ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրային խորհուրդը քննարկեց Ընդերքի մասին օրինագիծը

Հանրային խորհուրդը մտահոգված է նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ-ում և հասարակական կազմակերպությունների կողմից ակտիվ քննարկվող «Ընդերքի մասին» օրենսգրքի նոր նախագծով, որի կոնկրետ հոդվածների հետ հանձնաժողովի անդամները հայտնում են իրենց անհամաձայնությունը:
Հանձնաժողովի անդամ ինժեներ-երկրաբան Գագիկ Բաբոյանը հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ' հունիսի 30-ին, հայտնեց, որ առաջին հերթին դեմ են օրենսգրքի 21-րդ հոդվածին, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի փոխանցելիություն: Չնայած հոդվածը սահմանում է նաև ընդերքօգտագործման իրավունքի փոխանցմանն ուղղված բոլոր գործարքները կամ գործողությունները, որոնք իրականացվել են առանց լիազոր մարմնի համաձայնության, առոչինչ են,միևնույնն է Բաբլոյանը մտավախություն ունի, որ լիազոր մարմինը գործարքի կգնա մասնավոր ընկերության հետ ու կստեղծվեն ապօրինի ձեռնարկություններ:
«Օրենքով սահմանված 30 օրվա ընթացքում հնարավոր է, որ լիազոր մարմինը ձայն չհանի, որից հետո կփոխանցվի ընդերքաօգտագործման իրավունքը, այսինքն կսկսի շրջանառվել կաշառքը»,- կարծում է Բաբլոյանը:
Օրենսգրքի նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կարող էր փոխանցվել ժառանգման կարգով, բայց այդ կետը տարբեր քննարկումների արդյունքում, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանի խոսքով, հանվել է օրենսգրքից:
Օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության այնպիսի փոփոխությունների կամ լրացումների վրա, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, երկրի պաշտպանունակությանը, արտակարգ իրավիճակների առաջացմանը, էկոլոգիական անվտանգությանը, առողջապահությանը:
Բաբլոյանն առաջարկում է այս ցուցակը լրացնել նաև «ռազմավարական նշանակություն ունեցող հանքանյութեր» տերմինով, որոնց մեջ կարելի է նշել ոսկին և պղինձը: Այլ մասնագետների' մասնավորապես հանրային խորհրդի էներգետիկայի խմբի ղեկավար Հաննիբալ Հարությունյանի հավաստմամբ, հանքերից ոսկու և այլ հանածոների դուրսբերման արդյունքում դուրս են գալիս նաև այլ կարևոր հանածոներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն:
Վարդանյանը նշեց, որ «ռազմավարական նշանակություն ունեցող հանքանյութ» սահմանելը շատ դժվար է, որի համար էլ այդ տերմինը հանել են օրենսգրքից: Վարդանյանը որևէ սպառնալիք չի տեսնում ու հայտարարում է, որ նման փոփոխություն չի արվի:
«Մեր պետությունը դեռ պետք է մտածի, թե որն է «ռազմավարական նշանակության հանքանյութ», մշակվի հատուկ հայեցակարգ ու ցանկ, որը դեռ չկա»,- հայտնում է ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը:
Մասնագետները ևս մեկ անգամ բարձրացրեցին այն հարցը, որ շահագործելու իրավունքը տալով սեփականատերերին՝ փաստացի հանքը չի վաճառվում, բայց բովանդակային առումով այնպես է ստացվում, որ տարիներ հետո պետությունը զրկվում է իր սեփականությունից, որի համար համապատասխան շահույթ չի ստանում:
«Մեր ոսկին թալանում են ու պետությանը չի հասնում, իսկ չե՞ն կարող այնպես անել որ դրանից պետությանն էլ բաժին մնա»,- մտահոգվում է Բաբլոյանը:
Բաբլոյանը նշում է, որ նույն օրենսգիրքը թույլ է տալիս, որ շարունակվի հանքանյութերի արժեքը վերագնահատել 15 տարին մեկ, որը անիմաստ է, քանի որ ամեն տարի կարող են լինել փոփոխություններ ու հանքանյութի արժեքը կարող է աճել:
Հանրային խորհրդի հանքային հանձնաժողովի նախագահ Ղևոնդ Ղալումյանը նշում է, որ պետությունը վնասի վերականգման ապահովություն պետք է ունենա ու գնահատի իր ունեցածը՝ հարկերի տեսքով ստանալով հստակ շահույթ, այլ ոչ թե վերահսկողության պակասի արդյունքում սեփականատերը շահագործի շատ, բայց ներկայացնի փոքր թվեր:
«Առաջարկում են վաճառել հանքանյութը, այլ ոչ թե տալ միայն շահագործելու իրավունք և վերջ: Եթե բարձրանան գները, թող բարձրանան նաև հարկերը, եթե իջավ, թող իջնի: Արդյունքում և´ շահագործողը պետք է շահի, և´ պետությունը»,- ասաց Ղալումյանը:
Նշենք, որ այս դիտարկումներն ու առաջարկություններն առաջիկա օրերի ընթացքում Հանրային խորհուրդը պատրաստվում է ներկայացնել Ազգային ժողով:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
