ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատազրկման վայրերի գերբնակեցում. համարե՞լ այն խոշտանգում

«Ազատազրկման վայրերը գերծանրաբեռնված են, պայմանները չեն համապատասխանում մարդկային պայմաններին և ընկնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում-հեղ.) վերաբերելիության տակ»,- ասում է իրավաբան-փորձագետ Արտակ Զեյնալյանը: Կոնվենցիան սահմանում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) հասարակական դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես բազմիցս ահազանգել է ՔԿՀ-ների գերբնակեցման և անմարդկային պայմանների մասին: Ասուլիսներից մեկի ժամանակ նա նույնիսկ կոչ արեց դատապարտյալներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական գործեր սկսել ՀՀ դեմ' իրենց անմարդկային պայմաններում պահելու համար: Կալանավայրերում մահացության դեպքերի աճը իրավապաշտպանը կապում է պահման վատ պայմանների հետևանքով առաջացած առողջական խնդիրների հետ: Սաքունցի տվյալներով' 2010թ. գրանցվել է մահվան 35 դեպք 2009թ.-ի 7-ի դիմաց:
Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով' խոշտանգման աստիճանի կարող են հասնել նաև այն դեպքերը, երբ ՔԿՀ-ում պահվող անձը հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, սակայն չի ստանում:
Ազատազրկված անձը Հայաստանում հնարավորություն չունի դատական կարգով վիճարկելու իր պահման պայմանների' նվազագույն չափորոշիչներին համապատասխանության կամ հիվանդության պատճառով ազատազրկումը կրելու անհնարինության հարցերը, ասում է փորձագետ Արտակ Զեյնալյանը' ավելացնելով, որ նշված խնդիրները բարձրացվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռներով:
Նա առաջարկում է օրենսդրությամբ նախատեսել ազատազրկվածի' կալանքի ընթացքում ծագած վեճերի լուծման ընթացակարգեր (այդ թվում' կալանքի պայմանների և ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդությունների առկայության դեպքում կալանքից ազատվելու շուրջ ծագած վեճերի):
Հայաստանի դեմ կայացված վճիռներ
Չկա հստակ վիճակագրություն, թե Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ Հայաստանից քանի գործ է ուղարկվել ՄԻԵԴ, սակայն վիճակագրություն կա նույն հոդվածով ՀՀ դեմ կայացված վճիռների վերաբերյալ: Երեք իրավագետների հեղինակած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացը. Հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները» ուսումնասիրությունում ներկայացվում է այդպիսի 4 գործ:
Երեք գործը վերաբերում է 2003թ ընդդիմության ցույցին մասնակցած երեք համագյուղացիների ապօրինի բերման ենթարկելուն և 10 օր վարչական կալանքի տակ պահելուն: Գյուղացիները պահվել են Արմավիրի ոստիկանության ժամանակավոր պահման վայրում: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ կալանքի պայմանները հավասարազոր էին անմարդկային վերաբերմունքի:
«Դատարանը որոշել է, որ հաշվի առնելով կալանքի պայմանների ընդհանուր ազդեցությունը, կալանավորի կրած դժվարությունները, դրա արդյունքում առաջացած տառապանքն ու վիրավորանքի ու նվաստացման զգացումներն անկասկած գերազանցել են այն նվազագույն թույլատրելի սահմանը, որով կալանքի պայմանները անխուսափելիորեն կարող են բացասական ազդեցություն ունենալ անձի թե' հոգեկան, թե' ֆիզիկական բարօրության վրա»,- գրված է ՄԻԵԴ վճռում:
ԵԴ հարցմանը ՀՀ կառավարությունը պատասխանել է, որ նախագահի 2004թ դեկտեմբերի կարգադրությամբ քրեակատարողական բոլոր հիմնարկներում նախաձեռնվել են վերանորոգման լայնամասշտաբ ծրագրեր, ինչպես նաև 2005թ. հուլիսին փոփոխության է ենթարկվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում մեծացվել է ոստիկանության բաժանմունքներում ձերբակալված անձանց պահելու տարածքը մինչև 4 քմ:
Գերբնակեցումը խոշտանգո՞ւմ է
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ՄԻԵԴ ուղարկված բողոքներին կավելանա ևս մեկը: Փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է Տիգրան Փոստանջյանի գործով գանգատ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ներառված է լինելու նաև Փոստանջյանին ազատազրկման մեջ պահելու պայմանների անմարդկային լինելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ Տ.Փոստանջյանը հացադուլ էր հայտարարել և բողոքում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի իր խցի անմարդկային պայմանների դեմ, որտեղ 25 քմ տարածքում պահվում էր 19 կալանավոր: Խուցը ապահովված չէր տարրական նյութակենցաղային պայմաններով' օդափոխություն, բավարար թվով քնատեղեր և այլն:
Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է, որ «ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել երկուսուկես քառակուսի մետրից' յուրաքանչյուր անձի համար: Ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղ և անկողնային պարագաներ» և այլն («Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենք, հոդված 20):
Տ.Փոստանջյանի քույրը' պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տարբեր հայտարարություններում հնչեցնում է, որ իր եղբոր պահման պայմանները հավասարազոր են խոշտանգման, և նմանատիպ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը 2002թ. «Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով:
Սակայն փաստաբան Հայկ Ալումյանը «պոպուլիստական» հայտարարություններ է անվանում այն պնդումները, թե գերբնակեցումը հասնում է խոշտանգման մակարդակի:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Կալաշնիկովն ընդդեմ ՌԴ» գործով կայացրած որոշմամբ ճանաչել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, այսինքն' պահման պայմանները եղել են անմարդկային, նվաստացնող և չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Սակայն դա որպես խոշտանգում չի բնորոշվել և «խոշտանգում» բառը վճռում չկա»,- մեկնաբանում է Մարդու միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Աննա Մարալյանը:
Նա ասում է, որ «խոշտանգում» հասկացությունը պետք է պարտադիր պարունակի երեք տարր: Առաջինը' դա գործողություն է, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք: Երկրորդ' գործողությունը պետք է նպատակ հետապնդի տվյալ անձից կամ մեկ ուրիշից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, կամ որևէ գործողության համար պատժելու կամ վախեցնելու: Եվ երրորդ' նման ցավը կամ տառապանքը պետք է պատճառվի պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ ու համաձայնությամբ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
