Բախվում են հանրային գերակա շահը և քաղաքացու սեփականության իրավունքը (Վիդեո)

Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի 10 ընտանիքներ համաձայն չեն ՀՀ կառավարության 2010թ-ի փետրվարին ընդունված որոշման հետ, ըստ որի՝ իրենցից վերցնում են իրենց սեփականությունը հանդիսացող 96 հա հողատարածքը՝ դրա տեղում հանքային ջրերի գործարան կառուցելու համար:

Մարտի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ այս գործով հերթական դատը, ըստ որի՝ «Էլ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն պահանջում է գյուղացիներին օտարել իրեն պատկանող տարածքը: Փաստաբանները համոզված են, որ նրանց պահանջը անօրինական է:

Դատը պատասխանող կողմի փաստաբանների միջնորդությամբ տեղափոխվեց, որպեսզի նրանք ժամանակ ունենան ծանոթանալ գործի նյութերին, հայցվոր կողմը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ hra.am -ին դատարանից դուրս:

ՀՀ կառավարության որոշման համաձայն այդ հողերը ճանաչվել են որպես բացառիկ գերակա հանրային շահ ներկայացնող տարածք, և վաճառվել են «Էլ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին, որի տնօրենը Արամ Աբրահամյանն է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը, իսկ սեփականատերը, գյուղացիների համոզմամբ, Արաբական Միացյալ էմիրություններից Մուհամմեդ Մուսալլամն է, ով 2009թ. արձանագրություն է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:

«Մեր միակ ունեցվածքն է, մեր ապրուստի միակ միջոցը, որ մեր ձեռքից վերցնում են ու մեզ ամեն ինչից կտրում են, ու չեմ ուզում փոխհատուցման մասին խոսել, քանի որ դրանք կոպեկներ են 78 դրամ մեկ քառակուսի մետրին, այն դեպքում երբ այդ տարածքում կատարված առք ու վաճառքի համաձայն 1 քառակուսի մետրը վաճառվել է 6,5 դոլարով, այսինքն՝ հեկտարը 65000 դոլարով են գնել, իրանք փոխհատուցում են 2000 դոլար»,- hra.am -ին ասում է գյուղի բնակիչ Երվանդ Նալթակյանը, ով ունի 1,3 հա տարածք, որտեղ հիմնականում կարտոֆիլ է ցանում:

Գուրգեն Ղազարյանն էլ մեկ ուսանողի և 2 դպրոցականի հայր է, ասում է, որ պայքարելու է մինչև վերջ իրենց հողերի համար:
«Հողերը վերցնելու դեպքում աննպատակահարմար եմ համարում այդտեղ ապրելը, քանի որ գյուղացին առանց հող՝ էլ ինչ գյուղացի, դեռ պայքարում ենք, որ գոնե համարժեք հող մեզ տան»,- hra.am -ին հայտնում է Ղազարյանը։
Հողատարածքից զրկվող ընտանիքները մոտ 90-ն են, որոնցից միայն 10-ը այսօր չեն համաձայնվում ընդունել

փոխհատուցումը և հանձնել հողերը: Նրանք արդեն բողոքարկել են ՀՀ կառավարության որոշումը, որով հողերը ճանաչվել էին որպես բացառիկ գերակա հանրային շահ ներկայացնող տարածք, սակայն արդյունքի չեն հասել:
Մարտի 28-ից գյուղացիների պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Գոռ Մարգարյանը և Մարիամ Ղուլյանը նշում են, որ իրականում այս պահին հողերը ձեռքբերողը չի կարող պահանջել այդ գույքը իրեն օտարել, որովհետև արդեն հրաժարվել է դա ձեռք բերելուց իր անգործությամբ:

«Ձեռքբերողը օրենքով սահմանված որոշակի ընթացակարգ պետք է անցնի և որոշակի հստակ սահմանված ժամկետներում գործողություններ պետք է կատարի... ձեռքբերողը պարտավոր էր մինչև 2010թ դեկտեմբերի 17-ը օտարման հայցադիմումը ներկայացնել դատարան, այնինչ օտարման դիմումը ներկայացվել է դատարան 2011թ-ի փետրվարի 18-ին»,- hra.am -ին հայտնում է փաստաբան Ղուլյանը:

Նրա հավաստմամբ՝ «Հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման մասին» օրենքի 16-րդ հոդվածը հստակ սահմանում է հետևանք ձեռքբերողի անգործության համար.
«Այսինքն՝ հստակ օրենքը նախատեսում է, որ եթե ժամկետներից որևէ մեկը չի պահպանվել, ապա ձեռքբերողը համարվում է սեփականությունը ձեռք բերելուց հրաժարված, իսկ կառավարության համապատասխան որոշումը տվյալ սեփականատիրոջ մասով համարվում է անվավեր: Այսինքն՝ տվյալ պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ օրենքի ուժով նույն այդ հասարակության և պետության կարիքների օտարման համար օրենքի ուժով ձեռքբերողը արդեն իսկ հրաժարվել է մեր կողմից ներկայացվող գյուղացիների հողերը ձեռք բերելուց, սակայն միևնույն ժամանակ դիմել է դատարան օտարման պահանջով»,- ասում է Ղուլյանը.

Փաստաբանները պարզել են նաև, որ «Էլ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն գրանցվել է ՀՀ կառավարության տվյալ որոշումը ընդունելու օրը, այսինքն՝ նախքան ձեռբերող դառնալը չի ներկայացրել դիմում, որով պետք է հիմնավորեր, թե ինչու է ուզում գնել այդ տարածքները և չի անցել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ իր դիմումի համար հաստատում ստանալու համար:

«Խախտվել է նաև Եվրոպական Կոնվենցիային կից թիվ մեկ արձանագրության առաջին հոդվածը առկա սեփականության պաշտպանության... եթե, իհարկե, այս դատական գործընթացում, որի մեջ մենք գտնվում ենք, հայցը բավարարվի, կստացվի որ անձանց սեփականության իրավունքից զրկել են առանց որևէ իրավական հիմքի, որովհետև այս պահին չկա ՀՀ-ում մի օրենսդրություն, որը նախատեսեր, որ այդ ժամկետը բաց թողնելուց հետո ձեռքբերողը դեռևս իրավունք ունի դիմել դատարան և պահանջել օտարել իրեն պատկանող սեփականությունը»,- հայտնում է Ղուլյանը:

Նրա համոզմամբ խախտվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որն արդեն առնչվում է ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ:
Փաստաբանները պատրաստվում են ՀՀ կառավարության որոշումը վիճարկելու հայցադիմում ներկայացնել նախ նրա համար, որ, ըստ իրենց հավաքած փաստերի, կառավարության որոշումն արդեն անվավեր պետք է ճանաչել, բացի այդ՝ չի ապացուցված տվյալ հողատարածքները որպես բացառիկ գերակա հանրային շահ ներկայացնող տարածք ճանաչելու անհրաժեշտությունը:

«Հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ՝ գերակա հանրային շահի որոշման սկզբունքներից են նրանք, որ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և որ գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

Նույն օրենքի համաձայն՝ գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝
ա) պետության պաշտպանության, պետության ու հասարակության անվտանգության ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը.
գ) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովումը.
դ) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
ե) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը.
զ) էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը.
է) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը.
ը) արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:

Այս գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 5-ը ժամը 15:00, որի ժամանակ էլ պարզ կդառնա՝ արդյո՞ք այս քաղաքացիական 2 գործերը կանցկացվեն մեկ վարույթում և մեկ դատավորի կողմից, թե ոչ, քանի որ այսօր այն ընթանում է երկու դատավորների նախագահությամբ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am