Դատարանը հարգելի է համարել վճռի բողոքարկման ուշացումը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը մարտի 22-ին վճռեց հարգելի համարել իր կողմից կայացրած վճռի բողոքարկման ժամկետի ուշացումը, քանի որ փոստը թերացել է այն ժամանակին առաքել հասցեատերերին:

Իսկ հասցեատերերը երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ
են՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»:
ՀԿ-ները առաջին ատյանի դատարանից պահանջել էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ առ այն, որ 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը, առանց դատարանի որոշման, գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով ապօրինաբար պահվել է անազատության մեջ և այնուհետև նույն անձի հրամանով ազատ արձակվել:
Հայցը մերժվել էր, իսկ Վերաքննիչ դատարանը չէր ընդունել վերաքննիչ բողոքը, քանի որ վճիռը բողոքարկելու ժամկետը սպառված էր:
Ուշացումը դատարանի կողմից համարվել է հարգելի, և առաջիկա օրերին իրավապաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը ` www.hra.am