ՄԻՊ. սեփականության իրավունքի կոպիտ խախտումները շարունակ կրկնվում են

ՀՀ Մարդու իրավունքների պաշտան Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել է սեփականության իրավունքին։ Պաշտպանի գրասենյակ դիմած քաղաքացիների սեփականության իրավունքի խախտումները Կ. Անդրեասյանը դիտարկել է մի քանի  խմբերով։

Առաջին խմբում նա դիտարկել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ ուղղված բողոքները, որոնք  վերաբերում են դատական ակտերով ճանաչված իրավունքները չգրանցելուն, ժառանգության իրավունքների գրանցումները տարբեր պատճառաբանություններով մերժելուն, անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելուն:

«Այս գործերում մարդու սեփականության իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտումները կրկնվում են տարիներ շարունակ: Առանձին դեպքերում Պաշտպանի գրասենյակի համառ միջամտությամբ հաջողվել է ստանալ դրական արդյունք, սակայն  նույնատիպ խախտումների պարբերական կրկնությունը վկայում է համակարգային հիմնախնդրի առկայության մասին»,- կարծում է Կ.Անդրեասյանը:

Նա առանձնացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից դատարանի վճիռների չկատարման դեպքերը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հաճախ ոչ պատշաճ հետևողականությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները իրականացնելու գործում:

«Այն դեպքերում, երբ պետական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պարտապանը չի կատարում վճռի պահանջը, հարկադիր կատարողների կողմից չեն կիրառվում օրենքով սահմանված ներգործության միջոցները, այդ թվում' դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրավախախտներին չի ենթարկում վարչական պատասխանատվության»,- ասում է ՄԻՊ-ը։

Պաշտպանը շարունակում է ստանալ բողոքներ' հասարակության և պետության կարիքների համար օտարված գոտիներում գտնվող տարածքների սեփականատերերից և գույքային այլ իրավունքներ ունեցող անձանցից, որոնք վերաբերում են  թե' փոխհատուցման և թե' պետության կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության խնդիրներին: