Բաց չեն թողնում ծայրահեղ անառողջ վիճակում գտնվող դատապարտյալին

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է, որ մահացու հիվանդություններով տառապող դատապարտյալ Վիգեն Նավասարդյանին պետք չէ վաղաժամկետ ազատ արձակել, քանի որ նա 4 անգամ նախկինում եղել է դատապարտված և ծանր հանցագործություն է գործել:

Այս որոշումը Վերաքննիչը կայացրել է 2011թ.-ի մարտի 22-ին՝ անփոփոխ թողնելով Երևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Նավասարդյանը ընդամենը ուզում է դուրս գալ և հանգիստ պայմաններում մահանալ, քանի որ բոլորովին վերջերս մեծ քանակությամբ ջուր են հանել նրա օրգանիզմից, ու նա գտնվում է ծայրահեղ վատ վիճակում»,- ասում է  Լաուրա Գասպարյանը, ով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է։

Նշենք, որ Նավասարդյանը վերջին՝ հինգերորդ անգամ, դատապարտվել է 2007թ. հունիսին Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 26.06.2007թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 1-3 կետերի համաձայն (Ավազակություն՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակում, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

14.02.2011թ-ին միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից դատապարտյալ Նավասարդյանը ստացել է հետևյալ ախտորոշումը՝ «Լյարդի մանր հանգուցային ատրոֆիկ ցիրոզ, Ասցիտ, հեպատոլիենալ սինդրոմ, լյարդ-բջջային անբավարարություն 3-րդ աստիճանի դեկոմպեսացիայի փուլում, խրոնիկ բրոնխիտ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոց, էրոզիվ անտրալ գաստրիտ»:

Հաշվի առնելով այս փաստերը՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդություն էր ներկայացրել Երևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածը կիրառելու և հիվանդության պատճառով պատիժը կրելուց ազատելու վերաբերյալ, որն էլ հետագայում մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ:

«Դատապարտյալ Վիգեն Ցոլակի Նավասարդյանի անձնական գործի նյութերից երևում է, որ Վ.Նավասարդյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է այդ թվում նաև՝ ծանր հանցագործություններ կատարելու համար, ուղղման ճանապարհին չի կանգնել և պատժից ազատվելուց կամ պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո կատարել է նոր ծանր հանցագործություններ»,- ասված է դատարանի որոշման մեջ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը www.hra.am-ին հայտնում է, որ նա միակ հիվանդը չէ, ով իրավունք ունի օրենքով ազատ արձակվել և հանգիստ մահանալ։

«Իմ դիտարկումներով՝ այս պահի դրությամբ կան այդպիսի մոտ 5-6 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, ընթացակարգային վիճակում են գտնվում դատարաններում ու շատ հնարավոր է, որ մինչև որոշեն ազատել, մահանան: Բայց հույս ունենք, քանի որ ազատ արձակելու պրակտիկա կա, անցյալ  տարի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից մեր հետևողականության շնորհիվ այդպիսի մի դեպք ունեցել ենք»,- ասում է Լ. Գասպարյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է, որ դատարանի նման դիրքորոշումն այս պարագայում հակամարդկային է ու սուբյեկտիվ, քանի որ եթե նախարարությունն արդեն իսկ համարում է, որ կալանավորը պետք է ազատվի օրենքով սահմանված հիվանդությունների դեպքում, այդ պարագայում դատարանի մերժումները իրավապաշտպանը «անհասկանալի» է որակում:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am