ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համեմատական վերլուծություն աշխատողների և գործատուների իրավական պաշտպանվածության վերաբերյալ

Փորձելով զուգահեռներ անցկացնել աշխատողների և գործատուների իրավական պաշտպանվածությունների միջև` անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իրավական պաշտպանվածությունը: Իսկ դա իրենից ներկայացնում է օրենսդրական կարգով իրավունքների ամրագրվածություն և պատշաճ մեխանիզմների սահմանում և ապահովում` այդ իրավունքների պաշտպանություն իրականացնելու համար:
Այսինքն` համեմատական կարգով վերլուծելու համար աշխատանքային հարաբերություններում հակադարձ շահերով օժտված սուբյեկտների իրավական պաշտպանվածությունը անհրաժեշտ է`
Ա. Վերլուծել օրենսդրական կարգով ամրագրված նրանց իրավունքները,
Բ. Վերլուծել այդ իրավունքների օրենսդրական կարգով ամրագրված պաշտպանության մեխանիզմները:
Ա. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (այսուհետև` Օրենսգիրք կամ ԱՕ) մանրամասն սահմանում է թե´ աշխատողի, թե´ գործատուի իրավունքները, իսկ այն իրավունքները, որոնք ուղղակիորեն չեն սահմանվել Օրենսգրքի կոնկրետ նորմով, դրանց վրա կարելի է տարածել աշխատանքային օրենսդրության այլ նորմերը (օրենքի անալոգիա) կամ կարելի է բխեցնել աշխատանքային օրենսդրության սկզբունքերից (իրավունքի անալոգիա) - (Հոդված 10):
Աշխատողների և գործատուների իրավունքները սահմանված են Օրենսգրքով. Այդ թվում` աշխատանքային իրավահարաբերությունների ծագում (Հոդված 14, 36), իրականացում (Հոդված 37, 131-149 և այլն), պաշտպանություն (Հոդված 38) և դադարում (Հոդված 109-130):
Աշխատանքային օրենսդրության ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատանքային հարաբերությունների կարգավորվածությունը` որոշակի բացերով հանդերձ, բավական բարձր մակարդակի վրա է: Եվ այդ իրավական նորմերի զանգվածը ցույց է տալիս օրենսդրի վերաբերմունքը աշխատողի և գործատուի իրավական պաշտպանվածության նկատմամբ: Դա արտահայտվում է նրանում, որ աշխատողները` որպես աշխատանքային հարաբերություններում առավել խոցելի սուբյեկտներ, ապահովված են ավելի շատ իրավունքներով և դրանց ապահովման երաշխիքներով, քան գործատուները, քանի որ վերջիններս աշխատանքային հարաբերություններում աշխատողների նկատմամբ չարաշահումներ իրականացնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Աշխատողների իրավունքների վերաբերյալ իրավական նորմերն առավել մանրամասն և կոնկրետ են սահմանվում` ձգտելով բացառել գործատուի կողմից իր փաստացի հնարավորությունների չարաշահումը: Առավել մանրամասն դա արտահայտված է աշխատաժամանակի (Հոդվածներ 137-149), հանգստի ժամանակի (Հոդվածներ 150-177), աշխատավարձի (Հոդվածներ 177-199) և այլնի հետ կապված հարաբերությունները կարգավորելիս: Այս դեպքերում հարաբերությունների կարգավորումը հիմնականում կրում է իմպերատիվ բնույթ` գործատուի հնարավոր վարքագիծը սահմանափակելով մեկ տարբերակով:
Մյուս կողմից սա չի նշանակում, որ, քանի որ գործատուների հնարավորությունները փաստացի ավելի լայն են, նրանք չեն գտնվել օրենսդրի ուշադրության ներքո: Օրենսգիրքը սահմանում է նաև, որ աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է (Հոդված 37/1) և որ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին (Հոդված 216), իսկ գործատուի հիմնական իրավունքը կայանում է աշխատողից այս գործողությունների պահանջը:
Բ. Իսկ ինչ վերաբերում է իրավական պաշտպանության մեխանիզմներին, պետք է նկատել, որ Օրենսգիրքը լուրջ ուշադրություն է դարձրել իրավունքների պաշտպանության մեխանիզմներին` սահմանելով աշխատողների և գործատուների իրավունքների և շահերի պաշտպանությունը` որպես նպատակ, և անգամ, որպես սկզբունք, ամրագրել գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը) - (Հոդված 3/1-7., Հոդված 21):
Օրենսգիրքը սահմանում է իրենց իրավունքների պաշտպանության համար աշխատողների (Հոդված 23-26) և գործատուների (Հոդված 27) ներկայացուցչության ինստիտուտը, գործադուլի ինստիտուտը (Հոդված 73-82), աշխատողների անձնական տվյալների պաշտպանության երաշխիքները (Հոդված 131-136) և այլն:
Այստեղ նույնպես քանակի առումով աշխատողին իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս ավելի շատ են, լայն և մանրամասնորեն կարգավորված, քան գործատուներինը: Սա արտահայտվում է նաև նրանում, որ Օրենսգիրքը մանրամասնորեն նշում է աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության եղանակները` 1) իրավունքը ճանաչելով, 2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, 3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով, 4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով, 5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով, 6) իրավունքի ինքնապաշտպանությամբ, 7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով, 8) վնասի հատուցում ստանալով, 9) տուգանք (տուժանք) բռնագանձելով, 10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով, 11) օրենքով նախատեսված այլ եղանակներով (Հոդված 38):
Առանձնակի կարևորվում է աշխատանքային հարաբերությունների դադարեցման գործընթացը, քանի որ այդ ժամանակ առավել շատ են թե´ աշխատողների, թե´ գործատուների իրավունքների խախտման հնարավորությունը: Այստեղ աշխատողի իրավունքների պաշտպանվածության մեխանիզմները առավել շատ են, քանի որ, եթե աշխատողը իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, երբ ցանկանա` սահմանափակված լինելով միայն գործատուին գրավոր ծանուցման ձևով երեսուն օր առաջ իր ցանկության մասին հայտնելու պահանջով (Հոդված 112), գործատուի կողմից աշխատանքային հարաբերությունների դադարեցումն առավել խիստ է դնում ԱՕ-ը` հստակորեն նշելով հիմքերը (Հոդված 113) և դեպքերը (Հոդված 116-128), ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքները (Հոդված 114):
Ամփոփելով կարելի է նշել, որ աշխատանքային օրենսդրությունը, հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններում աշխատողի առավել շատ խոցելիությունը, այս հարաբերություններում աշխատողի և գործատուի իրավական պաշտպանվածությունը սահմանելիս շեշտը դրել է աշխատողների իրավունքների (համապատասխանաբար` գործատուների պարտականությունների) և դրանց պաշտպանության մեխանիզմների հստակ և ընդարձակ սահմանման վրա: Իսկ այն, թե որքանով է դա ստացվել, կամ թե որքանով է օրենսդրությունում առկա օրենսդրական բացերը, այլ հետազոտության առարկա են:
Տարոն Սիմոնյան
Փաստաբան, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս
Աղբյուր՝ www.hra.am
