Արդար ընտրությունների երաշխիք. Ընտրական փոփոխված օրենսգի՞րք, թե՞ քաղաքական կամք

Ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը կարծես ավանդույթ է դարձել։ 1999-ի փետրվարի 5-ին ընդունված մայր օրենքը 13 անգամ փոփոխվել է։ Ամենավերջին փոփոխությունները և լրացումները Ազգային ժողովի կողմից ընդունվեցին 2011թ. մայիսի 26-ին, և ուժի մեջ մտան հունիսի 6-ից։

Խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության բարելավումը, թերևս, միջազգային կառույցների պահանջն է, և ինչպես նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ «հաշվի են առնվել մի շարք միջազգային կազմակերպությունների, Վենետիկի հանձնաժողովի և հասարակական կազմակերպությունների առաջարկությունները»: ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Դաշնակցության» և «Ժառանգության» ներկայացրած սկզբունքային առաջարկությունները հիմնականում մերժվեցին տարբեր պատճառաբանություններով։

Ինչպե՞ս են ձևավորվելու ընտրական հանձնաժողովները

Նոր օրինագծով փոխվել է ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) յոթ անդամներից 3-ի թեկնածությունն առաջադրում է Մարդու իրավունքների պաշտպանը, 2-ական թեկնածու առաջադրում են Փաստաբանների պալատը և Վճռաբեկ դատարանը։ Թեկնածուների առաջադրումը հաստատվելու է հանրապետության նախագահի կողմից: Օրենքի նախագիծը մշակողների հավաստմամբ' ԿԸՀ-ում լինելու են միայն «պրոֆեսիոնալներ»:

Ընտրատարածքային հանձնաժողովները ձևավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ խորհրդարանական ուժերն իրավունք ունեն թեկնածուներ առաջարկելու միայն տեղամասային հանձնաժողովներում և, անկախ խմբակցության մեծությունից, ունենալու են հավասար ներկայացվածություն։ 

«Դաշնակցությունը» կարծում է, որ միևնույն է՝ հարաբերակցությունը հօգուտ իշխանության է: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այս տեսակետին և պնդում է, որ իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների բաշխումը խորհրդարանում փոփոխական է:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այս դրույթը ռիսկային է համարում: «Հետագայում, երբ ընդդիմությունն իշխանությանը մեղադրի ընտրությունները կեղծելու մեջ, իշխանությունը վկայակոչելու է ստորին մակարդակի հանձնաժողովները, որոնք կազմավորվում են քաղաքական ուժերի մասնակցությամբ, բայց՝ անհավասարակշիռ։ Արդարանալու են, թե իրենց ձևավորած վերադաս հանձնաժողովները պրոֆեսիոնալ են։ Բայց այդ հանձնաժողովներում, բոլորիս համար պարզ է, որ լինելու են ընտրությունների արդյունքները պրոֆեսիոնալ նկարողներ»։

Հայ ազգային կոնգրեսն էլ դժգոհում է, որ «երկրում քաղաքական օրակարգ թելադրող» արտախորհրդարանական ընդդիմությունը «բացարձակ զրկված է որևէ հանձնաժողովում ներկայացված լինելու օրենսդրական հնարավորությունից»:

Կառաջադրվեն միայն ՀՀ քաղաքացիներ

Փոփոխվել են թեկնածուներին առաջադրվող պայմանները: Պատգամավորի ու նախագահի թեկնածուներն առաջադրման պահին պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացիներ: Այս դրույթը ավելացվել է երկքաղաքացիություն ունեցող մարդկանց համար' հաշվի առնելով, որ այլ երկրի քաղաքացի լինելը ենթադրում է լինել այլ երկրի օրենքներին ենթակա:

Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում էին օրենսգրքում ամրագրել խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: «Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեծամասնական ֆորմատը բոլորովին չի համապատասխանում իր էությանը, ավելին՝ ԱԺ-ում ամենաակտիվ պատգամավորները և քաղաքական գործունեությամբ զբաղվողները հենց համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն են»,- ասում է «Դաշնակցություն» խմբակցության անդամ Նռանյանը: Առաջարկը մերժվեց այն հիմնավորմամբ, որ դա հեռացնում է պատգամավորին իր ընտրողից:

Օրենքը հավասար հնարավորություններ  է տալիս նաև թեկնածուների կամ կուսակցությունների նախընտրական քարոզչության համար. տեղական ինքնակառավարման մարմինների  դահլիճներն  անվճար հիմունքներով տրամադրվելու են քարոզչություն իրականացնելու համար,  սահմանափակվում է քաղաքական գովազդի գինը հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանի խոսքերով' նոր օրենքը լուծում կտա նաև նախընտրական շրջանում բարեգործության քողի տակ (բժշկական, սոցիալական օգնության և այլ ծրագրեր) իրականացվող քարոզչությանը: «Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել որոշակի թեկնածուների կամ կուսակցությունների, նախընտրական քարոզչության ժամանակ իրավունք չունեն իրականացնելու բարեգործություն»,- նշում է պատգամավորը:

Ըստ նոր օրենսգրքի' ԿԸՀ բոլոր որոշումները պետք է տեղադրվեն հանձնաժողովի պաշտոնական  կայքում (www.elections.am) և հասանելի լինեն հանրությանը: Ընտրություններին առաջադրված թեկնածուները, կուսակցություններն ու դաշինքներն իրենց նախընտրական ծրագրերը  նույնպես պետք է տեղադրեն կայքում:

Կնիքի հետքը 12 ժամից կանհետանա

Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մեկնաբանությամբ' ընտրությանը մասնակցած անձանց անձնագրերը կնքելը, ինչպես արվեց նախորդ ընտրությունների ժամանակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Նոր օրենքով անձնագրում կդրվի ժամանակավոր կնիք, որը 12 ժամվա ընթացքում կօքսիդանա:

Բարձր որակական պահանջներ են ներկայացվում տեղական դիտորդներին: Նրանք պետք է անցնեն մասնագիտական դասընթացներ և ստանան որակավորման վկայականներ: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այս կետին այն հիմնավորմամբ, որ դիտորդությունը կամավորական սկզբունքով է իրականացվում, և ոչ մի երկրի օրենքում նման պարտադրանք չկա:

Օրենքով նախատեսվում է նաև քվեարկության օրվանից  մեկ ամիս առաջ տասնօրյա ինտերվալով և քվեարկության նախորդ օրը հրապարակել ընտրողների ցուցակները և ընդհանուր թիվը: «Դաշնակցությունն» իր այլընտրանքային նախագծում առաջարկում էր ընտրությունների հաջորդ օրը ընտրատեղամասերում փակցնել ընտրությանը մասնակցած անձանց գրանցամատյանները' ստորագրություններով, որը վերահսկելի կդարձներ հանրապետությունից բացակայող կամ մահացած անձանց փոխարեն քվեարկությունները:

«Նախորդ ընտրությունների ժամանակ մենք ունենք դեպքեր, երբ գիշերվա ընթացքում մի քանի տասնյակ հազարով, նույնիսկ 100.000-ով ավելանում է ընտրողների թիվը: Ցուցակների հրապարակայնության ապահովումը և ծրարների հաշվարկն անմիջապես ընտրություններից հետո դա կկարողանար կանխել: Մենք առաջարկում էինք ժամը 22։00-ի դրությամբ տալ ամբողջ հանրապետությունում ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը, որն այլևս փոփոխական չպիտի լինի»,- ասում է Արա Նռանյանը։

Այս առաջարկը մերժվեց այն հիմնավորմամբ, որ դա խախտում է ընտրությունների գաղտնիության սկզբունքը: Փոխարենը, «ընդդիմությանը ընդառաջելով», կոալիցիան օրենքում ամրագրեց, որ վստահված անձը կարող է պահանջել իրեն տրամադրել գրանցամատյանից քաղվածք' ընտրությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ' վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ և կնիքով:

Ընտրատարածքներում պետական մակարդակով տեսաձայնագրում իրականացնելու առաջարկը մերժվել է:

«Այստեղ պետությունը շատ խոցելի կլիներ, որովհետև կարող էին բազմաթիվ տեխնիկական խնդիրներ առաջանալ, որը ընդդիմության կողմից միտումնավորություն ձևակերպվեր և  իշխանությանը մեղադրեին, ուստի, իմ գնահատմամբ՝ լավ է, որ ազատ է թողնված»,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ընտրական օրենսգրքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:

Օրենքում ամրագրված է, որ քվեարկության ողջ գործընթացը կարող են տեսանկարահանել բոլորը' վստահված անձ, դիտորդ կամ լրագրող' բացառությամբ այն տեսարանների, որոնք խախտում են քվեարկության գաղտնիության սկզբունքը: Ձայների հաշվարկման գործընթացը նույնպես կարող է տեսանկարահանվել գործընթացի բուն մասնակիցների կողմից, բայց այստեղ, «Դաշնակցության» և «Ժառանգության» կարծիքով խնդիրներ են առաջանում:

«Նախ տեխնիկապես շատ դժվար է անհատներին կազմակերպել այդ նկարահանումը: Բացի այդ, նկարահանողը կկտրվի իր բուն պարտականություններից՝ վերահսկել հաշվարկի պրոցեսը։ Իսկ արդյունքների վիճարկան ժամանակ հարց կառաջանա, թե նկարահանումներից ո՞րն է դիտվելու վավերական»,- ասում է Արա Նռանյանը: Ստեփան Սաֆարյանը սա համարում է փախուստ պատասխանատվությունից:

Ամենակարևորը քաղաքական կամքն է

«Մենք կարող ենք անընդհատ փոխել և լրամշակել Ընտրական օրենսգիրքը, բայց ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար ամենակարևորը քաղաքական կամքն է»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը:  

«Թերևս, բոլորս կհիշենք, որ Հայաստանում ամենաազատ և արդար ընտրությունները (նաև միջազգային դիտորդների գնահատմամբ) եղել են այն ժամանակ, երբ որ մենք ունեցել ենք ամենաթերի, ոչ լիարժեք Ընտրական օրենսգիրքը»,- հիշեցնում է Նաիրա Զոհրաբյանը' հույս հայտնելով, որ փոփոխված օրենսգիրքը հնարավորինս կփակի օրենքի այն բացերը, որոնք օգտագործվում էին, իր խոսքերով՝ «արջի ծառայություններ մատուցելու համար»։

Ընդդիմությունը նույնպես արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման հարցում կարևորում է քաղաքական կամքը: «Բայց, ցավոք սրտի, ընդունվել է մի Ընտրական օրենսգիրք, որը շատ լուրջ ռիսկեր է պարունակում և դա մտահոգիչ է: Կարելի է ասել, որ ապագա խորհրդարանական ընտրությունները վտանգված են, որովհետև առաջին հավաստիացումը, որ իշխանությունն ազատ և արդար ընտրություններ չի կազմակերպվելու, արդեն իսկ տրված է Ընտրական օրենսգրքի ընդունման տեսքով»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Մերի Ալեքսանյան


Աղբյուրը՝ www.hra.am


Լուսանկարը՝ www.slaq.am-ի