ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թոմաս Համարբերգ. լրացուցիչ ջանքեր են հարկավոր հասարակության վստահությունը վերականգնելու համար

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույց' հիմնված իր հունվարյան այցի վրա: Նա անդրադարձել է 2008 թ.-ի մարտյան դեպքերին, արտահայտվելու և հավաքների ազատությանը, ինչպես նաև' բանակում մարդու իրավունքներին:
«Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն ցուցաբերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում և պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»,- մարտյան դեպքերի առնչությամբ ասվում է զեկույցում:
Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին բաց թողնել այդ օրերին կալանավորված մարդկանց, միաժամանակ նշելով, որ լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու և հասարակության հաշտեցման համար:
Անդրադառնալով արտահայտվելու ազատությանը'Թոմաս Համարբերգն անհրաժեշտ է համարել քայլեր ձեռնարկել' խուսափելու զրպարտության և վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող չարդարացված բարձր տուգանքներից: Միևնույն ժամանակ նա կոչ է անում խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման արդյունավետ մեխանիզմները:
Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել նաև խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական և անհամարժեք արգելքների առնչությամբ և կոչ արել իշխանություններին վերանայել խոսքի և հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը' այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին:
«Լրատվամիջոցների բազմակարծությունը և խաղաղ հավաքների անցկացումը, ներառյալ' նրանց քննադատական մոտեցումներըը, պետք է երաշխավորված լինեն պետության կողմից»,- կարծում է Թոմաս Համարբերգը:
Զինված ուժերում ոչ պատերազմական իրավիճակում արձանագրված սպանությունները, խոշտանգումները կանխելու համար Մարդու իրավունքների հանձնակատարն իշխանություններին կոչ է արել ակտիվացնել ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ, հետևյալ առաջարկով.
«Հայկական բանակում մարդու իրավունքների իրավիճակը բարելավելու համար մի տարբերակ է մարդու իրավունքների անկախ մոնիթորինգի կարևորումը, ինչը պարբերաբար հիմնավոր գնահատականներ և կոնկրետ առաջարկներ կտրամադրի երկրի ղեկավարությանը' մարդու իրավունքների խախտումների և տեղական օրենքների' միջազգային չափանիշներին անհամապատասխանության վերաբերյալ»:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ամբողջական զեկույցին ծանոթացեք անգլերենով:
