ պարտադրողը «պետությունն է ՝ Ամալյան Գրիգորի գրասենյակի միջոցով»: Մյուս կողմից էլ, նրա խոսքերով՝ ռադիոկայանների միջև չկա վարկանշային մրցակցություն և, հետևաբար, չկան մրցունակ հաղորդումներ:
Այդուհանդերձ, «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահը կարծում է, որ ռադիոն ավելի հեշտ է դիմադրելու ինտերնետային նոր մեդիայի «գրոհին», քան հեռուստատեսությունը:
Թերթերը հոգեվարքի մեջ են, բայց չեն մեռնի
Ուսումնասիրության ընթացքում հարցվածների ընդամենը 1 տոկոսն է թերթերը համարում ընթացիկ իրադարձությունների և նորությունների մասին տեղեկատվության ամենակարևոր աղբյուր: Ըստ Լևոն Բարսեղյանի՝ դա չի նշանակում, որ թերթերը մեռնում են. «Հոգևարքի պես մի բան են ապրում, բայց, կարծում եմ, երկրորդ կյանք են առնելու, ադապտացվելու են իրադրությանը»:
Հարցվածների կեսից ավելին թերթերի հրապարակումները համարում է ոչ օբյեկտիվ: Մամուլում ավելի շատ կարդում են քաղաքականություն (հարցվողների 35 %-ը), 13 %-ը կարդում է լուրեր հայտնի մարդկանց մասին: Մյուս թեմաները նախընտրողները 10 %-ից քիչ մաս են կազմում:
Մեդիա հետազոտությունը ցույց է տվել, որ թերթեր ավելի շատ կարդում են բարձրագույն կրթությամբ մարդիկ և մայրաքաղաքաբնակները, ամենաքիչը կարդում են գյուղերի բնակիչները։ Հարցվածների 76 %-ը թերթերը կարդում է տպագիր տարբերակով, 16 %-ը համադրում է տպագիր և առցանց տարբերակները, 7 %-ը կարդում է միայն օնլայն։
Ապագան մուլտիմեդիա լրագրությա՞նն է
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ինտերնետից օգտվում են ավելի շատ երիտասարդները և երևանաբնակները: 21-25 տարեկան տարիքային խումբն ամենաշատ ժամանակն է անցկացնում համակարգչի առջև'օրական միջինում 5,5 ժամ:
Հարցվողների մեծ մասը համացանցում այցելում է սոցիալական կայքեր (65 %), հիմնականում oգտվում են որոնողական համակարգերից, անմիջական հաղորդակցության միջոցներից (Skype և այլն), լուրեր են կարդում, հոլովակներ դիտում։ Հարցվածների 24 %-ը նախընտրում է խաղեր խաղալ:
Սոցիալական ցանցերից ամենամասսայականը Օdnoklassniki.ru -ն է: Հարցվողների 80 %-ը օգտագործում է այդ սոցկայքը, իսկ Facebook.com-ում գրանցված են հարցվածների 15 %-ը:
Ուսումնասիրության մասնակիցների 88 %-ը սոցցանցերն օգտագործում է ընկերների հետ հաղորդակցվելու համար: Իսկ «Արդյո՞ք սոցիալական կայքն օգտագործում եք քաղաքական կամ սոցիալական բնույթի տեղեկություններ, նորություններ հաղորդելու համար» հարցին 83 %-ը պատասխանել է' ոչ, այո պատասխանողների թիվը չի գերազանցում 10 %-ը:
Հարցվածների մոտ 1/3-ը համացանցում կարդում է քաղաքական նյութեր, 1/10-ը հետաքրքված է արվեստին, նորաձևությանը, սպորտին և սոցիալական թեմաներին առնչվող տեղեկատվությամբ։ Առցանց հրապարակումներն օբյեկտիվ է համարում հարցվողների կեսից ավելին։
Ըստ հետազոտության տվյալների' ինտերնետային բլոգներում գրառումներ է անում հարցվողների մոտ 3 %-ը, բլոգներ ընթերցողների թիվը չի գերազանցում 10 %-ը: Համացանց օգտագործողների 66 %-ը չի օգտվում բլոգներից, իսկ ¼-ը չգիտի, թե ինչ է բլոգը:
«Ռադիո Վանի» բլոգի խմբագիր Արման Սուլեյմանյանը կարծում է, որ Հայաստանում ինտերնետային զարգացում դեռ տեղի չի ունեցել: «400 հազար հայեր նստած են օդնոկլասնիկում, վաղը նրանք կցանկանան YouTube դիտել, մյուս օրը' նոր բլոգ կարդալ: Այսօր բլոգ կարդացողների թիվը քիչ է, բայց կարևոր է, որ մարդիկ հասկանում են, որ ինտերնետը ավելի անկախ է»:
media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանի կարծիքով' սոցիալական ցանցերը խլում են բլոգների լսարանը: «Բայց այնպես չէ, որ բլոգները մեռնում են: Բլոգ գրում են ասելիք ունեցողները, ես կասեի՝ բլոգները բյուրեղանում են: Ազդեցիկ բլոգները է'լ ավելի ազդեցիկ են դառնում, իսկ ժամանակին մոդայի համար բացված բլոգների հեղինակները տեղափոխվում են դեպի սոցիալական ցանցեր»,- ասում է նա:
Գեղամ Վարդանյանը համոզված է, որ ապագան «մուլտիմեդիա լրագրությանն է», երբ լրատվամիջոցը, անկախ իր տեսակից կարողանում է օգտագործել ինտերնետը՝ որպես հարթակ բոլոր լրագրային ժանրերը համադրելու համար:
Հարցումներն էլ ցույց են տալիս, որ տպագիր մամուլի փոխարեն առցանց հրապարակումները նախընտրողները որպես առավելություն նշում են աղբյուրների բազմազանությունը և ժամանակի խնայողությունը:
«Ինտերնետային լրագրությունն ունիկալ է այն առումով, որ մարդը ինտերնետում և' տեղեկանում է, և' կարծիքներ է լսում, և՛ օգտակար ինֆորմացիա է ստանում: Մուլտիմեդիա լրագրությունը զարգանում է այն ուղղությամբ, որ օգտատիրոջը ավելի շատ ձայն տա. լսարանը ավելի ու ավելի շատ տեղեկատվություն հաղորդելու, տեղեկատվությունը տարածելու, կարծիքներ հաղորդելու հնարավորություն ունենա»,- նշում է Գ.Վարդանյանը:
Օբյեկտիվ չեն, որովհետև անկախ չեն
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ 2011թ. » հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների հրապարակումների նկատմամբ հասարակության վստահությունը այնքան էլ մեծ չէ:
Հեռուստատեսությունը օբյեկտիվ է համարում հարցվողների 47 %-ը, ռադիոյին հավատում է 45 %-ը, թերթերը վստահելի են 44 %-ի համար, իսկ համեմատաբար մեծ վստահություն վայելող առցանց հրապարակումների օբյեկտիվությանը հավատում է հարցվողների 54 %-ը:
ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվ լուսաբանման հիմնական պատճառն, ըստ հարցվողների, կապվածությունն է քաղաքական որևէ ուժի հետ: «Լրատվամիջոցի սեփականատերերը որքանո՞վ են ազդում ԶԼՄ բովանդակության վրա» հարցին մասնակիցների 46 %-ը պատասխանել է, որ ավելի շուտ ազդեցություն ունեն, 42 %-ի կարծիքով՝ վճռորոշ ազդեցություն ունեն: Հարցվածների միայն 4%-ն է կարծում,որ սեփականատերերը բոլորովին ազդեցություն չունեն ԶԼՄ բովանդակության վրա։
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ 2011թ. » ուսումնասիրությունն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի», «Ինտերնյուս» ՀԿ-ի, Երևանի մամուլի ակումբի և «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
