Ապաքրեականացում. դրական և բացասական հետևանքներ

Դատարանը բավարարել է «Հրապարակ» օրաթերթի' դրամական միջոցների վրայից արգելանքը հանելու միջնորդությունը, և թերթը կշարունակի բնականոն հունով աշխատել։ Թերթի դրամական միջոցների վրա արգելանք էր դրվել այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրավորանքի և զրպարտության հոդվածներով գործ էր հարուցել թերթի դեմ՝ որպես փոխհատուցում պահանջելով հերքում և 6 միլիոն դրամ։

Արգելանքը կիրառվել էր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ դատավորներին հասցեագրված ուղերձի հրապարակումից հետո։ «Սա ցույց է տալիս, թե որքան հեղինակազրկված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»,- կոչին այսպես էր արձագանքել «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ հավելելով, որ պետք է ԶԼՄ-ների դեմ սկսված դատական արշավին հակազդելու գործընթացի մեջ ներքաշել օմբուդսմենին։

Նշենք, որ Կ.Անդրեասյանը որպես փորձագետ մասնակցել է վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացման և օրենքի մշակման գործընթացին, ինչի պատճառով որոշ խմբագիրներ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են համարում նաև օմբուդսմենին։

 Ապրիլի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է «Հրապարակի» խմբագրի հայտարարություններին՝ տալով որոշակի պարզաբանումներ։ 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ դատավորները յուրաքանչյուր վճիռ կայացնելիս պետք է ՀՀ օրենսդրությունը համադրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների հետ։ Դրանք բոլորը օրենքում ներառել հնարավոր չէ, սակայն դատավորները պետք է տեղյակ լինեն և կիրառեն այդ սկզբունքները։

«Հետևաբար, այս օրենքի կիրարկման խնդիրը մեծապես կախված է  դատավորների անաչառ քննություն կատարելու, եվրոպական դատարանի պրակտիկայից բխող մեկնաբանություններին տիրապետելու և վնասին համարժեք փոխհատուցում սահմանելու ունակությունից»,- գրված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ օմբուդսմենը արել է այն, ինչ իր իրավասությունների շրջանակում է, խնդիրը դատական համակարգի մեջ է։

«Ես պնդում եմ, որ ապաքրեականացումը պրոգրեսիվ քայլ էր, բայց Հայաստանն այնպիսի երկիր է, որ նույնիսկ պրոգրեսիվ քայլը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»,- ասում է Մելիքյանը՝ մատնանշելով երկու հիմնական պատճառ՝ դատական համակարգի ոչ անկախ լինելը և հասարակության (այդ թվում՝ քաղաքական էլիտայի) անհանդուրժողականությունը քննադատության հանդեպ։

Օրենքի հիմնական թերությունները, ըստ փորձագետի, անհամաչափ մեծ տուգանքներն են և վիրավորանքի ու զրպարտության ոչ հստակ ձևակերպումները, որոնք կարող են սուբյեկտիվ մեկնաբանությունների տեղիք տալ։ Ըստ Մելիքյանի՝ դրամական մեծ փոխհատուցում պահանջելով, քաղաքական գործիչները պարզապես ցանկանում են պատժել և հաշվեհարդար տեսնել իրենց քննադատողներին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել է վիրավորանքի և զրպարտության հոդվածով 10 դատական հայց լրատվամիջոցների դեմ, ևս 3 հայց եղել է 2010-ին՝ հոդվածների ապաքրեականացումից հետո։

Թեև ԶԼՄ-ների դեմ դատական հայցերն աննախադեպ շատ են եղել, ինչը մտահոգում է ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչներին, սակայն Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ դա նաև իր դրական կողմն ունի. «Կոնֆլիկտները բռնունցքներով չեն լուծվում»։

ԶԼՄ-ների դեմ արշավը դատապարտող  հայտարարություններով են հադնես եկել «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԱԿ-ը։

Ըստ ԽԱՊԿ-ի հրապարակած հաշվետվության՝ 2011-ի առաջին եռամսյակում լրագրողների դեմ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, այլ բնույթի ճնշման 15 դեպք է գրանցվել՝ ներառյալ 10 դատական հայցերը։ Տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը 4-ն են։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am