ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հավաքների ազատության մասին» օրենք. հստակ սահմանափակումնե՞ր, թե՞ անորոշ ազատություններ

«Հավաքների ազատության մասին» օրենքի ոչ հստակ և ընդհանրական ձևակերպումների շուրջ մտահոգությունները հանգեցրել են նրան, որ քաղաքական որոշ ուժեր հստակ սահմանափակումներով նախկին օրենքը գերադասում են անորոշ ազատություններ սահմանող նոր օրենքից:
Ըստ Երևանի քաղաքապետարանի' 2011թ. ընթացքում որևէ հավաքի իրազեկում իրենց կողմից չի մերժվել ի տարբերություն 2010 թվականի, որի ընթացքում 242 իրազեկումներց 8-ն արգելվել են, իսկ 47 իրազեկման վերաբերյալ առաջարկվել է հանրահավաքների անցկացման այլ վայր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների համաձայն' 2011թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 2-ը Քաղաքապետարան է մուտքագրվել 111 իրազեկում, որոնցից 76-ը եղել են հանրահավաքներ և երթեր, իսկ 35-ը՝ այլ միջոցառումներ անցկացնելու մասին (մշակութային, սպորտային և այլն)։ 55 հանրահավաքների անցկացման համար առաջարկվել է այլ վայր, քանի որ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը (54-ը եղել են ՀՀՇ վարչության իրազեկումները, իսկ 1-ը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի):
Օրենսդրական վերջին փոփոխություններից հետո' 2011թ. մայիսի 2-ից քաղաքապետարան մուտքագրվել է 18 իրազեկում (14 հանրային միջոցառումներ և 4 հանրահավաքներ), որոնք բոլորն ընդունվել են ի գիտություն, բացառությամբ այն հավաքների, որոնք կազմակերպիչների խնդրանքով հանվել են քննարկումից:
Մարտի 1-ը և հավաքների ազատությունը
Այս տարվա մայիսի 3-ից ուժը կորցրած ճանաչվեց 2004թ.-ին ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը և ուժի մեջ մտավ 2011թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, որը հեղինակել են Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմը' GTZ գերմանական կազմակերպության խորհրդատվական աջակցությամբ:
2008-ի նախագահական ընտրություններից և մարտիմեկյան իրադարձություններից հետո «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ արվեցին, որի վերաբերյալ լուրջ մտահոգություն հայտնեցին ԵԱՀԿ Ժողովրդավարական հասատատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և Վենետիկի հանձնաժողովը:
Օրենքում խստացվեց և սահմանափակվեց հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը: Սահմանվեց, որ զանգվածային միջոցառումների ժամանակ զոհեր լինելու դեպքում որոշ ժամանակով դրանք կարող են արգելվել, օրենքից հանվեց «ինքնաբուխ հանրահավաք» հասկացությունը և այլն:
Միջազգային կառույցների քննադատությունից հետո 2008-ին և 2009-ին օրենքը կոսմետիկ փոփոխությունների ենթարկվեց: Սակայն օրենքը սահմանադրական փոփոխություններին (2005թ.) համապատասխանեցնելու խնդիր կար. ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում գործածվում էր միայն մեկ' «հավաք» տերմինը:
Նոր օրենք' բովանդակային և կառուցվածքային փոփոխություններով
«Հավաքների ազատության մասին» օրենքը բովանդակային և կառուցվածքային առումով տարբերվում է նախկին օրենքից:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով'նոր օրենքն ավելի հստակ ու թափանցիկ է, մասնավորապես, հստակորեն սահմանվում են այն բոլոր հիմքերը, որի պարագայում կարող է սահմանափակվել, դադարեցվել կամ ցրվել հավաքը:
Նախարարը օրենքում էական բարեփոխում է համարում քաղաքական բնույթի հավաքներն այլ տիպի միջոցառումներից տարանջատելը: Տոնակատարությունները, մշակութային և սպորտային ուղղվածության այլ միջոցառումները սույն օրենքով չեն կարգավորվելու: Թովմասյանի կարծիքով' մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ եթե հավաքը կազմակերպվել է առանց իրազեկման, բայց կրում է խաղաղ բնույթ, Ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու կամ դադարեցնելու այն:
Նոր օրենքում հանրահավաքների արտոնման դրույթը փոխարինվել է իրազեկումով: Հավաքի կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, որը իրազեկումը ընդունում է ի գիտություն, իսկ եթե օրենքով սահմանված առավելագույնը 5-օրյա ժամկետում չի արձագանքում, դա համարվում է դրական արձագանք:
Ըստ օրենքի' լիազոր մարմինը պարտավոր է իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկել ոստիկանությանը' հավաքի անցակացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
Հավաքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել, եթե հանրության շահը և այլ անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ (հոդված 5): Հավաքը արգելելու մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը (իրազեկումը քննարկելու փուլում) կամ ոստիկանությունը (հավաքի անցկացման փուլում): Որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:
Օրենքում նորամուծություն է այն դրույթը, ըստ որի, եթե որոշ պատճառներով լիազոր մարմինն արգելում է տվյալ օրը, տվյալ ժամին կամ տվյալ վայրում հավաք անցկացնել, պետք է հիմնավորի իր որոշումը, լսումներ հրավիրի և բանակցի կազմակերպիչների հետ հավաքի անցկացման վայրի, ժամի և այլ հարցերի վերաբերյալ փոխզիջում գտնելու նպատակով (հոդված 17 և 18):
Նոր օրենքի 3-րդ գլուխը կանոնակարգում է նաև առանց իրազեկման հավաքները. դրանք են մինչև 100 մասնակից ունեցող, ինքնաբուխ և շտապ հավաքները, որոնք ըստ օրենքի չեն կարող տևել 6 ժամից ավելի:
Հավաքները չպետք է «սպառնան» գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գործունեությանը
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ օրենքն առավելագույնս կնպաստի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ապահովմանը. «Օրենքում հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ կողմից արված առաջարկությունները։ Ընդունված օրենքի գործողությունն այլևս չի տարածվում բոլոր տեսակի «միջոցառումների» վրա, այլ սահմանափակվում է միայն «հավաքներով»: Պարզ ու հասկանալի է հավաքների երկու հիմնական տիպերի' իրազեկման ենթակա և իրազեկման ոչ ենթակա հավաքների միջև տարբերակումը, հստակ սահմանվում է այն վայրերի շրջանակը, որտեղ արգելվում է հավաքների անցկացումը: Օրենքն ամրագրել է նաև այն սկզբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից»։
Մինչդեռ քաղաքական կուսակցությունները օրենքում բազմաթիվ ոչ հստակ և սուբյեկտիվ որոշումների տեղիք տվող ձևակերպումներ են տեսնում: Օրինակ' 19-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը արգելում է հավաքն անցկացնել Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում «այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»:
Օրենքի այս հոդվածի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչեցված մտահոգություններին ՀՀ Արդարադատության նախարարն այսպես պատասխանեց. «Օրենքը չի կարող բոլոր դեպքերը կանխատեսել: Կյանքը շատ ավելի բազմազան է և բոլոր իրավիճակները կանխատեսել և դրանց համար լուծումներ տալ հնարավոր չէ։ Վարչարարության բոլոր սկզբունքներն այս պարագայում գործում են, և վարչական մարմինը ևս պետք է գործի առնվազն համաչափության սկզբունքով»:
Ի դեպ, այս դրույթի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել նաև միջազգային փորձագետ, Հակամարտությունների ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Նիլ Ջարմանը. «Այնպիսի հեռավորության վրա» արտահայտությունը չափազանց աղոտ է և պարզ չէ թե´ կազմակերպիչների, թե´ լիազոր մարմնի կամ ոստիկանության համար: Այս դեպքում կոնկրետ մարմնի գործունեությունը խանգարելու հնարավորությունը պետք է դիտարկվի որպես «ժամանակին, վայրին կամ եղանակին վերաբերող պայմանները» բնորոշող գործոն միայն, այլ ոչ թե հավաքի անցկացումն ընդհանրապես արգելելու պատճառ»:
Իրավաբան Աննա Մարալյանը կարծում է, որ «որոշակի հեռավորություն» ձևակերպումը շատ ընդհանրական է և կարող է տարբեր մենաբանությունների տեղիք տալ: «Պարզ չէ, թե այդ հեռավորությունը որքան պիտի լինի: Մինչդեռ նախորդ օրենքում հստակ սահմանաված էր' 150 մետրից ոչ պակաս: Մյուս կողմից, եթե հավաքը նշված կառույցների «բնականոն գործունեությանը» չի սպառնում, ապա ոչ մի օրենսդրական խոչընդոտ չկա դրանց մոտ հավաքներ կազմակերպելու համար»,- ասում է նա:
Քաղաքական ուժերը օրենքում ոչ հստակ ձևակերպումներ են տեսնում
«Առաջին հայացքից թվում է, որ սա մեղմ նախագիծ է, բայց չափազանց շատ սուբյեկտիվ որոշում կայացնելու լիազորություն է տալիս թե´ լիազոր մարմիններին' թե´ տեղական ինքնակառավարման մարմիններին, և թե´ Ոստիկանությանը, ինչը առանձին դեպքերում կարող է խոչընդոտել խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը»,- կարծում է ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Դաշնակցությունը բոյկոտեց օրենքի քվեարկությունը, քանի որ խմբակցության կողմից արված առաջարկությունների մեծ մասը չէր ընդունվել:
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը վերապահումով է մոտենում Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրենքներին, որոնք, իր կարծիքով, Հայաստանը տանում են դեպի կործանում: «Հավաքների ազատության մասին» օրենքը բացառություն չէ:
«Ժառանգության» դիրքորոշումն այն է, որ օրենքը պետք է լրջագույնս վերանայվի: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ' օրենքում ձևակերպումներն այնպիսին են, որ քաղաքական իշխանությանը հնարավորություն են տալիս կամայական մեկնաբանության դաշտում գործել և, ցանկության դեպքում, սահմանափակել խաղաղ հավաքները:
«Ընդհանուր առմամբ, ձևակերպումների շատ լուրջ խնդիր կա, որովհետև «հավաքների իրազեկում» հասկացությունը որքան էլ որ եվրոպացու համար ճիշտ է ձևակերպված, այնուամենայնիվ, հայ չինովնիկը դա ընկալում է որպես թույլտվության հայցում»,- ասում է Սաֆարյանը' հավելելով, որ հավաքների անցկացումը պետք է որպես կանոն միշտ բավարարվի, այլ ոչ թե մերժվի, իսկ մեր պարագայում օրենքի փոփոխության հեղինակները ավելի շատ խնդիր են դրել «իրավական մեխանիզմների տակ քաղաքական մոտիացիաներով սահմանափակել խաղաղ հավաքների ազատությունը»:
Օրենքի մասին գրեթե նույն կարծիքին է Հայ ազգային կոնգրեսը(ՀԱԿ), որն արդեն հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումն օրենքի վերաբերյալ: Ըստ ՀԱԿ-ի' օրենքի հեղինակները նպատակ են հետապնդել հնարավորինս սահմանափակել ՀՀ քաղաքացու' հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացումը, քանի որ անորոշ ձևակերպումները կամայական որոշումների հնարավորություններ են ընձեռում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Օրինակ' ո՞վ է որոշելու կամ ի՞նչ չափանիշների հիման վրա է որոշելու կոնկրետ իրավիճակում հավաքի ազատության իրավո՞ւնքն է գերակա, թե՞ հանրության շահերն ու այլ անձանց սահմանադրական իրավունքները:
ՀԱԿ-ի կարծիքով' մտահոգիչ է, որ նոր օրենքում հստակ նշված են մասնակիցների պարտականությունները, բայց նշված չեն իրավունքները, որը կար նախորդ օրենքում, նաև ավելացել են հավաքների իրազեկման համար ներկայացվող պահանջները:
ՀԱԿ-ը «պայթյունավտանգ» է համարում օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետը, ըստ որի նույն ժամին, նույն վայրում կարող է անցկացվել այլ' «այդ թվում' հակադարձ ուղղվածությամբ հավաք», եթե չկա «մասնակիցների բախման անմիջական վտանգ»: «Կարծում ենք' լրացուցիչ հիմնավորման կարիք չկա, թե ինչ մեծ վտանգ է իր մեջ պարունակում վկայակոչված նորմը, եթե վարչախումբը մի օր որոշի, որ ընդդիմությանը Ազատության հրապարակից պետք է հեռացնի ոչ թե ոստիկանության, այլ իշխող կոալիցիայի համակիրների միջոցով»,- եզրակացնում են ընդդիմադիրները:
Օրենքին ծանոթանալով' այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները ցանկացել են «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել»' և´ հաճոյանալ միջազգային կառույցներին, և´ պետական մարմինների լիազորությունները չսահմանափակել: ՀՀ Արդարադատության նախարարի վկայակոչած վարչարարության սկզբունքները (համաչափության, հայեցողական լիազորությունների սահմանափակման, կամայականության արգելքի սկզբունք և այլն) գուցե կայացած ժողովրադավարություն ունեցող երկրներում գործում են: Բայց Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, հավաքը ցրելու ոստիկանության ձեռնարկած, իրենց կարծիքով' «համաչափ գործողությունները» կարող են իրավաչափ չլինել: Դրա վառ ապացույցը 2008-ի մարտի 1-հայտնի դեպքերն են, որոնց համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Հետևաբար, տարօրինակ չէ, որ օրենքի անորոշ ու լղոզված ձևակերպումների շուրջ մտահոգությունները հագեցրել են նրան, որ քաղաքական որոշ ուժեր հստակ սահմանափակումներով նախկին օրենքը գերադասում են անորոշ ազատություններ սահմանող նոր օրենքից:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
