Անձի վիճակը բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի

2011 թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն' ըստ որի որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի' նախկինում 15 տարվա փոխարեն:

Այն ժամանակ, երբ հիշյալ օրենքը դեռ չէր ընդունվել, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի՝ ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ ազատազրկման դատապարտված, ինչը բավական մեծ թիվ է:

Ըստ գլխավոր դատախազի՝ շատ դեպքերում պատիժը որոշելիս չէին կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Գլխավոր դատախազի հայտարարության համաձայն՝ նախագիծը համապատասխանեցված էր միջազգային փորձին և իր մոտեցմամբ՝ նաև մեղադրյալների շահերին: Աղվան Հովսեփյանը կարծիք էր հայտնել, որ ցմահ ազատազրկումը, իրոք, կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն իրեն ուղղված հարցին պատասխանել էր, որ դատախազությունը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի որոշ հանցատեսակների պարագայում ներկայումս գործող պատժաչափը, որը 15 տարի է և ցմահ, բարձրացվի մինչև 20. այսինքն' լինի քսան և ցմահ, որովհետև լինում են դեպքեր, երբ տասնհինգ տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը' խիստ։

Վերլուծելով գլխավոր դատախազության կողմից բերված հիմնավորումները և փաստարկները՝ հստակ է դառնում, որ հիշյալ օրենքով նպատակ է դրվել նաև կրճատել հետագայում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց թիվը և ցմահ ազատազրկումը կիրառել ավելի քիչ' այն, իրոք, դարձնելով խստագույն պատժամիջոց:

Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի: Գործող ՀՀ քրեական օրենսգիրքն այս առումով ավելի հեռու է գնացել և 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվել է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

Որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը 15-ից 20 տարի դարձնելը, ձևական առումով, օրենքին տալիս է խստացնող բնույթ: Սակայն անհրաժեշտ է նկատել, որ խստացնող է միայն որոշակի ժամկետով ազատազրկման պարագայում, բայց բոլորովին այլ' ցմահ ազատազրկման տեսանկյունից:

Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետը կրճատող օրենքը: Եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞րն է այդ դեպքում ցմահ ազատազրկումը մեղմացնող օրենքը: Ինչպես արդեն նշվեց, ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքն ավելի հստակ է սահմանել, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Սրանից ենթադրվում է, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որևէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժ:

Ամփոփելով՝ վստահորեն կարելի է ասել, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագայում հիշյալ օրենքը նախատեսում է բարելավում (ինչի մասին ի դեպ ակնարկել էր գլխավոր դատախազը): Չէ՞ որ օրենքի փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ հաճախ 15 տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը՝ ծանր: Բնականաբար, եթե որևէ մեկը նախկինում նույն արարքի համար կպատժվեր ցմահ ազատազրկմամբ, ապա օրենքի  ընդունումից հետո կարող է դատապարտվել նաև 15-ից մինչև 20 տարի ազատազրկման:

Սրանից հետևում է, որ տարիներ ի վեր իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, եթե դատապարտվեին Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա նրանցից որոշների համար կարող էր ցմահ ազատազրկումը չսահմանվել որպես պատիժ: Այսինքն՝ ցմահ ազատազրկվածների դեպքում, օրենքի դրույթի այդ փոփոխությունը մեղմացնող է և այն պետք է ունենա հետադարձ ուժ:  

Ռոբերտ Ռևազյան

Փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Աղբյուրը՝ www.hra.am