ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանն առանց հիմքերի ձգձգում է Սեմերջյանի պայմանական-վաղաժամկետ ազատվելու հարցը

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 6–ին մերժեց ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի։ Բողոքարկվում էր հանձնաժողովի այն որոշումը, որով 1 տարի հետաձգվում է Մ. Սեմերջյանի պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 12.03.1993թ դատավճռով մեղավոր է ճանաչվել 4 անձանց սպանության մեջ (սպանությունները տեղի են ունեցել Ուկրաինայում): Նա դատապարտվել է մահապատժի՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավումով: Հետագայում մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Սեմերջյանը նշում է, որ ինքը միայն 2 մարդու է սպանել, իսկ մյուս երկուսի սպանությունն իր վրա է ընդունել, որպեսզի պատիժը կրի Հայաստանում:
Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը մինչև բողոք ներկայացնելը՝ 10.03.2011թ. դրությամբ, անազատության մեջ էր 20 տարի 1 ամիս 8 օր։ 20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին հինգ տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։
Դատարանում, երբ հնչում էին Սեմերջյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մերժման հիմքերը, վարչական հանձնաժողովի ներկայացուցիչ Գարիկ Տիգրանյանը նշեց, որ նա փախուստի հակում ունի և տուժած կողմին չի տվել փոխհատուցում։
«Հարկ եմ համարում նշել, որ Սեմերջյանի անձնական գործում չկա կատարողական թերթ, այսինքն՝ տուժող Նազան Սահակի Հայրապետյանը չի դիմել պատճառված վնասը բռնագանձելու դիմումով, հետևապես անգամ եթե օրենքի այդ դրույթը տարածվեր Սեմերջյանի վրա, պահանջի բացակայության պայմաններում կիրառելի չէ»,- դատարանում հայտարարեց Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունին։
Բացի այդ, գումարը նշվել է այն ժամանակվա ռուսական ռուբլիով, որն այսօրվա դրամով 56 դրամ է կազմում:
Փաստաբան Ռշտունու համար անհասկանալի էր, թե ինչի հիման վրա է հանձնաժողովը հանգել այն եզրակացության, որ Սեմերջյանը փախուստի հակում ունի։ Արձանագրության մեջ նշված չեն Սեմերջյանի՝ փախուստի հակում ունենալու հիմքերը։
Երբ դատավորը հարցրեց Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներին, թե ո՞րն է պատճառը, նրանք նշեցին՝ Սեմերջյանի 20 տարի առաջ կատարած ծանր հանցագործությունը։
Սեմերջյանը, ով ի դեպ 20 տարիների ընթացքում երբեք փախուստի փորձ չի արել, դատարանում հարցրեց քրեակատարողական հիմնարկի աշխատողներին՝ արդյոք երբևէ հոգեբաններն իր հետ զրուցել են ու ինչպես են պարզել, որ ինքը փախնելու ունակ է։ Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները չտվեցին կոնկրետ պատասխան։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանի խոսքերով՝ խնդիրը ոչ թե Սեմերջյանին ազատ արձակել չուզենալն է, այլ այն, որ ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման նախադեպ մինչեւ այսօր Հայաստանում չի եղել ու բնական է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատողներին էլ է ժամանակ հարկավոր:
«Իսկ դուք, դեռ մի քանի օր է անցել 20 տարին լրանալուց հետո, միանգամից բողոք եք գրում»,- վրդովվեց դատախազը:
Չնայած այդ որոշմանը, Մանուկ Սեմերջյանի քույրը՝ Լուսինե Սեմերջյանը, մեծ հույս ունի, որ եղբայրն ազատ կարձակվի: Տարին երկու անգամ մի օր եղբոր հետ անցկացնելով՝ հասկացել է, որ եղբայրն արդեն շատ է զղջացել իր արարքի համար:
«Ես համոզված եմ, որ ոչ ցմահ բանտարկյալներն ազատ արձակվելուց իրենց ավելի վատ են պահում ու դրա համար էլ նորից հայտնվում են ճաղերի հետեւում, իսկ ցմահ դատապարտյալները հաստատ ազատվելու դեպքում արդեն կգնահատեն իրենց ազատությունը»,- կարծում է Սեմերջյանի քույրը:
22 տարեկանում՝ մինչև ցմահ դատապարտվելը, Սեմերջյանը զբաղվել է կոշկակարությամբ: Քույրը համոզված է, որ եղբայրը կկարողանա նորից աշխատանք գտնել ու օգնել նաև իրեն։
Սեմերջյանի գործի վերանայումն այն հույսն է, որին հետևում են բոլոր ցմահ դատապարտվածները։
Մանուկ Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունին բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
