ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մշակութային կյանքին մասնակցելու իրավունք. մշակույթի փոխնախարարի կարծիքով՝ ՄԻՊ գրասենյակի զեկույցն անլուրջ է

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակն ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում մարդկանց՝ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի մասին։ Հուլիսի 8-ին կազմակերպվել էր Մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացումը ՀՀ-ում» թեմայով քննարկում, որի ժամանակ ներկայացվեց նաև ուսումնասիրության արդյունքները՝ զեկույցի տեսքով։
«Ոչ ոք չի կարող ստիպել որևէ մեկին մասնակցելու մշակութային կյանքին։ Դա տվյալ մարդու ցանկությամբ պետք է լինի։ Այլ հարց է, որ պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ազատորեն օգտվել մշակութային կյանքին մասնակցելու իր իրավունքից»,- ասում է զեկույցի համահեղինակ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ ուսումնասիրության ընթացքում իրենք չեն հայտնաբերել որևէ դեպք, երբ անձը դիմի դատարան մշակութային կյանքին մասնակցելու իր իրավունքը պաշտպանելու համար։
Մշակութային կյանքին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուրը և այդ իրավունքն ամրագրված է ներպետական օրենսդրությամբ և մեր պետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով ։ Սակայն, զեկույցի հեղինակների կարծիքով՝իրավական դաշտը թերի է. ձևակերպումները դեկլարատիվ են և կոնկրետ նշված չէ, թե որ մարմինը ինչ պարտավորություններ և լիազորություններ ունի։ Բացի այդ, օրենքում նշված չէ, թե մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի խախտման համար ով և ինչ բնույթի պատասխանատվություն պետք է կրի։
Ա.Գրիգորյանի խոսքերով՝ մյուս խնդիրն այն է, որ մարզերի բնակիչներին ավելի քիչ հնարավորություն է ընձեռվում մասնակից դառնալու մշակութային կյանքին, քանի որ մշակույթի օջախների գերակշիռ մեծամասնությունը Երևանում է կենտրոնացած։
«Մարզերի բնակիչների մասնակցությունը մշակութային կյանքին իրականացվում են առանձին ծրագրերի շրջանակներում, էպիզոդիկ բնույթ են կրում, ինչը չի կարող համարվել ստրատեգիական, համակարգային մոտեցում։ Այդ պատճառով մեծ է մարզերից հոսքը Երևան»,- նշում է փորձագետը՝ ավելացնելով, որ մարզերի մշակութային օջախների մեծ մասը Մշակույթի նախարարության ենթակայությամբ չի գործում և պետական ֆինանսավորման բացակայության պատճառով անմխիթար վիճակում է։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրացման համար ոչ բավարար պայմաններն են գրեթե ամենուր։ Ըստ զեկույցի՝ մշակութային օջախները հիմնականում մատչելի չեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար, մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունները խիստ սահմանափակ են տեսողական և լսողական խնդիրներով անձանց համար։
Քննարկմանը ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը չհերքեց, որ ոլորտում կան խնդիրներ՝ մասնավորապես մշակութային օջախների մատչելիության հետ կապված։ Սակայն, նրա խոսքերով, զեկույցում ներկայացված տվյալները հեռու են իրականությունից։ Ուսումնասիրության հեղինակների պնդմամբ՝ իրենք դիմել են Մշակույթի նախարարություն և սպառիչ պատասխաններ չեն ստացել, ուստի փորձել են մշակութային ոլորտին վերաբերող տեղեկատվություն հավաքել նախարարության կայքէջից և այլ աղբյուրներից ։ Արև Սամուելյանը անհավանական համարեց նրանց՝ տեղեկատվություն ստանալու համար նախարարություն պատշաճ կարգով դիմելը։
«Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը հաճելիորեն զարմացած էր՝ զեկույցում մեծ տեղ է տրվել մշակութային կյանքին մասնակցելու հաշմանդամ մարդկանց իրավունքներին։ Բայց նա ընդգծում է, որ այդ մասնակցությունը կարող է լինել թե՛ պասսիվ, թե՛ ակտիվ։ «Ակտիվ մասնակցության մասին հաճախ մոռանում են»,- ասում է Ալավերդյանը՝ օրինակ բերելով «Փարոս» երգչախումբը, որը սկզբում բացառապես սայլակավոր հաշմանդամների երգչախումբ էր, իսկ այսօր այն կազմված է տարբեր հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ մարդկանցից։ Սակայն այդպիսի օրինակներ, նրա խոսքերով՝ քիչ կան։
Խոսելով մշակութային օջախների մատչելիության խնդրից, նա ընդգծեց. «Մատչելիությունը միայն թեքահարթակները չեն։ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում չկա թեքահարթակ, չկան նաև աստիճաններ, և դա իդեալական տարբերակ է։ Եթե շենքը նոր է կառուցվում կամ հիմնանորոգվում և կա զրոյական մուտքի հնարավորություն, պետք չէ աստիճաններ սարքել, հետո մտածել թեքահարթակ կառուցելու մասին։ Աստիճանները ոչ մեկին պետք չեն՝ ո՛չ տարեցներին, ո՛չ հղի կանանց, ո՛չ մանկասայլակով մարդկանց»։
Նույն կարծիքին է «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանը։ Նա մշակութային քաղաքականության մեջ և ցանկացած այլ ոլորտում հաշմանդամ մարդկանց խնդիրների լուծման հարցում կարևորում է ներառական մոտեցումը. «Պետք չի հաշմանդամ մարդու կարիքները դիտել առանձին մյուս մարդկանցից, որովհետև չկա հաշմանդամության առանձին ոլորտ, այլ կան տարբեր ոլորտներ, որտեղ հաշմանդամ մարդն ունի խնդիրներ։ Բերեմ մի պարզ օրինակ, եթե մենք սկսում ենք վերանորոգել կամ կառուցել մի մշակութային օջախ, և ամենավերջում՝ ավարտելուց հետո ենք հիշում հաշմանդամ մարդու կարիքը, մենք շատ դժվարությունների առջև ենք կանգնում, որովհետև անհրաժեշտություն է առաջանում և՛ լրացուցիչ ներդրումներ կատարելու և մարդկային ռեսուրսների։ Իսկ եթե սկզբում մտածենք այդ ամենի մասին, շատ ավելի հեշտ կլինի ու ճիշտ»,- ասում է Զարուհի Բաթոյանը։ Հայ փասխտականների համայնք» ՀԿ տնօրեն Նունե Երեմյանցը թերություն է համարեցայ, որ զեկույցը չի ներառել ազգային փոքրամասնություններին, քանի որ նրանց՝ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը ապահովված չէ։
Մշակույթի փոխնախարար Ա.Սամուելյանն ուսումնասիրությունը որակեց «անլուրջ» և պահանջեց, որ զեկույցի տպագրումը ֆինանսավորող «Յունեսկո»–ի գրասենյակը ֆինանսավորի նաև «հակազեկույցը»։ Նախարարի տեղակալի խոսքերով՝ ինքը կարող է նկատառումներ անել զեկույցի ցանկացած տողի վերաբերյալ, սակայն հարմար չէ քննարկման ժամանակ թվարկել բոլոր այն բարեփոխումները, որոնք կատարվում են մշակութային ոլորտում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
