Պահանջում են հարգել տեղաշարժվելու իրավունքը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործ է սկսվել ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի: Այս բաժինը հրաժարվել է քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից 2011թ. փետրվարին վրացական պետահամարանիշերով մեքենաների վարորդների երթևեկելու և խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը խախտելու առիթով:

Այդ խնդրով դատարան է դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը։ Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը շարունակում է պնդել, որ քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը փետրվարի 15-ին իրենց ներկայացրած դիմումին արձագանքել է միայն 2 ամիս հետո ու առանց հիմնավոր պատճառների հրաժարվել է քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք, որ  2010թ.-ի օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնության համաձայն' ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծում կարող են իրականացնել միայն արտասահմանցիները, իսկ ժամանակավոր ներմուծվող ավտոմեքենան պետք է անցնի «ժամանակավոր հաշվառում» Հայաստանում. 2 ամսով կամ 1 տարով, ինչը մոտ 30 հազար դրամ կարժենա:  Կառավարության որոշման արդյունքում բոլոր այն մարդիկ, ովքեր չէին մաքսազերծել իրենց ավտոմեքենաները պարտավորվում էին դա անել, ինչը հաճախ մինչև 3000 ԱՄՆ դոլարի ծախս էր կազմում: Վարորդները դրա համար բողոքի ակցիաներ էին կազմակերպում Գյումրիում ու Վանաձորում, որտեղ էլ հանդիպում էին տեղաշարժվելու խոչընդոտների ոստիկանների կողմից:

Սաքունցը հունիսի 16-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ևս մեկ անգամ ասաց, որ առանց վարորդներին հարցաքննելու և միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա քննիչ Քաղցրիկյանը որոշել է, որ ոստիկանները ոչ թե խոչընդոտել են, այլ ընդամենը հայտնել են վատ եղանակի պատճառով ճանապարհի անանցանելիության մասին:

Ճանապարհների անցանելիությունն ապացուցելու համար Արթուր Սաքունցը նշեց, որ ինքն անձամբ այդ օրն ահազանգ ստանալուց հետո Վանաձորից եկել է Գյումրի, բացի այդ իրենց կազմակերպության իրավաբաններից մեկը նույն ժամերին դատ է ունեցել Գյումրիում և ևս առանց դժվարությունների եկել է դատարան:

«Ոստիկանները, փակելով ճանապարհը, միտումնավոր կերպով խոչընդոտել են քաղաքացիների հավաքներին և ցույցերին մասնակցելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խախտել են նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- հայտարարեց Սաքունցը:

Նա նշում է, որ այդպես խախտվել են ՀՀ սահմանդրության 25,29 հոդվածները, ինչպես նաև ՀՀ «Ժողովներ հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի պահանջները:

«ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն օրինական ժողովներ, կամ հանրահավքներ երթեր կամ ցույցեր անցկացնելու կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը , բռություն գործադրելը կամ դրա գործադրելու սպառնալիքով խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100 ապատիկից 300 ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազարկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:  Իսկ իշխանությունն ու պետական դիրքը չարաշահելու համար նախատեսվունմ է 2-5 տարի ժամկետ»,- օրենքի այս հատվածը դատարանի ուշադրությանը հրավիրեց  Սաքունցը:

Դատավոր Սարոյանը բավարարեց Սաքունցի միջնորդությունը՝  նախաքննության նյութերն իրենց տրամադրելու մասին, բայց Շիրակի մարզի քննչական բաժինը դրանք տրամադրեց միայն 6 օր հետո։ Այս պատճառով հուլիսի 21-ի դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ համանման բողոքով դատարան է պատրաստվում դիմել նաև Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով 30 տեսանյութ, 180 նկար և 4 ռեպորտաժ է տրամադրել նախաքննության համար, որտեղ պարզ երևում է, թե ինչ է կատարվել:

Լևոն Բարսեղյանն այս գործին զուգահեռ նաև քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Շիրակի մարզի ոստիկանության՝ իր տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու համար.«Գյումրիի Վարչական դատարանը մերժել է իմ հայցը, ես բողոքարկել եմ Վարչական վերաքննիչ դատարան»:

Կարինե Իոնեսյան
Գյումրի
Աղբյուրը' www.hra.am