ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԶԼՄ–ները հազվադեպ են դիմում դատարան

Մինչ պետական պաշտոնյաները շարունակում են լրատվամիջոցների դեմ դատական արշավը, ԶԼՄ-ներն ավելի հազվադեպ են դիմում դատարան իրենց խախտված իրավունքների վերականգնման համար:
Առավել հաճախ խախտվում է լրագրողների՝ տեղեկատվություն ձեռքբերելու և տարածելու իրավունքը: 2003թ.-ից գործում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի' բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցը լսելուց անմիջապես հետո կամ հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ գրավոր հարցմանը՝ 5-օրյա ժամկետում: Եթե տեղեկատվության տրամադրումը պահանջում է լրացուցիչ աշխատանք (հավաքագրում և մշակում)՝ հարցվողը կարող է պատասխանել մինչև 30-օրյա ժամկետում, սակայն 5 օրվա ընթացքում պետք է գրավոր տեղեկացնի ձգձգման պատճառները և տեղեկատվության տրամադրման մոտավոր ժամկետը:
Դժվար թե գտնվի մի լրագրող, ում տեղեկատվություն ստանալու իրավունքը երբեք չի խախտվել, սակայն նրանց գերակշիռ մասը խնդրի լուծումը գտնում է այլ ճանապարհներով և դատարան չի դիմում:
«Կարծում եմ՝ ԶԼՄ աշխատակիցների առօրյա զբաղվածությունն է պատճառը, որ հաճախ անտեսում են իրենց իրավունքների խախտումները և փորձում են այդ պահին լուծում գտնել։ Նաև ֆինանսական հնարավորություններն են պատճառը, ինչպես նաև՝ դատական քաշքշուկների մեջ ընկնելու ցանկության բացակայությունը»,- ասում է Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Լրագրողներին Ա. Մելիքյանը խորհուրդ է տալիս դիմել լրագրողական կազմակերպություններին և իրենց իրավունքների պաշտպանության բեռը թողնել նրանց։
2011թ.-ից մինչ օրս տեղեկատվության ազատության իրավունքի խախտման հիմքերով ոչ մի լրագրող չի դիմել դատարան: Ընթացքի մեջ է հետաքննող լրագրող Երանուհի Սողոյանի հայցի քննությունը: Նա դեռևս անցած տարվա հուլիսին 8 հարցից բաղկացած հարցում էր ուղարկել Գյումրու քաղաքապետին, որին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է 5 ամիս ուշացումով և ոչ լիարժեք: Լրագրողը դիմել է ՀՀ վարչական դատարան, որից հետո Գյումրու քաղաքապետարանից մի պատասխան է ստացել, որում տեղեկություններ տրամադրելու փոխարեն քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը փորձել է հիմնավորել տեղեկատվություն չտրամադրելու պատճառները:
Տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար պաշտոնյաների, տարբեր մարմինների և կազմակերպությունների դեմ հայցեր ավելի շատ ներկայացնում են ԶԼՄ ոլորտում գործող և այլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ:
«Մենք փորձում ենք հարստացնել դատական գործերը, որպեսզի պաշտոնյաները այլևս չկարողանան ասել՝ «վա̃յ, չգիտեինք, դրա համար օրենքը խախտեցինք»»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Կենտրոնի հայցերի մեծ մասը դրական լուծում է ստացել, պաշտոնյային պարտավորեցրել են տեղեկություններ տրամադրել, սակայն դատարանները խուսափել են օրինախախտ պաշտանյաներին ենթարկել վարչական պատասխանատվության:
Մեծ աղմուկ հանեց «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Նա փետրվարի 2-ին զանգահարել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին՝ ճշտելու, թե ինչո՞ւ է «Հայկական ժամանակ» օրաթերթից բարոյական վնասի փոխհատուցում պահանջում: Պատգամավորը կոպիտ էր խոսել, լրագրողին անվանել էր «տգետ» և հեռախոսը անջատել: Իսկ Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգին ի պատասխան, երբ իմացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, պատգամավորը սեռական բնույթի հայհոյանքներ էր տեղացել և վերջում ավելացրել՝ «լավ արեցի»:
Դեպքի հաջորդ օրը «Հետքը» հանցագործության մասին հաղորդագրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կից ուղարկելով հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հատուկ քննչական ծառայությունը գործի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել, քանի որ գտել էր, որ լրագրողի օրինական գործունեությունը չի խոչընդոտվել: «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը մարտի 1-ին քաղաքացիական հայցով դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել, որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1 մլն դրամ և փոխհատուցել փաստաբանական ծախսերը:
Քիչ չեն նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքերը, երբ նրանց արգելում են լուսանկարել, տեսանկարել և լուսաբանել ինչ-ինչ միջոցառումներ, իրադարձություններ:
Այդ մասին լրագրողները երբեմն բարձրաձայնում են ԶԼՄ-ների միջոցով, սակայն գործը դատարաններին չի հասնում:
2010թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված մի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցել «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի դեմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով: «Շանթ»–ի նկարահանող խումբը Սևան է գնացել «աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը լուսաբանելու նպատակով» (ինչպես նշված է քրեական գործում) և իմացել է, որ տեղի կրոնական կազմակերպություններից մեկի հավաքատեղին Սևանի նախկին կինոթատրոնի շենքն է: Լրագրողներին չեն թույլատրել նկարահանումներ անել և դուրս են հրավիրել շենքից: Սակայն, այնուամենայնիվ, լրագրողները բարձրացել են 2-րդ հարկ և նկարահանել, ինչին միջամտել է կրոնական կազմակերպության ղեկավարը: «Շանթի» օպերատորի խոսքերով՝ Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն:
Փաստաբան Ռևազյանը (Վ. Բաղդասարյանի պաշտպանը) պնդում է, որ լրագրողները ներխուժել են Բաղդասարյանի և ևս երկու անձանց մասնավոր սեփականություն հանդիսացող շենք, որը քրեորեն պատժելի է: Սակայն սեփականության իրավունքը խախտելու մասին իրենց ներկայացրած հայտարարությանը ընթացք չի տրվել, փոխարենը՝ դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ։ Գործը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած «Հայաաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» եռամսյակային զեկույցի տվյալներով՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 4 խախտում է արձանագրվել և 15 ճնշում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ, որից 10-ը միայն լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերն են:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
